Վտանգավոր խաղ Արցախի հետ


Վտանգավոր խաղ Արցախի հետ

  • 20-08-2018 18:14:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը զգալի ուշադրություն է կենտրոնացրել նաեւ Արցախի ուղղությամբ: Երկու պատճառով՝ նախ Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Հայաստանի դատախազությանն էին դիմել Քոչարյանի պաշտպանության նախաձեռնությամբ: Հետո այդ դիրքերից սկսեց ելույթ ունենալ Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ընդհուպ խոսելով քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Հետո Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ակնարկեց, թե կարող է հանդիպումներ ունենալ Արցախում: Հասկանալի է, որ խոսքը վերաբերելու է իր համար աջակցություն ստանալուն:
 
Այդ ամենը չափազանց վտանգավոր եւ պատեհապաշտ մոտեցում էր, որը Հայաստանում տվեց Արցախի գործոնի վերաբերյալ տարբեր գնահատականների եւ հայտարարությունների առիթ, ընդհուպ այն, թե Արցախը դառնում է հակահեղափոխության մաս, նույնիսկ ինչ որ առումով կենտրոն:
 
Միաժամանակ, իր հերթին այդ գնահատականները վտանգավոր են նույնքան, որքան Արցախը հայաստանյան գործընթացներում Քոչարյանի դիրքերի պաշտպանության ներգրավելու երկրորդ նախագահի եւ նրան սատարող ուժերի ջանքերը: Արցախը հակահեղափոխության հետ նույնացնելը կարող է բերել Հայաստանում հանրային անցանկալի ընկալումների, որոնք բումերանգի նման հարվածելու են նաեւ հենց նույն թավշյա հեղափոխությանը:
 
Իրավիճակը զգալիորեն համարժեքացրին երկու հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ի հանրահավաքին՝ որտեղ նա բավական միարժեք ցույց տվեց, որ Արցախը զոհասեղանին չէ եւ լինել չի կարող, հանրահավաքին Արցախից մոտ հազար քաղաքացու մասնակցությունը, եւ հետո դրա առնչությամբ էլ այդ մասնակցությունը փաստացի ապահոված Արցախի նախկին վարչապետ, ներկայում նախագահ Սահակյանի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությունը:
 
Նա հայտարարել էր, որ Արցախը հեղափոխական կամ հակահեղափոխական չէ, ըստ այդմ վտանգավոր են այդպիսի բաժանումների կամ փնտրտուքի փորձերը: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ողջունում են Հայաստանի նոր իշխանության մոտեցումները Արցախի խնդրում, նաեւ Հայաստանի բարեփոխումների հարցում վճռականությունը:
 
Անկասկած է, որ Արցախը չի կարող անմասն մնալ Հայաստանի գործընթացներից եւ անհնար է, որ այնտեղ միատարր վերաբերմունք լինի դրանց հանդեպ: Խնդիրը սակայն այն է, որ Արցախը չդառնա այդ գործընթացների կողմ կամ գործիք, կամ Արցախի ղեկավարությունը չփորձի նաեւ խաղալ երկակի խաղ՝ մի ձեռքով հեղափոխության, մյուս ձեռքով «հակահեղափոխության» հետ:
 
Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարող ուժերն ակնհայտորեն անում են ներգրավելու փորձը, ընդ որում Արցախի ճակատագրի հանդեպ կեղծ մտահոգությամբ, որովհետեւ իրական մտահոգության պարագայում բոլորովին այլ բնույթ եւ որակ պետք է ունենար այդ ուժերի կառավարումը Հայաստանում, երբ իշխանության ղեկին էին, այն էլ գրեթե միանձնյա իշխանության:
 
Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ Արցախի իշխանության տարբեր խմբեր էլ կփորձեն Հայաստանում իրավիճակը դիտարկել Արցախում իրենց շահերի համատեքստում եւ դիրքավորվել ըստ այդմ: Դա էլ խոշոր հաշվով բնական է, հարցն այն է, թե ով ինչ է անում եւ ում շահն ինչ օրակարգի եւ որակի է համարժեք, որովհետեւ քաղաքականությունը խոշոր հաշվով շահն է բոլոր դեպքերում: Դրա բաղադրությունից ու որակից է կախված՝ այդ քաղաքականությունը պետության եւ հանրության համար լինում է արդյունավետ եւ օգտակա՞ր, թե՞ վտանգավոր:
 
Այդ իմաստով, Արցախի պարագան առանձնահատուկ է նաեւ նրանով, որ Հայաստանի նախորդ իշխանական համակարգը ձգտել է Արցախում ձեւավորել միջավայր, որտեղ քաղաքական «էլիտան» զրկված է նախաձեռնողականությունից, եւ ամեն ինչ պայմանավորված է եղել Հայաստանի համակարգից եկող ազդակներով:
 
Նոր Հայաստանից գնացած առաջին ու կարեւոր ազդակն այն էր, որ Արցախի էլիտան պետք է վերգտնի այն նախաձեռնողականությունը, որն ուներ արցախյան շարժման ու առաջին պատերազմի ընթացքում:
 
Նախաձեռնողականությունը հաճախ նույնացվել է Հայաստանի իշխանության դեմ ընդվզմանը կամ ըմբոստությանը: Ու դա արվել է հենց արցախյան ինքնուրույն էլիտա թույլ չտալու համակարգային տրամաբանությունից ելնելով: Մինչդեռ դա ամենեւին Հայաստանի դեմ ըմբոստությունն ու ընդվզումը չէ, այլ սեփական իշխանության, սուբյեկտության պատասխանատվության գիտակցումն ու իրացումը:
 
Ընդ որում, դա հայկական երկու պետականությունների անվտանգության դիվանագիտական-քաղաքական բաղադրիչն ամրացնող կարեւորագույն հատկանիշ է, որին պետք է գնալ քայլ առ քայլ: Ընդ որում, դա ոչ միայն հակասության մեջ չէ Արցախի անվտանգության երաշխավորի Հայաստանի դերակատարման հետ, այլ հակառակը՝ առավել ազդեցիկ եւ ռացիոնալ է դարձնում այդ դերակատարումը, մաքրելով այն այսրոպեական քաղաքական կոնյուկտուրայից թե Հայաստանում, թե Արցախում: Դա թույլ կտա այդ առանցքային հանգամանքը բերել մի վիճակի, երբ կամ կզրոյացվի, կամ «պատմականորեն» նվազագույն մակարդակի կհասցվի Արցախը ներքին քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելու փորձերին:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն