ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ
02-08-2018 14:01:31 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: