Այդ ժամանակ չի լինի Բակո Սահակյանը, ում վրա կարելի է բարդել ամեն ինչ


Այդ ժամանակ չի լինի Բակո Սահակյանը, ում վրա կարելի է բարդել ամեն ինչ

  • 24-08-2018 15:03:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴավիթԲաբայանը
 
-Պարոն Բաբայան, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, որ հնարավոր են արտահերթ ընտրություններ Արցախում։ Որքանո՞վ է դա հնարավոր այս փուլում։
 
-Դրա մասին խոսում են 1-2 հոգի և հենց այդ համատեքստում էլ պետք է դա դիտարկել։ Դրանք որոշ  քաղաքական ուժերի քարոզչություն է, որոնք փորձում են հասնել իրենց նպատակներին, բայց պարզվեց, որ նրանց հավաքներին մասնակցում են 20-30 մարդ։ Այս պահին պետք է ողջունել մեկ բան, որ կան ինչ-որ ուժեր, որ փորձում են ինստիտուցիոնալ դառնալ, ձևավորել քաղաքական ուժեր, կուսակցություններ և մասնակցել ԱԺ պատգամավորի թափուր մնացած մի քանի տեղերում արտահերթ ընտրություններին։ Ինձ թվում է, որ այդ տեղերում լինելու է բավականին հետաքրքիր պայքար։ Իսկ արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսելն անիմաստ է, որովհետև հերթական նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնում է ընդամենը մեկ տարի և մի քանի ամիս։
 
-Դուք նշեցիք, որ 1-2 հոգի է խոսում արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Հիմա արդեն հնչում են անուններ՝ Արայիկ Հարությունյան, Արշավիր Ղարամյան, որոնք կարող են մրցակիցներ լինել։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
 
-Մենք 2020 թվականը կտեսնենք, թե որքան թեկնածուներ կան, ովքեր են այդ թեկնածուները, և այդ ժամանակ արդեն ավելի հստակ կարելի կլինի գնահատել նրանց հնարավորությունները։ Որքան ես գիտեմ, ձեր նշած անձինք չեն հայտարարել, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։ Չի բացառվում, որ այդպես լինի, բայց պաշտոնապես դեռ չեն հայտարարել։
 
Եթե մարդիկ ունեն ցանկություն քաղաքակիրթ ձևով մասնակցել նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին, ապա խնդիր չկա, բոլորն էլ ըստ օրենքի իրավունք ունեն մասնակցելու, բայց վերջին խոսքը ժողովրդինն է։ Դուք գիտեք, որ Արցախում միշտ էլ ընտրություններն անցկացվում են թափանցիկ, բարձր մակարդակով, բոլոր ժողովրդավարական նորմերին համապատասխան։ Հետևաբար, պետք է սպասել 2020 թվականին և տեսնել՝ ինչ ուժեր ու թեկնածուներ են հայտ ներկայացնում։
 
-Կարծում եք, որ նրանք չե՞ն հաջողի, եթե շարունակեն այսպես հետևողականորեն գնալ դեպի արտահերթ նախագահական ընտրություններ։
 
-Խնդիրը տարբեր անհատների ցանկությունները չեն։ Այո, մի քանի մարդ կա, որ անընդհատ խոսում են, որ պետք են արտահերթ ընտրություններ, ոմանք նույնիսկ ինչ-որ աննորմալ գաղափարներ են արտահայտում, բայց բոլորդ տեսնում եք, որ Արցախի ժողովուրդը նման սադրանքների չի գնում։ Հասկանալի է, որ կան քաղաքական պայքարի կանոններ, բայց արտահերթ նախագահական ընտրությունների պահանջարկը հասարակության մոտ բացակայում է, հատկապես այն բանից հետո, երբ Բակո Սահակյանը հայտարարել է 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին չի մասնակցելու որպես նախագահի թեկնածու։ Սա շատ մեծ ազդեցություն ունեցավ։ Եթե այդ հայտարարությունը չլիներ, միգուցե ավելի մեծ լիներ արտահերթ ընտրությունների պահանջը։
 
Արցախցին պատրաստ է դուրս գալ փողոց, եթե կան երկրի համար վտանգավոր երևույթներ, ուզուրպացիա և այլն, բայց գնալ մարդկանց հետևից, որպեսզի նրանք իրենց պաշտոններն ու աթոռները փոխեն, դրան Արցախի քաղաքացիները չեն գնա։ Բացի այդ, այս ուժերը հիմա պատրաստվում են 2020-ին, և քանի որ 2020-ին արդեն հնարավոր չի լինելու քողարկել սեփական թերությունները, սխալները, և այդ ժամանակ չի լինի մեկը՝ այս դեպքում Բակո Սահակյանը, որի վրա կարելի է բարդել ամեն ինչ։
 
-Պարոն Բաբայան,  ամենաքննարկվող թեման Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձն է։ Հարցազրույցում նա չի բացառում հանդիպումներ Արցախի պաշտոնյաների հետ։ Ավելին՝ մենք ականատես եղանք Քոչարյանի համար Արցախի պատգամավորների ստորագրահավաքին։ Ոմանք նշում են, որ Արցախը կարող է հակահեղափոխության կենտրոն դառնալ։
 
-Նախևառաջ, հասկանում եմ, որ այստեղ մի քանի հոգի կա, որ փորձում է նման գաղափարներով իրենց վրա ուշադրության հրավիրել։ Բացի այդ, ԱԺ պատգամավորները գրել էին նամակ-խնդրագիր, այնտեղ չի եղել քաղաքական որևէ գնահատական, պարզապես այն, որ փոխվի խափանման միջոցը, ուրիշ ոչ մի բան։ Այնտեղ որևէ քայլ չեք տեսնի, որ նրանք փորձում են միջամտել Հայաստանի ներքին կյանքին։ Այդպիսի բան անհնար է։ Կարծում եմ՝ այսպիսի գաղափարներով՝ հեղափոխական-հակահեղափոխական որակավորումները սխալ են։ Եվ մենք համոզված ենք, որ չափազանց կարևոր է օրենքի պահպանումը, անկախ ամեն ինչից։ Եվ սա կարևոր է ժողովրդավարության, պետականության ամրացման և զարգացման համար։
 
-Բացառո՞ւմ եք, որ այս օրերի ընթացքում հանդիպել են Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
 
-Ես չեմ կարող ասել, որ եղել են հանդիպումներ Հայաստանի նախկին նախագահների միջև: Մեկ շաբաթ – 10 օր առաջ Սերժ Սարգսյանը եկել էր, իր մայրիկին տեսակցել է և գուցե ոչ պաշտոնական հանդիպել են, որը չպետք է դիտարկել ներքաղաքական զարգացումների համատեքստում, որովհետև դրա հետ որևէ կապ չուներ: Եվ նման բամբասանքներով պետք չէ առաջանորդվել։ Մեր ամենամեծ ձեռքբերումը միասնականությունն է։
 
-Որպես փաստարկ՝ նշվում է, որ Արցախը այդպես էլ պաշտոնապես չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին և Արցախի համակրանքը նախորդ երկու նախագահների կողմն է։
 
– Այսպիսի բաներ ասողները պարզապես փորձում են Հայաստանի և Արցախի միջև լարում մտցնել այն էլ իրականությանը չհամապատասխանող ու ստահոդ բամբասանքներով:  Այնինչ, փաստերը այլ են: Դուք հիշում եք, այս մայիսին Նիկոլ Փաշինյանը եկավ Ղարաբաղ և նշեց, որ անվերապահորեն սատարում է Արցախի Հանրապետության իշխանություններին և նախագահ Բակո Սահակյանին: Նմանապիպ հայտարարություն եղավ նաե նախագահ Սահակյանի կողմից: Մի՞թե այսքանը բավարար չէ։ Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա ուզում եմ կրկնել, որ մենք կողմ ենք, որպեսզի լինի օրենքի գերակայություն, բոլորը լինեն օրենքի առջև հավասար և օրենքի խախտումը անթույլատրելի լինի բոլորի համար, անթույլատրելի լինի անվերապահորեն:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ