Այն ինչ Հայաստանում լսեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին...


Այն ինչ Հայաստանում լսեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին...

  • 10-07-2018 17:47:29   | Գերմանիա  |  Վերլուծություն

Այո, այն ինչին, որին այս օրերին մենք վկան ենք դառնում, դա սոսկալի դառն իրականություն է: Որ հայ ժողովուրդը, որ մենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության հաղթանակի շնորհիվ հանկարծ արթնացանք տանջալի մղձավանից և սկսեցինք հպարտ, ազատ, անկաշկանդ, լիաթոք շնչել, ապա այդ պահը շատ կարճ տևեց և մենք ընկանք հաջորդ վիհը, դարձյալ մղձավանջն է պատել մեզ, սակայն այս անգամ այն շաղախված է հպարտության հետ և ոգևորիչ է, որ վերջապես վերջին տասնամյակների ընթացքում իրենց պաշտոնները չարաշահած իշխանությունները և նրանց մերձավորները դատարանների առաջ են կանգնելու և պատասխան են տալու, իրենց անօրինական արարքների համար: Մյուս կողմից այդ գիտակցությունը նաև ցավատանջ է, հատկապես սփյուռքահայերիս համար, երբ լսում ենք, որ մեր օրերում, այն էլ մեր երազած հայրենիքում, պաշտոնակատար մարդիկ են գտնվել, ովքեր կորցնելով բոլոր մարդկայինը, նաև իրենց երեխաններին, նաև հայ կնոջը, նաև հայ մօրն են ներքաշել իրենց հանցավոր արարքների ոլորտը, փաստորեն նրանց էլ են հանցագործ դարձրել, սրբապղծելով մեր գիտակցության մեջ դարեր շարունակ սրբացրած հայ ընտանիքի կոչումը: 
 
Վերջերս ընկերոջս հետ մի զրույցի ընթացքում մտաբերեցինք այն իրողությունը, որ եղեռնից հետո իսլամական երկրներում ապաստան գտած հայության մոտ, գոնե վերջին հիսուն տարում, երբևէ չի գրանցվել իր ընտանիքի պատիվը արատավորող, այն է՝ հայ կանանց առևանգումների և բռնաբարությունների դեպքեր: Ապա, եկ հայ մարդ ու «մի' խելագարվիր», եթե լսում ես, որ մերօրյա հերոսի կոչում ստացած՝ վայ գեներալներ իրենց նման արարքներ են թուլ տալիս և մնում են անպատիժ: Ո՞վ է ստեղծել նման պայմաններ, այն էլ մեր աչքի առաջ, ռուսը՞, ո'չ, թուրքը՞, ո'չ, ադրբեջանցի՞ն, ո'չ, այլ, իրենց ազգային շղարշներով պատած՝ ՀՀՇ –ականներ, ՀՀԿ ականներ և այլոք... Այո, նման պայմաններ ստեղծել է՝ հայ մարդը, բարոյական բոլոր չափանիշներ կորցրած հայ վերնախավը: Նրանց հաջողվել է Լևոն Տեր- Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունների կողմից ստեղծած չարորակ մթնոլորտում սերմանել այնպիսի պայմաններ ու բարքեր, որտեղ իրենց ամեն ինչ թույլատրված էր:
 
Հատկապես ցավատանջ է գիտակցել, որ այդ մարդիկ դրսից չեն եկել, այլ արգասիքն են այն պոտենցիալ հանցագործ էներգիայի, որ տասնամյակներ շարունակ իշխանությունների և նրանց մոտ կանգնած անձերի կողմից գործադրվել և արմատավորվել է նաև հասարակության մեջ: Երկրում իշխել է, ոչ թե օրենքը, այլ անօրինականությունը: Իհարկե այդ ամենը ժառանգություն է նաև սովետական կարգերից, երբ պետության հաշվին հարստանալը, դիտվում էր որպես՝ «շնորհք», որպես՝ «ասպետական արարք»: Հենց այդ հանցավոր պոտենցյալն էր, որ 90-ական թվականների սկիզբներին հաղթող դուրս եկավ ազգային աննախադեպ զարթոնքի ընթացքում, երբ հերթական պայքար էր գնում՝ լավ ու վատի, օրենքի և անօրինականության միջև: ՀՀՇ-ականները աններելի կերպով չուզեցին հիմքը դնել իրավական պետության, և դա այն պարագայում, երբ նրանք շահում էին համայն հայության մեծամասնության վստահությունը: 
 
 
Դա 90-ական թվականներին էր, Դաշնային Գերմանիայում ՀՀ- յան առաջին դեսպան՝ Ֆելիքս Մամիկոնյանը նոր էր վերադարձել Հայաստանից: Երբ մի հավաքում, որտեղ բուռն վեճ էր գնում Հայաստանում իշխանության լծակների մոտ կանգնած նոր անձերի չարաշահումների մասին, նա որպես նորություն և նաև իր համար որպես չափազանց մտահոգիչ իրականություն, պատկերավոր ասաց. 
 
«Այն ինչ Հայաստանում այդ մասին ընկերներիցս լսեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին:» 
 
 
Այո նկատի առնելով այն հանգամանքը, թե ՀՀՇ-ականները ինչպիսի  ժառանգություն թողին, կարելի է ասել, որ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն հարգում է, ապա նա իր հրաժարականից հետո, երբևէ չպետք է զբաղվեր քաղաքականությամբ, որովհետև նման  իրողությունները նախ և առաջ նրա կողմից գլխավորած ՀՀՇ-ականների ստեղծած թալանի, հինը ավերելու ջանասիրության մեջ սեփական շահեր հետապնդելու մտայնությունն էր, որը հանգեցրեց ներկայիս իրավիճակին...
 
 
Սակայն այսօր ամենաարտառոցը այն է, որ ՀՀ կուսակցության անդամներից շատերը՝ նստած խորհրդարանում, կոկորդիլոսի արցունք են թափում, զարմանում են, իրենց անտեղյակ են ձևացնում... Այդ իրենք չեն, ախ, իրե՞նք, նրանք երբեք իրենց նման արարքներ թույլ չեն տա: Ո'վ Աստված, միթե՞ իրենց շարքերում նման բան կարելի է կատարվել... Հապա, ինչպե՞ս հասկանալ, որ երկրի գլխավոր դատախազը, անվտանգության ծառայությունները և ոստիկանությունը. անտեղյակ են ձևանում և չգիտեն, թե ինչե՞ր են կատարվել Էջմիածնում, Գյումրիում, Սյունիքում, փաստորեն երկրի չորս ծայրերում և այլուր, թե ինչպիսի տեռորի և ճնշման պայմաններ են ստեղծվել այդ վայրերում, երբ ահազանգեր հնչեցվել են բոլոր կողմերից, նույնիսկ սփյուռքահայության շրջաններում են դրանք հայտնի...
 
 
 
Այո, կարելի էր և՝ ոգևորված թավշյա հեղափոխության հաղթանակով, ավելորդ անգամ չհիշել անցյալ իշխանությունների՝ ագահության բոլոր սահմանները անցնող «շնորհքը», «ճարպկությունը», եթե երեկվա ընդդիմությունը այսօր զերծ լիներ, հայ վերնախավին հատուկ՝ իշխանամոլությունից: Անցյալում ի՞նչ է կատարվել և այսօր ի՞նչ է կատարվում նրանց շարքերում: Ահա այսպես. ամեն մեկը պետք է, որ իր կուսակցությունը ունենա, իրենը ստեղծի, ինչպես դա արել են շատերը և այսօր անում են՝ Ժիրայր Սեֆիլյանն ու այլոք: Ամեն ոք համարում է իր գաղափարները, իր ծրագրերը ամենաճիշտը և դժգոհում է ու զարմանք է հայտնում, որ մյուս կուսակցությունները պատրաստ չեն համագործակցել իրենց հետ, - Լևոն Տեր-Պետրոսյան և այլոք... 
 
 
Բայց, եթե նախկին իշխանությունների օրոք ուժերի նման ցրվածությունը ինչ որ տեղ հասկանալի էր, բայց ոչ արդարացուցիչ, ապա այսօր այն բոլորովին անհասկանալի է, եթե չասենք՝ աններելի է, որովհետև այսօր մենք վկան ենք մի այլ, բոլորովին նոր, բոլորովին տարբեր մի իրավիճակի, երբ թավշյա հեղափոխության երիտասարդ լիդերները բավականին կամք, ցանկություն ու համառություն են ցուցաբերում, երկրում իրավական պետության հիմքերը դնել: Սակայն մենք օր- օրի վկան ենք դառնում, թե ինչպիսի բազմապիսի ու բազմաթիվ, կարելի է ասել նաև ահռելի և անլուծելի են թվում այն բոլոր դժվարությունները, որոնք ամեն օր, ամեն ժամ ծառանում են նրանց դեմ: Փաստ է, որ թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց դեռ չի ամրապնդվել: Հին սիստեմի գլխավոր դերակատարը շատ հեշտ նահանջեց, որովհետև ստիպված էր, հրաժարականներ են տվել մի քանի այլ մեծ ու փոքր դերակատարներ, իսկ մյուսները, հին սիստեմի բոլոր աարտոնյալները իրենց տեղում են, վտանգը կա, որ ԱԺ- ի ընտրությունների հետաձգման պարագայում նրանք պատեհ առիթի սպասելով և այստեղ - այնտեղ տնտեսական ճգնաժամեր առաջացնելով, կփորձեն թիկունքից հարվածել հեղափոխությանը, կփորձեն խառնաշփոթություն ստեղծելով, ապակայունացնել դրությունը և զարկ տալ ժողովրդի դժգոհությանը: Այդ պատճառով էլ այսօր պահի հրամայակնն է, որ հեղափոխության մոտ կանգնած անձերը, խմբերը, չդիմեն կինտրոնախույս քայլերի: Բոլորովին անհասկանալի է, ավելորդ և անթյուլատրելի նոր կուսակցություններ ստեղծելը: Բոլորիս պարզ է, որ Թավշյա հեղափոխությունը հաղթանակեց Նիկոլ Փաշինյանի՝ երկարամյա ընդդիմադիր, հետո որպես ԱԺ-ի պատգամավորի՝ համառ, համարձակ, գրեթե միայնակ պայքարի շնորհիվով վայելում էր մեծ ժողովրդականություն: Պետք է ամբողջ ուժերով աջակցել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը, լրացնել, բազմացնել նրա շարքերը, որպեսզի ապագա ԱԺ-ում ընտրված կառավարությունը ձայների «ջախջախիչ» մեծամասնություն ունենա, միայն այն ժամանակ հնարավոր կլինի ավելի համարձակ և հիմնական պայքար մղել կոռուպցիայի դեմ և արմատական քայլեր անել վերափոխումների և երկրում անդառնալի ժողովրդական պայմաններ ստեղծել:
 
 
Մի այլ իրական վախ կա, որ այսօրվա Հայաստանի ներքաղաքական դաշտում և Ազգային Ժողովում առկա կուսակցությունների բազմազանության հետևանքը լինելու է այն, ինչը տեղի է ունենում Եվրոպայի մի շարք երկրներում՝ Իտալիայում, Հունաստանում, անցյալ տարի նաև Գերմանիայում: Այն է՝ ոչ մի կուսակցության, կամ խմբակցության չի հաջողվում կառավարություն կազմել, կամ, լավագույն դեպքում՝ այդ ընթացքը լինում է շատ դժվար և կոմպրոմիսի դեպքում, ստեղծվում է թույլ և ոչ կայուն կառավարություն: Իսկ բոլորս գիտենք, որ Հայաստանի դեպքում դա կնշանակեր պետականության հիմքերի խարխլում և ապագայի վտանգում: Հենց այդ հանգամանքն էլ համարվում է խորհրդարանական ընտրությունների միջոցով կառավարության կազմելու թույլ և բացասական կողմ: Նման հեռանկարը աչքի առաջ ունենալով, ինքնաբերաբար հիշում ես Շահան շահնուրի հայությանը բնորոշող հետևյալ հանդիմանական խոսքերը.
 
 
Հայը կը խորշի, կը սոսկայ հպատակութեան գաղափարէն. պզտիկութիւն կը համարէ ուրիշի մը մտածումը բաժնելով միաբանիլ ու գործակցիլ անոր, երբոր հրամայողը ինք չէ: Ինք ինք է և ինք բան մը չէ... 
 
 
Այստեղ ավելորդ չէր լինի մեջբերել Պարոն Ավետիք Իշխանյանի՝ «Հայկական Ժողովրդավարութուն» հոդվածի եզրափակիչ խոսքը, որը տեղադրված է հուլիս 5-ի «Հետք»-ի կայքէջում: Որտեղ քննարկվում է 1919-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ընթացքը: Հոդվածում նա ախտորոշում է կատարում, մատը դնում է վերքի վրա, որակում է մեզ բոլորիս, իսկ դա պետք է մեզ չհուզի, չվիրավորի, որովհետև մենք դրա պատասխանը չունենք: 
 
 
«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ (ընտրություններ կեղծելու պրակտիկան)և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն այն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։
 
 
 
Սամվել Հովասափյան
Բեռլին, հուլիս 2018
Նոյյան տապան  -   Վերլուծություն