Զորակոչի ոլորտում դեռևս կան չարաշահումներ, սակայն կառավարությունը կանգ չի առնի դրանք արմատախիլ անելու գործում. վարչապետ


Զորակոչի ոլորտում դեռևս կան չարաշահումներ, սակայն կառավարությունը կանգ չի առնի դրանք արմատախիլ անելու գործում. վարչապետ

  • 26-07-2018 15:07:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
Զորակոչի ոլորտում դեռևս կան չարաշահումներ, և զարմանալի է, որ մեր նման երկրում այս ոլորտում կարող են այդպիսի չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից: 
 
Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երևույթը գնահատելով մեկ բառով՝ խայտառակություն: 
 
Նրա խոսքերով՝ այս ոլորտում կառավարությունը հետևողական և շարունակական աշխատանք է տանելու բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար:  
 
«Գիտեք զարմանալին ո՞րն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան ասում ենք, հայտարարում, բայց ինչ-որ մարդկանց թվում է, թե կատա՞կ ենք անում, ես չեմ հասկանում»,-  նկատեց վարչապետը՝ հավելելով, որ այդքանից հետո դեռ կան կաշառք տվող ու վերցնող մարդիկ: 
 
Ն. Փաշինյանը զգուշացրեց, որ որևէ մեկը չմտածի, թե որևէ կետում որևէ պատճառով իրենք կկանգնեն: 
 
Նա ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարեց, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: 
 
Կառավարության ղեկավարը բացառիկ կարևոր արձանագրում համարեց այն հանգամանքը, որ երկրում լայնածաված կոռուպցիոն բացահայտումների ֆոնին որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի հնչել: 
 
Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այդ թեման ուսումնասիրվում է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության կողմից, իսկ գործընթացը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն