Գավառում պատրաստվում ենք շահագործման հանձնել թատրոնի մեծ շենք. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գավառում պատրաստվում ենք շահագործման հանձնել թատրոնի մեծ շենք. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-07-2018 14:28:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հանրապետության ամենամեծ մարզում՝ Գեղարքունիում խնդիրները բազմաթիվ են՝ սոցիալականից մինչև մշակութային: Այս պահին գնահատվում է խնդիրների հրատապությունը: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը, 1,5 ամսվա ընթացքում գույքագրում են իրականացրել և փորձել լուծում տալ հրատապ խնդիրներին: 
 
Նրա խոսքերով՝ մարզում խնդիրներ կան դպրոցաշինության, ոռոգման և խմելու ջրի, համայնքների ճանապարհների, կոյուղիների, աղբահանության հետ կապված: 
 
«Հիմա փորձում ենք հասկանալ, որոնք են հրատապ, որոնք են առաջնային: Մի շարք սուբվենցիոն ծրագրեր ենք սկսել, որոնք ֆինանսավորում են և կառավարությունը, և համայնքները»,- նշեց Ի. Սաղաթելյանը՝ հավելելով, որ գիշեր-ցերեկ աշխատում են, պարբերաբար նաև համայնքային այցելություններ է կատարում խնդիրներին տեղում ծանոթանալու համար:  
 
Նրա փոխանցմամբ՝ գեղաքունիքցիները մարզպետարան ամենաշատը դիմում են աշխատատեղեր չունենալու խնդրով: 
 
Պատասխանելով «Նոյյան Տապան»-ի հարցին, թե ՀԷԿ-երի պատճառով մարզի մի շարք գյուղեր, որոնք նախկինում ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել, այսօր կանգնած են նման խնդրի առջև և ակնկալում են պատկան մարմինների միջամտությունը, Ի. Սաղաթելյանն ընդգծեց, որ հարցը վերաբերում է Մարտունու շրջանի մի քանի գյուղերին, որտեղ մասնագետներ են ուղարկվել իրավիճակը գնահատելու համար, նաև անձամբ ինքն է այցելել: 
 
«Կա այդ խնդիրը, բայց մենք կարողացանք համայնքների ղեկավարների և ՀԷԿ-երի սեփականատերերի հետ լուծում գտնել: Այս պահին խնդիրը որոշակիորեն լուծված է, իսկ մյուս տարվա համար ավելի հանգամանալից կտեսնենք, որ ոռոգման սեզոնի սկզբում խնդիրներ չունենանք: Փորձել ենք ջրի արդար բաշխում իրականացնել, իսկ որոշ ՀԷԿ-եր դադարեցրել են իրենց գործունեությունը՝ հաշվի առնելով այս սեզոնին չաշխատելու իրենց պարտավորությունը»,- տեղեկացրեց մարզպետը: 
 
Վերջինս, անդրադառնալով Գեղարքունիքի մարզը մշակութային առումով ավելի ակտիվ դարձնելու խնդրին, նկատեց, որ այդ տեսանկյունից բացթողումները շատ-շատ են, սակայն պատրաստվում են Գավառում շահագործման հանձնել թատրոնի մեծ շենք, որը կարող է լոկոմոտիվ դառնալ մարզում մշակութային կյանքն ավելի աշխուժացնելու համար: 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն