«Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին
17-08-2018 12:53:48 | Հայաստան | Նոր գրքեր
Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին: Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:
Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
«Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությանը: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բացառիկ երևույթ է: Սա ոչ միայն հեղափոխություն էր, այլ համաշխարհային մակարդակի գործընթաց: Հայաստանում կատարվածը միջազգային հանրությունն ընկալել է որպես ունիկալ երևույթ»,-նշում է գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը:
Ի դեպ, սա հեղինակի առաջին մեծամասշտաբ աշխատությունն է: Ստեփան Գրիգորյանն առանձնահատուկ կարևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդյունավետ աշխատանքը Թավշյա հեղափոխության իրականացման գործում: Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը կոտրեց ամբողջ ընթացքում հրապարակում կանգնելու և հանրահավաք անցկացնելու ավանդույթը՝ տեղաշարժվելով ու քայլելով տարբեր տարածքներում:
Ստեփան Գրիգորյանը միջազգայնորեն ճանաչված քաղաքագետ և փորձագետ է: Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այժմ Ստեփան Գրիգորյանը 2012-ին հիմնադրված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահն է:
Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետևել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև դրանց անմիջական մասնակիցն է եղել: Հեղափոխության օրերին գրքի հեղինակն անգամ ձերբակալվել է: Գրիգորյանը հեղափոխության օրերին պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառում է նաև բազում լուսանկարներ: Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն տարբերակներով, անգլերեն տարբերակը կհրատարակվի ավելի ուշ: