Լրագրի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում
-Պարոն Մովսիսյան, դերասան ու պրոդյուսեր Հայկ Մարությանը գլխավորելու է Երևանի ավագանու ընտրության ՔՊ կուսակցության ցուցակը: Համացանցում հակասական են գնահատականները, մի մասը ողջունում է, մյուս մասն անխնա քննադատում։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում։
-Ես սա իրատեսորեն համարում եմ ընտրությունների նախապատրաստական փուլ, խորհրդարանական ընտրություններից առաջ ուժերը չափելու ձև է։ Երևանը, այնուամենայնիվ, Հայաստանի մեգապոլիսն է, և տեղական ընտրությունը որոշակիորեն ուժերի հարաբերակցությունը ցույց կտա և վերլուծելու հնարավորություն, թե ով ինչքան ուժ ունի և ինչի կարող է հասնել։ Այս տեսակետից մնում եմ իմ կարծիքին, որ, այնուամենայնիվ, կադրային սով կա, նկատի չունեմ Հայկոյի անձը, այլ պարզապես դիտարկելով քննարկվող թեկնածուների շարքը։ Կադրային սով է նաև այն առումով, որ վաղը նաև ԱԺ-ում պետք է պատգամավորներ ընտրվեն։ Սա էլ հսկայական մեծ բանակ է ենթադրում, որտեղ պետք է թեկնածուներ ունենաս։ Եթե հաշվենք, որ իր ուժերի ամբողջ գերլարումով Նիկոլ Փաշինյանը կարողացավ կառավարության ներքին օղակները որոշ չափով լրացնել, որ մեխանիզմն աշխատի, օրենսդիր իշխանությունն ապագայում ումո՞վ է լրացնելու, ովքե՞ր են լինելու ներկայացուցիչները։ Այսպիսի հարցեր կան, դա էլ լավ կյանքից չէ։ Իսկապես երկիրը դատարկվել է, մարդկային լավ ռեսուրսների պակաս կա այսօր։ Այնպես չէ, որ այս խնդիրն այսօր է առաջացել. այս ամենը նախորդ 27 տարիների ապաշնորհ կառավարման հետևանքն է։ Չէր կարող հսկայական արտագաղթն այդքան էժան նստել մեզ վրա։ Եվ այսօր Նիկոլն այդ փաստերի առաջ է կանգնելու, իսկապես շատ դժվար է լինելու ընտրությունը և շատ դժվար լուծումների առաջ է կանգնելու։ Երևանը այդ լուծումներից մեկի առաջին փուլը կլինի՝ արդար ընտրություններով ունենալ քաղաքապետ։
-Կարծում եք՝ սա առաջին ստուգատե՞սն է արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։
-Այո, սա կարելի է համարել ստուգատես ապագա ընտրություններից առաջ։ Հայկոն կարող է լավ մենեջեր լինի։ Սխալ է, երբ կախվում են նրա դերասան լինելու փաստից և սկսում են քննադատել այդ հանգամանքը։ Ինձ համար, օրինակ, ավելի շատ քննելի է այն հարցը, որ, լինելով քաղաքացիական ակտիվիստ, իսկ մենք ասում ենք, որ քաղաքացու պետություն պետք է ունենանք ապագայում, ինչու նա հեղափոխությունից հետո արագ դարձավ կուսակցական… որպեսզի կարողանա դառնալ քաղաքապե՞տ։ Սա ինձ համար ավելի մտահոգիչ հանգամանք է։ Եվ սա կարող է ազդակ լինել ապագա առնետների համար, որ իրենց տաքուկ տեղը միայն այս ճանապարհով կարող են հարթել։ Ամեն մեկը չէ, որ իսկապես կարող է մտածել հետագայում ԱԺ-ում լինելու իր պարտավորությունների մասին, այլ մտածի, որ սա միջոցներից մեկն է ինչ-որ բան փախցնելու։ Ամեն մեկը պետք է հասկանա, որ անպետականությունը վատ դրոշմ է ունեցել մեր բնավորության, մեր խառնվածքի, մեր մտածելակերպի վրա, և այն հաղթահարելու համար ժամանակ և հսկայական էներգիա կպահանջվի մարդկանց բացատրելու, որ խաղի կանոններ են փոխվել։ Իսկ մինչ այդ կուսակցական քաղաքապետ ունենալը գուցեև այլընտրանք չունենալու տարբերակներից է առաջացել։ Ես մտահոգություններ ունեմ այդ հարցի վերաբերյալ։ Կուզենայի անկուսակցական քաղաքապետ ունենար Երևանը, ով ուղղակի ազնիվ մենեջեր կլիներ և տեր կլիներ քաղաքին։ Բայց այսօրվա լուծումները սրանք են։
-Ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ ավագանու ցուցակն ընտրություններին կառաջնորդի Նաիրա Զոհրաբյանը, ԵԾ-ինը՝ Զարուհի Փոստանջյանը։ Հաշվի առնելով այս ցանկը, Հայկ Մարությանին ո՞վ կարող է լինել մրցակից։
-Պետք է հասկանանք, որ հայկական ամբողջ իրականության մեջ մեկ մարդու անունի վրա է շարժվում շոգեքարշը և ամբողջ ծանրությունը տարվում է մեկ մարդու անունով, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Այսինքն՝ իր թիմի վստահությունը ժողովրդի անձնական վստահությունն է Նիկոլին, և սա բոլորս պետք է գիտակցենք։ Շատ թանկ կրեդիտ ունեն իրենք Նիկոլի անունով։ Եվ Նիկոլը ում թեկնածությունն այսօր կառաջարկի, նա էլ կանցնի, և սա էլ լավ կյանքից չէ, որ մրցակցության այսպիսի պայմաններ են, բայց սա է մեր իրականությունը։ Ինչ ցանվել է, 27 տարի ամայի ու վարկաբեկված քաղակական դաշտ, հիմա այդ ամբողջ դժվարությունները հնձում ենք և պետք է փորձենք հասկանալ ու կառուցել քաղաքացիական հասարակություն: Իհարկե, Հայկոն առաքինի մարդ է , գուցե և կկարողանա լավ մենեջերություն անել, բայց կրեդիտը, որով նա դառնալու է քաղաքապետ, նա պետք է անպայման հիշի, որ սա Նիկոլի անունով ձեռք բերված ապառիկ վստահության պաշար է և դեռ պետք է արդարացնել դա։
-Մարտի մեկի բացահայտմանն ուղղված քայլերը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի երկամսյա կալանքն ինչպե՞ս եք գնահատում։
-Հիմա մի մասը մտահոգվում է, մյուս մասը պնդում, թե սա վենդետա է։ Իմ ցուցակում հերթականությունը մի քիչ ուրիշ ձև է, իմ ցուցակում առաջին մարդը, որ պետք է պատասխան տար, 96-ին ընտրությունները կեղծող Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ինձ համար մեր պետության հիմքերի խաթարման հիմքը համարում եմ 96-ի ընտրությունները։ Դրա համար ինձ համար պատճառահետևանքային կապը սկսվում է այդ թվականից և ոչ մարտի մեկից։ Մարտի մեկը հետևանք էր 96-ի դեպքերի։ Բայց անշուշտ Քոչարյանը հսկայական հարստություն է երկրից դուրս բերել, և դրա համար նույնպես պետք է պատասխան տա ու հետ վերադարձնի դա բյուջե։ Ինչ է նշանակում մարտի մեկին զորքը դուրս բերել ժողովրդի դեմ, բանակը չպետք է խառնվի երկրի քաղաքական կյանքին։ Տեսնենք ընթացքը ինչպիսին կլինի։ Ինձ համար հիմա շատ ավելի հետաքրքիր է՝ որքանով հնարավոր կլինի հետ բերել երկրից դուրս տարված գումարները, որոնք այսօր օդի պես պետք են երկրին, որի պակասը շատ զգացվում է և զգացվելու է մոտակա ժամանակներում։ Վատ է, որ երկրի նախագահը բանտ է նստում, բայց սա էլ ոչ պարկեշտ պահվածքի հետևանք է, գուցե սա եկողների համար նաև դաս կլինի։