Քրեական գործի շրջանակներում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Քրեական գործի շրջանակներում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-06-2018 15:38:56   | Հայաստան  |  Իրավունք



 
«Ասել, որ մինչև այս քրեական գործը Մանվել Գրիգորյանը մարդկանց մոտ ասոցիացվել է որպես դրական կերպար, նշանակում է՝ ստել։ Այո, Մանվել Գրիգորյանի անձի շուրջ պտտվել են բազմապիսի ասեկոսեներ, բայց նույն Մանվել Գրիգորյանի մասին սպարապետ Վազգեն Սարգսյանը պաշտոնապես արել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ 1994 թվականին պատերազմի 60 տոկոսը եղել է Մանվելի ուսերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: 
 
Ըստ նրա՝ քաղաքական և հասարակական շրջանակներում Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված մթնոլորտը չի կարող դրական ազդեցություն ունենալ օբյեկտիվ քննություն իրականացնելու տեսանկյունից: 
 
Լ. Բաղդասարյանի գնահատմամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, վերացնելու, ցեղը ջնջելու մասին օդում առկախված հայտարարությունները վկայում են, որ դա արդարադատություն չէ, այլ ինքնադատաստան:  
 
«Գիտեք, որ այս օրերին նրան անձամբ ճանաչող-չճանաչողները, բոլորն առանց բացառության ուրացան նրան»,- նկատեց փաստաբանը՝ շեշտելով, որ Մանվել Գրիգորյանին ուրացողներն ու կախաղան բարձրացնելու պահանջ ներկայացնողները ժամանակին լծված են եղել ընտրակեղծիքներ թույլ տալուն, ինչը նրա կարծիքով՝ ավելի ծանր հանցանք է: 
 
Նրա համոզմամբ՝ այս քրեական գործի շրջանակներում պետք է ուղղակի բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների, մերձավորների նկատմամբ: 
 
Լ. Բաղդասարյանը խոշտանգում որակեց Մ. Գրգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կալանքի կիրառումը, քանի որ նրա պնդմամբ՝ Մ. Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, որոնք անհամատեղելի են ընտրված խափանման միջոցի հետ: 
 
Նա նաև բաց նամակով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով հրապարակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին դադարեցնել տարբեր բնույթի ու տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի, մերձավորների նկատմամբ: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք