Սահմանի բացման ենթաուղերձն ու սպասվող բուն ուղերձը.Շահան Գանտահարյան


Սահմանի բացման ենթաուղերձն ու սպասվող բուն ուղերձը.Շահան Գանտահարյան

  • 31-07-2018 11:48:07   | Լիբանան  |  Վերլուծություն

«Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել Թուրքիայի հետ սահմանը»: «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (news.am):
 
Լուրի կամ ավելի ճիշտ խորագրի հավաստիությունը խնդրո առարկա է: Մանավանդ որ սահմանի փակումից ի վեր Երեւանի արտաքին քաղաքականության այս գերակա ուղղությանը վերաբերող խնդրում միշտ ցուցաբերվել է հետեւողականություն` սահմանի փակման ամբողջական պատասխանատվությունը բարդելով Անկարայի ուսերին: Անկարան է, որը պատրվակելով կամ ուղղակի պատճառներից մեկը նկատելով Արցախում հայկական ուժերի ներկայությունը, փակել է Հայաստանի հետ սահմանը: Ո՛չ միայն փակել է, այլ այս մասին նաեւ հայտարարել  եւ ավելին` Երեւան-Անկարա հարաբերությունների ձեռնարկման կամ բնականոնացման նախապայմաններից համարել։
 
Նախապայմանային քաղաքականություն կիրառելու իրողությունը Երեւանի կողմից շարունակվում է մատնացույց լինել միջազգային հանրային կարծիքին եւ միջազգային ընտանիքին ընդհանրապես: Երեւանի ներկայացուցիչները տարբեր առիթներով բազմիցս արտահայտվել են Եւրոպայի վերջին փակ սահմանի մասին:
 
Լրատվության մեջ փարատվում է այս մասին տարբերություն մտցնելու հավանականությունը, երբ վարչապետը վերահաստատում է, որ «գիտեք` խնդիրն այն է, որ Հայաստանը չի փակել Թուրքիայի հետ սահմանը: Իրականում Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը: Իրականում հայկական կողմից սահմանը բաց է, եւ որոշումը Թուրքիան պետք է կայացնի»:
 
Տարածաշրջանային ներկա խնդիրներն ու Թուրքիայի ներգրավվածությունը այդ ամենում չեն հուշում, որ Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման կամ սահմանի բացման մասին բանակցություններ ձեռնարկելու հավանականությունները բարձր են: Միանձնյա կառավարման համակարգ օրինականացրած, աշխարհի հետ սպառնալիքներով խոսող եւ ներքին սուր հարցեր դիմագրավող Անկարան գեթ ներկա պահին Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման կամ դիվանագիտական կապերի հաստատման համար բանակցություններ նախաձեռնելու պատճառներ չունի:
 
Այս բոլորով հանդերձ քաղաքականորեն նպատակահարմար է միջազգային հանրությանն ամեն առիթով շեշտել, որ Երեւանը համաձայն է ձեռնարկելու առանց նախապայմանների հարաբերությունների բնականոնացում: Այստեղ թեեւ միայն սահմանի բացման մասին է խոսքը, սակայն պարզ է, որ սահմանի բացման որոշման հանգելը պետք է դիտարկել դիվանագիտական կապերի հաստատման ընդհանուր համաձայնության շրջագծում:
 
Եթե ոչ անպայման ներկա պահին, բայց հետագայում պիտի հետեւի հայկական կողմից հայտարարության երկրորդ բաժինը: Հայկական կողմը միջազգային ընտանիքի առաջադրած ծրագրերին ընդառաջ պատրաստ է քայլեր առնելու, հետեւաբար հանգուցալուծման արգելակող կողմն ու ընդառաջող կողմը միեւնույն պահվածքին արժանի չեն: Նման՝ արցախյան հարցի կարգավորման համար որդեգրված դիրքորոշումներին, միջնորդների կոչերին եւ կայացած պայմանավորվածությունները հարգելու եւ ընդհանրապես ցարդ արձանագրվածների առումով համահավասարեցում չպետք է կիրառել կողմերի նկատմամբ:
Պաշտոնական Երեւանը բարձրագույն մակարդակներով եւ տարբեր ուղղություններով սկսել է իր կեցվածքն ու բարձրաձայնումները ավելի շեշտակի կատարել, անուղղակի հասցեներից հետզհետե ավելի ուղղակի հասցեականացումներ փոխանցելով:
 
Այս հայտարարությունը ունի ենթաուղերձ: Պատասխանատուն Անկարան է՝ սահմանը փակելու, այն փակ պահելու եւ հարաբերությունների բնականոնացումը արգելակելու համար: Անկարայից պետք է ակնկալել քայլ առնելու նոր նախաձեռնություն: Եւ մինչեւ այստեղ, պաշտոնական Երեւանի ցարդ որդեգրած մոտեցման հետեւողականությունը նկատելի է:
 
Պաշտոնական հայտարարությունների նորովի մոտեցումներն, ու բովանդակային նրբերանգները նկատելով ակնկալվում է ենթաուղերձի ուղղակի բարձրաձայնում` միջազգային ճնշման պահանջ Անկարայի վրա՝ երկիր շրջափակած լինելու փաստի համար։ Համահավասարեցման խաղի կանոնների շրջման հրամայական:
 
Այդ բարձրաձայնումները թեեւ, ներկա քաղաքական պայմանները նկատի ունենալով, որեւէ առարկայացում չեն գտնելու եւ գեթ ներկա իրավիճակը գնահատելով` բեկումնային նոր պահ չեն ստեղծելու, այնուամենայնիվ, մի առավել եւս կհավելեն միջազգային ընտանիքի նկատմամբ կարծր դիրքորոշումների, սպառնական հայտարարությունների եւ տարբեր ուղղություններով նախապայմանային քաղաքականություն կիրառող Անկարայի ստվար թղթածրարում:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն