Որբացած լեռ, սրբացած մարդիկ


Որբացած լեռ, սրբացած մարդիկ

  • 23-09-2010 16:44:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«…Իսկ ինչպիսի~ տառապանքներով ու մաքառումներով է լցված, ինչպիսի~ պայքարով ու վերածնունդներով պսակված լեռան որդիների կյանքի ուղին: Եվ լե'ռը, լե'ռն է եղել պատվարն ու ուղեկիցը բոլոր հաղթահարումների եւ հաղթանակների, այն հսկա լեռը, որը զարմանալիորեն տեղավորվում է մարդու փոքրիկ ու բռնցքաչափ սրտի մեջ եւ շարունակ շշննջում հոգու ականջին, թե` «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան…»: Չէ, լեռան վրա Ջիվանի չէին երգել, գրողի հնարանքն է դա, նրանք «Զարթնիր, մուսալեռցի, զարթնիր» էին երգում ու «Մայր, արթնացրու ինձ»…»: Եվ այդ սուրբ ու անկոտրում լեռն իրենց սրտերում` հազարավոր մարդիկ տեղափոխվեցին մայր հայրենիք, ի նշան սիրո, հավատարմության, կարոտի, հայրենասիրության, հաղթանակի, միասնության, հպարտության, կամքի, անմահության, երազանքի…, հիմնեցին Մուսալեռ ավանը, կառուցեցին Մուսալեռան հերոսամարտին, նրա քաջորդիներին եւ նահատակներին նվիրված հուշարձանը, ամենամյա տոնախմբություններ կազմակերպեցին Արարատ եւ Արագած լեռների հովանու տակ…»,- սա մի հատված է արձակագիր Դավիթ Սարգսյանի «Որբացած լեռ, սրբացած մարդիկ» էսսեից: Իսկ հերթական տոնախմբության կազմակերպիչը էսսեի հեղինակն է` ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը: Գրադարանի նիստերի սրահում հավաքվել էին ազգագրագետներ, մուսալեռցիներ, հայրենակցական միությունների ներկայացուցիչներ` նշելու Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակը: Օրվա բանախոսների ելույթներին զուգահեռ էկրանին ցուցադրվում էին կադրեր` Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ֆիլմերից, հերոս մուսալեռցիների նկարներ, հնչում էին խրոխտ երգեր: Իսկ գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էին հայաստանյան եւ սփյուռքի պարբերականներում տպագրված` հերոսամարտին նվիրված հոդվածներ, առանձին ցուցափեղկով ցուցադրված էր գրքեր, որոնցից էին Պողոս Արմենակ Լագիսեանի «Մուսա լերան ողջոյն», Գրիգոր Գյոզալյանի «Մուսա լեռան ազգագրությունը», Վերժինե Սվազլյանի «Հայ ազգագրություն եւ բանահյուսություն, Մուսա լեռ» գրքերը, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի տարբեր լեզուներով թարգմանությունները: -Մուսա լեռան կազմավորման ու նրա բնակիչների անցյալի մասին մատենագրական հավաստի աղբյուրներ մեզ գրեթե չեն հասել: Հատկապես 1375թ. Հայկական Կիլիկիայի թագավորության անկումից հետո հայերն ավելի են ստվարացել եւ բնակություն հաստատել Մուսա լեռան շուրջը` հիմնելով Բիթիաս, ՀաջիՀաբիբլի, Յողոնօլուք, Խըդըր-բեկ, Վագըֆ եւ Քաբուսիե գյուղերը,-իր խոսքում նշեց ազգագրագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանը, ով հավաքել է եւ հրատարակել Եղեռնի վերապրողների վկայությունները ջարդերի մասին, այդ թվում նաեւ` մուսալեռցիների: -«Դըքըր նէյր չուկը, հընէյն ղեյմօթ չըկիդացվիր /Մինչեւ նորը չգա, հին արժեքը չի իմացվի/»: Երեւի այս մասին էր մտածում հանգուցյալ պապս, երբ կարոտով աչքերը հառած հեռավոր հորիզոնին` հայրենիք էր կանչում: Նա հայրենիքի մասին այլ կերպ է խոսում` արյուն, հոգի, հող ու ջուր էր նրա համար այն: Ասում էր, որ քարը խոսում է, պատմում իրեն տրորած յուրաքանչյուր արարածի կենսագրություն, ջուրը երգում է այն բարբառով, որով խոսել են իրեն խմողները,-ասաց լրագրող, մուսալեռցի Կարինե Փանոսյանը: «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը երկու գործոնով է պայմանավորում մուսալեռցիների անկոտրում կամքի գաղտնիքը. «Նրանք միասնական են` անկախ քաղաքական, սոցիալական այլեւայլ պայմաններից, եւ երկրորդ` հիանալի տիրապետում են զենքին: Միասնականությունը մուսալեռցիների պատգամն ու պահանջն է սերունդներին»,- ասաց նա: Ելույթ ունեցան «Մուսալեռ» հայրենակցական միության քարտուղար Վարդգես Մարդիրյանը, գրականագետ Նորայր Ղազարյանը եւ ուրիշներ: Գոհար Ջուլհակյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը