Բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. Առաջադրվել են մեղադրանքներ


Բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. Առաջադրվել են մեղադրանքներ

  • 05-06-2018 18:47:38   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում: 
 
26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով: 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: 
Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: 
Մասնավորապես՝  նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը ևս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
  Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play