Համատիրությունների ինստիտուտը չի կարելի լուծարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Համատիրությունների ինստիտուտը չի կարելի լուծարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-06-2018 15:49:47   | Հայաստան  |  Հասարակություն



 
Համատիրությունների ինստիտուտը չի կարելի լուծարել. Այն շատ ավելի լավն է, քան քաղաքապետարանի կամ համայնքապետարանի ինստիտուտը: 
 
Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամ, «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը: 
 
Ըստ նրա՝ համապատասխան օրենքի նախագիծը կազմվել է նախորդ իշխանությունների կողմից , ինչը նշանակում է, որ նախագծում դրված է նախորդ իշխանության կառավարման տրամաբանություն այն դեպքում,  երբ հասարակությունը թավշյա հեղափոխության միջոցով մերժեց այդ համակարգը: 
 
«Ինձ համար անհասկանալի է, թե նոր իշխանությունները նոր տրամաբանության մեջ ինչու են նախորդ իշխանությունների տրամաբանությամբ գրված օրենքի նախագիծը դրել շրջանառության մեջ»,- նկատեց Ա. Գրիգորյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում և համատիրություններում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն փաստ է, որ վերոնշյալ օրենքի նախագիծն այդ խնդիրները չի լուծում: 
 
Բանախոսի փոխանցմամբ՝ կամ նշյալ նախագիծը կազմվել է մարդկանց խմբի կողմից, որոնք առկա խնդիրները լավ չեն պատկերացնում, կամ նախագծի հեղինակները խմբակային շահ են հետապնդել: 
 
«Օրենքի նախագծում նշված է, որ պետք է արհեստավարժ կառավարիչների ինստիտուտ ստեղծվի, որոնք կլինեն իրավաբանական անձիք, կամ անահատ ձեռնարկատեր, այսինքն՝ արդեն ֆունկցիաներ են դրել դրա մեջ: Նպատակը ժամանակի տրամաբանության մեջ հետևյալն է եղել, քանի որ շենքերը չեն ինքնակազմակերպվելու և չեն ստեղծելու իրենց կառավարաման մարմինը, ինչու, որովհետև չկա դրա պահանջը,  ապա այդ լիազորությունը վերապահել քաղաքապետերին ու համայնքապետերին: Ինչու է այդպես արվել, որովհետև քաղաքապետերի և համայնքապետերի կողմից նշանակված կառավարիչներին հեշտ է հրահանգներ տալը հատապես ընտրությունների նախաշեմին»,- ընդգծեց Ա. Գրիգորյանը: 
 
Իր հերթին «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամ, տնտեսագետ Լևոն Թումանյանը նշեց, որ այսօր համատիրությունները լավ չեն աշխատում, սակայն ինստիտուտը զարգացնելու և արդյունավետ դարձնելու փոխարեն փորձում են ինչ-որ բաներ հնարել: 
 
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ընտրություններն այնքան են վարկաբեկվել, որ շատ մեծ անվստահություն է առաջացել ընտրությունների նկատմամբ, այդ թվում նաև համատիրությունների: 
 
Բանախոսներն առաջարկում են նոր կառավարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին փորձագետների հետ քննարկումներ կազմակերպել, որոնց ընթացքում վերջիններս հնարավորություն կստանան հիմնավոր կերպով ներկայացնել նախորդ իշխանությունների կազմած օրենքի նախագծի թերությունները, նաև առաջարկել նոր լուծումներ:  
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն