Հայազգի դերասանուհու կողմից Նյու Յորքում հիմնադրված SR Socially Relevant կինոփառատոնին ներկայացվում են սոցիալական խնդիրների մասին ֆիլմեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայազգի դերասանուհու կողմից Նյու Յորքում հիմնադրված SR Socially Relevant կինոփառատոնին ներկայացվում են սոցիալական խնդիրների մասին ֆիլմեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-06-2018 15:58:59   | Հայաստան  |  Հասարակություն



 
Նյու Յորքում ամեն տարի անցկացվող SR Socially Relevant կինոփառատոնում ներկայացվում են բացառապես սոցիալական խնդիրներին անդրադարձող ֆիլմեր: 
 
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, սոցիոլոգ, հայազգի դերսանուհի Նորա Արմանին: 
 
Ըստ նրա՝ նման կինոփառատոն ստեղծելու և ամեն տարի անցկացնելու գաղափարն առաջացել է իր այն մտահոգությունից, որ կինոարվեստում հակավայրագություն է տիրում: 
 
Ն. Արմանիի խոսքերով՝ հատկապես ամերիկյան ֆիլմերում այսօր հնարավոր չէ տեսնել մի պաստառ կամ ծանուցում, որի վրա զենք պատկերված չլինի:
 
«Փառատոնը մերժում է բռնության տարածումը, հետևաբար ֆիլմերում բռնությունների պատկերային նկարագությունը ևս մերժվում է  հանձնաժողովի կողմից:  SR Socially Relevant-ը շահույթ չհետապնդող  կինոփառատոն է, որի նպատակն է օգնել այն կինոռեժիսորներին, ովքեր իրենց ֆիլմերում բարձրացնում են սոցիալական հարցերի իրազեկությունը»,- ընդգծեց կինոփառատոնի հիմնադիրը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ կինոփառատոնի գոյության հինգ տարիների ընթացքում ցուցադրվել է 277 ֆիլմ աշխարհի 35 երկրներից: Ֆիլմերը ներառել են ներգաղթի, կանանց և աղջիկների, մարդկանց թրաֆիկինգի, կլիմայի փոփոխության, ծերացման, հոգեկան առողջության, հաշմանդամության, սոցիալական արդարության, անօթևանության կանանց իրավունքների թեմաները: 
 
«Կինոփառատոնն ամենամյա է և անցկացվում է մարտի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Ինքս հայ լինելով և ցանկանալով, որպեսզի հայ կինոռեժիսորներն էլ մասնակցեն այս միջազգային փառատոնին, անպայման ապահովում ենք վերջիններիս ներկայությունը: Այս տարի ունեցանք երկու կարևոր ֆիլմ. Առաջին ֆիլմի հերոսները հայերն էին Լիբանանում, Սիրիայում և Թուրքիայում, իսկ երկրորդ խաղարկային ֆիլմը պատմում էր Խորհրդային միության փլուզումից հետո անկախության ձեռք բերման անցումային շրջանի դժվարին տարիների մասին»,- փաստեց Ն. Արմանին: 
 
Նրա փոխանցմամբ՝ երկրորդ ֆիլմը, որի ռեժիսորը Դավիթ Սաֆարյանն է,  այս տարի արժանացել է առաջին մրցանակի: 
 
Նշենք, որ SR Socially Relevant-2019-ը կանցկացվի մարտի 15-21-ին Նյու Յորքի «Cinema Village» կինոթատրոնում: 
 
Նորա Արմանին London School of Economics-ի շրջանավարտ է, ով ավարտել է որպես սոցիոլոգ՝ արդյունաբերական ընկերությունների ռասսայական և էթնիկ փոխհարաբերությունների և սոցոլոգիական ուսումնասիրության մեթոդների մագիստրոսի կոչումով / M. Sc. Sociology ECON- University of London LSE/:
 
Վերջին երեք տարին աշխատել է որպես հաղորդակցության տնօրեն Director of Communications and Special Projects Manager/ Նյու Յորքում և Լոս Անջելոսում տեղակայաված շահույթ չհետապնդող The Arc/k Project կազմակերպության, որը նվիրված է ֆոտոգրամետրիի միջոցով 3D / եռաչափ/ պատկերներով համաշխարհային մշակութային ժառանգության թվային պահպանությանը:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն