Երևանը բռնել է քարանապատացման սրընթաց ուղին. Նորագավիթում ծառերի սպանդ իրականացնողները պետք է պատժվեն (տեսանյութ)


Երևանը բռնել է քարանապատացման սրընթաց ուղին. Նորագավիթում ծառերի սպանդ իրականացնողները պետք է պատժվեն (տեսանյութ)

  • 28-08-2018 16:55:10   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանը բռնել է քարանապատացման սրընթաց ուղին, իսկ Նորագավիթի պտղատու ծառերը, որոնք համարվում էին մայրաքաղաքի թոքերը, անխնա կոտորվել են: 
 
Նորագավիթի բնակիչները շարունակում են ահազանգել և իրենց բողոքի ձայնը բարձրացնել տեղի ունեցած ապօրինությունների դեմ՝ միաժամանակ պահանջելով պատժել մեղավորներին:  
 
Նշենք, որ 2018թվականի օգոստոսի 16-ին Նորագավիթի մշակույթի կենտրոնում կայացել է թաղամասի բնակչության ընդհանուր ժողովը (մասնակիցների թիվը 350 մարդ), որի ընթացքում բնակիչներն իրենց խիստ դժգոհությունն ու բողոքն են արտահայտել առ այն, որ տարիներ շարունակ իրենց օգտագործած  հողատարածքներն օտարվել են առանց իրենց իսկ իմացության: 
ժողովում առաջարկվել ու լիազորություն է տրվել «Նորագավիթ հայրենակցական միավորում» ՀԿ-ին, դիմելու Երևանի քաղաքապետարան, հնարավորինս շուտափույթ աջակցություն ստանալու իրենց խնդրի արդարացի լուծման հարցում:
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Նորագավիթ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը, ժամանակին իրենց թաղամասն ունեցել է 500 հա բարձր նշանակության գյուղատնտեսական հողեր, որոնք ծառայել են ըստ նպատակին, սակայն հետագայում այդ հողերն իշխանությունների համար դարձել են գլխացավանք: 
 
Նրա խոսքերով՝  իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ նշյալ հողերի հետ կապված հոգսերից թեթևանալու համար նախկին իշխանությունները որոշել են դրանք նվիրաբերել ինչ-որ անձանց: 
 
«Այդ հողերի մեծ մասն ընտիր այգիներ էին, այդ ժամանակ առանց չափազանցնելու դարի հանացագործությունը կատարվեց՝ 18 հազար պտղատու ծառ սպանդի ենթարկվեց: Դրանց տնկումն ինքնանպատակ չէր, դրանք համարվում էին թթվածնաքաղց Երևանի թոքերը»,- ընդգծեց Ա. Եղիազարյանը՝ հավելելով, որ նախկին կառավարության թեթև ձեռքով այդ հողերը նվիրաբերվել են «Սպայկա» և «Սանպրոդակտ» ՍՊԸ-ներին՝ ջերմոցներ և պանրի գործարան կառուցելու համար: 
 
Ա. Եղիազարյանի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում պահպանվել է ընդամենը 230 հա հող, որի ճակատագիրն առաջարկում են լուծել ներկայիս կառավարությանը: 
 
Մյուս խնդիրը, որը մտահոգում է նորագավիթցիներին, դա Նորագավիթի գերեզմանատուն բնակիչների մուտքի խոչըբնդոտումն է: 
 
Ըստ Ա. Եղիազարյանի՝ «Սպայկա»-ն պարսպապատել է հարակից ամբողջ տարածքը՝ խոչընդոտելով բնակիչների մուտքը գերեզմանատուն: 
 
«Աստված մի արասցե, եթե մարդ մահանա, մենք տեղ չունենք, որ այդ գերեզմանոցն օգտագործենք»,- նշեց նա: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն