ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու ծառայությանը կոչ ենք անում զբաղվել գիտնականի հնչեցրած փաստերի քննությամբ (տեսանյութ)


ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու ծառայությանը կոչ ենք անում զբաղվել գիտնականի հնչեցրած փաստերի քննությամբ (տեսանյութ)

  • 07-06-2018 21:35:09   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Սևանա լճում կառուցված բոլոր փոքր ՀԷԿ-երը, ստացվում է, որ օրենքը շրջանցել են:  Այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը (տեսանյութը` 7.02-ից): Իսկ ո՞ր օրենքը…
«Կա օրենք «Կենդանական աշխարհի մասին», որտեղ հստակ գրված է, որ այն տեղերը, որոնք հանդիսանում են բազմացման վայր էնդեմիկ կամ վտանգված («Կարմիր գրքում» գտնվող) կենդանիների, այնտեղ արգելված է որևէ գործունեություն,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Մեր հիմնական գետերը Սևանա լճում ինն են, որոնք հանդիսանում են հիմնական ձվադրավայր մեր էնդեմիկ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի բեղլուի և Սևանի կողակի համար: Փաստորեն այդ բոլոր գետերում պետք է արգելված լիներ, բայց համարյա բոլորի վրա հիմա կան փոքր ՀԷԿ-եր, ինչն արդեն հակասում է Հայաստանի օրենսդրությանը կենդանական աշխարհի մասին: Այն, որ փաստորեն Սևանա լճի ավազանի բոլոր գետերն այն պայմանները չունեն, որ մեր էնդեմիկ ձկնատեսակները կարողանան բազմանալ, փաստ է»:
Գիտնականի հավաստմամբ, տացվում է, որ պետությունը Սևանա լճի համար բավական մեծ գումարներ է ծախսում, բաց է թողնում իշխանի մանրաձկները, այնտեղ նրանք զարգանում, մեծանում են և երբ որ պետք է գնան բազմանալու այդ գետերում, դրա հնարավորությունը չունեն:
«Եվ խոսել այն մասին, որ մենք ունենք ձկան վերականգնված պոպուլյացիա Սևանա լճում, չենք կարող, քանի որ մինչև չլինի բնական վերարտադրություն, խոսել վերականգնման մասին չի կարելի, ինչքան էլ լցնեն,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Վերջապես, պետությունը չի կարող ամեն տարի գումար ծախսի, լցնի այդ մանրաձուկը, այս կողմից լցնի, այն կողմից որսագողերն օգտվեն, որսան»:
Կարող ենք հավաստել, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավարի վերոնշյալ ահազանգը միանգամայն համապատասխանում է իրականությանը: Հետևաբար ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու ծառայությանը կոչ ենք անում զբաղվել գիտնականի հնչեցրած փաստերի քննությամբ, գնալ դրանց հետքերով, այդ փաստերին տալ համապատասխան ընթացք` պարզել, թե ինչպես, ո՞ւմ հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում է հնարավոր դարձել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հիշյալ պահանջի ոտնահարմամբ Սևանա լիճ լցվող գետերի վրա բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի կառուցումը:
Անհրաժեշտ է պարզել նաև Սևանա լճում տեղական իշխանի պաշարների վերականգնման հայտարարված նպատակով պետական բյուջեից ահռելի միջոցների մսխումը հօգուտ ձկնագողերի, Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի գրեթե զրո արդյունավետություն ունենալու բոլոր պատճառները և այս ամենում առկա կոռուպցիան: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play