Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը. Շահան Գանտահարյան


Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը. Շահան Գանտահարյան

  • 30-06-2018 00:32:55   | Լիբանան  |  Վերլուծություն

 
 
Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը:
Քաղաքական ընկալելիությունը այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է` հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության եւ Թեհրան-Վաշինգտոն վարիվերումնային հարաբերությունները նկատի ունենալով:
 
Ուրեմն խնդիրը միջինարեւելյան տարածաշրջանի կամ Սիրիական պատերազմի առնչված ռազմաքաղաքական իրադրությունների հետ կապ չունի միայն: Թեհրանի դեմ հատկապես Վաշինգտոնի կողմից կիրառվող մեկուսացման քաղաքականությունը հատկանշվեց միջուկային համաձայնությունից հետ քաշվելով եւ պայմանագիրը ստորագրած երկրներին կոչ անելով չեղարկելու համաձայնությունը: Պատժամիջոցների վերաորդեգրման առընթեր կոչերը կշարունակվեն արգելակելու Իրանից գազի արտահանումը:
 
Այս պայմաններում Անկարան Վաշինգտոնի թելադրած խաղի կանոններին հետեւելու ոչ միանշանակ քայլեր  է առնում:
 
Թուրքիայի արտգործնախարարը հունիսի 26-ին հայտարարում էր, որ Թուրքիան անփոխարինելի դաշնակից է ո՛չ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր դաշնակիցների համար: Պետք է հասկանալ այստեղ նաեւ` Իրանի:
 
Նույն օրերին Կրեմլը հաղորդագրությամբ հայտարարում էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները համաձայնել են սերտորեն համագործակցել Սիրիայի տագնապի լուծման համար եւ անդրադարձել մարզում նավթի միացյալ ծրագրերի առաջնահերթությանը: Ուժանյութային/Նավթային-ռազմավարական ծրագրերի համաձայնեցման այս հայտարարությունը արվում էր զուգահեռ Իրանի մեկուսացման համար եւ վառելանյութի արտահանման դեմ մղվող ամերիկյան պայքարին, մինչ քաղաքական կոչերը կենտրոնանում էին իրանյան ուժերին սիրիական տարածքներից հեռացնելու հրամայականի վրա:
 
Թուրքական այս երկակի խաղը որոշ ճանապարհ անցել է արդեն եւ դեռեվս շարունակվելու նախադրյալներ  է պարզում: Բայց վերադառնանք տարածշրջանային ռազմավարական առանցքին եւ անմիջապես նկատի ունենանք, որ այդ առանցքային պետություններից երկուսի հետ ամերիկյան հարաբերությունները վերափոխվելու շեմին են:
 
Թուրքիայի նախագահի վերընտրության շնորհավորանքի առիթով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները շեշտել էին իրենց վճռակամությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, նախ` զինվորական հողի վրա: Նրանք նաեւ շեշտել էին Սիրիայի տագնապի լուծման համար միացյալ ճանապարհային քարտեզի  կարեւորությունը եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շարունակության անհրաժեշտությունը:
 
Իսկ հիմա արդեն խոսվում է Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման  նախապատրաստությունների մասին:
 
Առանցքի պետություններից Վաշինգտոնի հետ հարաբերաբար Անկարան եւ Մոսկվան այլ ուղղության վրա են գտնվում:
 
Վերադառանանք Էրդողանի վերընտրությունը Թեհրանի կողմից դրական եւ ողջունելի նկատելու հայտարարությանը եւ հիմա էլ նկատենք, որ հայտարարությունը կատարվել է ոչ թե նախագահական, ոչ թե արտգործնախարարի, այլ արտգործնախարարության խոսնակի աստիճանաչափով:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն