Նոր իրավիճակ Ադրբեջանում. հիմա հնձում են այն, ինչ ցանել են


Նոր իրավիճակ Ադրբեջանում. հիմա հնձում են այն, ինչ ցանել են

  • 12-07-2018 15:27:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
 
-Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները։
 
-Այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի Գյանջա քաղաքում, որակապես նոր զարգացում է։ Դա ցույց է տալիս, որ իրոք այնտեղ իրավիճակ է փոխվել։ Այստեղ կան մի շարք հանգամանքներ, որոնք պետք է վերլուծել. նախ՝ ադրբեջանական հասարակության հոգեբանությունն ու աշխարհայացքն այնպիսին է, որ նրանք իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և բարձրաստիճան սպաներին ընդունում են ինչպես կիսաստվածներ։ Եվ եթե նրանք ձեռք են բարձրացնում և սպանում գնդապետների, ուրեմն այնքան է իշխանությունն իրենց համար անընդունելի դարձել, որ դիմում են նման քայլերի։ Այսինքն՝ այնտեղ նախահեղափոխական լուրջ իրավիճակ է ստեղծվել։ Դա չի նշանակում, որ անպայման հեղափոխություն է լինելու, բայց նախահեղափոխական տրամադրություններ կան, որոնք նոր որակ են հաղորդել իրավիճակին։ Որովհետև այդպես բացեիբաց դուրս գալ բռնապետական ռեժիմի դեմ, որն անմիջապես ոչնչացնելու է, ջարդելու և սպանելու է, դա արդեն նշանակում է, որ դժգոհությունը հասել է  կրիտիկականի։ Ժողովուրդն իրոք զզվել է իշխանությունից, որովհետև ալիևյան կլանը գրեթե 50 տարի իշխանության է։ 1968 թվականից Հեյդար Ալիևն իշխանության է, և մի քանի տարի դադարներով նրանք մոտ կես դար իշխում են։ Երկրորդ՝ մի երկրում, որտեղ հերոսացնում են սաֆարովներին ու նմաններին, հիմա հնձում են այն, ինչ սերմանել են, ինչ ցանել են։ Սա նոր զարգացում է, որն իր մեջ պարունակում է ընդվզում բռնության նկատմամբ, միաժամանակ դա իրականացվում է բռնության ձևով։ Բոլոր ֆաշիստական երկրների վերջն այդպես է լինում, կամ ներսից, կամ դրսից նրանք կործանվում են։
 
-Ապրիլից Ադրբեջանը զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ է անում սահմանին։ Հիմա, երբ Ադրբեջանում լարված իրավիճակ է, որքանո՞վ է դա անդրադարձել սահմանի լարվածության վրա։ Հնարավո՞ր է՝ պատերազմ հրահրելով Ալիևը փորձի ներքաղաքական կրքերը հանդարտեցնել։
 
- Մենք դա սպասում ենք, որովհետև միշտ էլ, երբ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը բարդանում է, նրանք մարդկանց ուշադրությունը պետք է շեղեն, որպեսզի ցույց տան, որ ոչ թե իշխանությունն է թշնամի ադրբեջանցի ժողովրդին, որ թալանում է և այլն, այլ կան հարևաներ, որոնք թշնամի են։ Այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, և չի բացառվում, որ հակառակորդը փորձի սեփական բնակչության ուշադրությունը շեղելու համար կրկին արտաքին թշնամու կերպարը սպեկուլյացիաների ենթարկել։
 
Այս օրերին իրավիճակը դարձյալ նույնն է, և նրանք իրենց ստորաբաժանումները հետ չեն քաշել։ Մենք պետք է հաշվի առնենք մեկ բան, որ եթե այնտեղ ապակայունանա ներքաղաքական իրավիճակը, չի բացառվում, որ նաև ազգային փոքրամասնությունները ոտքի կանգնեն, սա կարող է լուրջ զարգացումների և ցնցումների բերի Ադրբեջանի ներսում։ Ազգային փոքրամասնանությունները Ադրբեջանում հասարակության ամենաճնշված և բռնությունների ենթարկված խումբն են։
 
-Վերջին շրջանում հեղափոխական տրամադրություններ են նաև Արցախում։ Որքանո՞վ սա կհանգեցնի փոփոխությունների, շատերն ասում են, որ չեն թողնի, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավարել։
 
-Երբ ասում եք՝ շատերը, դա ճիշտ չէ։ Կան 1-2 հոգի, որ ուզում են ինչ-որ բաներ անել, բայց Արցախի հասարակությունը, բարեբախտաբար, ունի շատ բարձր քաղաքական կուլտուրա և տուրք չի տալիս նրանց։ Այո, ժողովուրդն ուզում է փոփոխություններ, բայց դրանք պետք է լինեն քաղաքակիրթ ձևով, այնպես, ինչպես նշված է Սահմանադրության մեջ։ Դուք գիտեք, որ գործող նախագահը հայտարարել է, որ 2020 թվականին չի մասնակցելու ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ Սա կարևոր քայլ էր և այլ տարբերակ չկար էլ, որովհետև Արցախը ժողովրդավարական պետություն է, և նորմալ քաղաքացու համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կվնասի ժողովրդավարությանը, կվնասի մեր ազգային մտածելակերպն ու աշխարհայացքը։ Հիմա մի քանի հոգի փորձում են իշխանափոխություն անել, գալ իշխանության, փաստորեն աթոռի կռիվ են ուզում անել, ինչը չի ընդունվում, դրա համար էլ այդ հանրահավաքներին մասնակցում է 30-40 մարդ։ Այդ մարդիկ դահլիճում հավաք են անցկացնում ու չեն նկարում մարդկանց, իրենք իրենց են նկարում, որովհետև մարդ չի հավաքվում։
 
Այո, 2020 թվականին լինելու է թեժ ժամանակահատված, բայց ինչո՞ւ որոշ մարդիկ չեն ուզում սպասել։ Մինչև նախագահի հայտարարությունը, որ չի մասնակցելու 2020 ընտրություններին, այն մարդիկ, որոնք ձգտում են իշխանության, նրանց համար ռազմավարությունն այն էր, որ գործող իշխանությունն ուզում է ուզուրպացիա անել, սեփականաշնորհել իշխանությունը։ Սա շատ ցավալի է արցախցիների մոտ ընդունվում, որովհետև դա արդարության հետ է կապված։ Արցախցիները կարող են աչք փակել ինչ-որ չարաշահումների վրա, պրոֆեսիոնալ պատրաստվածության վրա, բայց երբևէ արդարության դեմ ընդվզումը չի անցնում հենց այնպես։ Այդ մարտավարությունը թույլ էր տալիս, մեղադրելով գործող նախագահին և իշխանություններին, սեփական թուլությունները քողարկել դրանով։ Կարծես թե ցնցուղ է դարձել՝ քննադատելով  լվալ սեփական կեղտերը։ Հիմա եթե մեկը գող է, ավազակ է, կոռումպացված է և խոսում է ազգի շահերի մասին, բնական է, որ նրա շանսերը 2020-ին շատ քիչ են։ Եվ սրանից որոշ ուժեր վախենում են և փորձում են արհեստականորեն գալ իշխանափոխության և մեկ տարի ու մի քանի ամիսները օգտագործել սեփական դիրքերն ամրապնդելու և կեղտերը մաքրելու համար։ Բարեբախտաբար, մեր ժողովուրդն այսպիսի «մուտիլովկաները» չի ընդունում։ Երբևեիցե մենք որևէ մեկին չենք արգելելու, որ հավաքներ անեն, բայց օրենքի շրջանակում, ուզում են հավաք անել՝ կա կարգ, կա ձև։ Հայաստանի թավշյա հեղափոխության պայմանների պես չէ, որ ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի։ Դուք տեսնում եք, որ հայտարարություններ են անում, և հինգ-տասը հոգի են, բայց սա չի նշանակում, որ երեք հոգի կարող են պարտադրել իրենց կամքը 160.000 մարդու։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ