Հասմիկ Սարգսյանը հիվանդանոցում է. բժիշկները նրան շատ վատ են վերաբերվում. Փաստաբանի ահազանգը


Հասմիկ Սարգսյանը հիվանդանոցում է. բժիշկները նրան շատ վատ են վերաբերվում. Փաստաբանի ահազանգը

  • 29-08-2018 13:07:35   | Սյունիքի մարզ  |  Իրավունք

Այսօր ցերեկը ցանկանում էի անդրադառնալ 10,000 դրամ գողության համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի գործին, սակայն նախ անհրաժեշտ էր ստանալ Հասմիկի համաձայնությունը, իսկ նա արձագանքեց քիչ առաջ։ 
 
Հիշեցնեմ, որ վերաքննիչ դատարանը կրճատեց առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժի ժամկետը և վերջնական պատիժ սահմանեց 5 տարի ժամկետով ազատազրկումը։ 
Հասմիկի գործին անդրադառնալու պատճառը նրա խնդրով մտահոգ հանրությանը իրազեկելն էր, որ Հասմիկ Սարգսյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, գործը ստացվել է վճռաբեկ դատարանում, և հայտնի է դատավորի անունը, ում մակագրվել է գործը։ Ցանկանում էի նաև տեղեկացնել, որ Հասմիկ Սարգսյանի կողմից բողոքը բերվել է այն հիմքով, որ (1) պետությունը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները՝ նրան և նրա չորս երեխաներին (որոնցից երեքը նրան վերագրվող գողությունը կատարելու պահին եղել են անչափահաս) արժանապատիվ գոյության իրավունքի կամ բավարար կենսամակարակի իրավունքի ապահովման մասով, այլև խախտել է նրա և նրա չորս երեխաների՝ սովի չմատնվելու հիմնարար իրավունքը՝ չտրամադրելով սովի չմատնվելուց պաշտպանություն և անհրաժեշտ աջակցություն; (2) գործով հաստատվել է, որ Հասմիկ Սարգսյանի կողմից գումար հափշտակելու շարժառիթը եղել է իր անչափահաս երեխաների նվազագույն արժանապատիվ գոյության ապահովման անհնարինությունը, ավելի որոշակի՝ սովի չմատնվելու նպատակով սնվելու համար անհրաժեշտ սնունդ ձեռք գնելու հնարավորության բացակայությունը, իսկ գումար հափշտակելու նպատակը՝ սնունդ գնելը։ Եվ երեխաներին կերակրելը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ անհրաժեշտություն, գումարի հափշտակությունը երեխաների կյանքին և առողջությանը չսնվելու հետևանքով անմիջականորեն սպառնացող վտանգը չեզոքացնելու (վերացնելու) նպատակով ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված քայլ, ինչի հիմքով էլ նա քրեական հետապնդման ու պատասխանատվության ենթակա չէ։
Այս տեղեկատվությունն էի ցանկանում տրամադրել և առաջարկել քննարկել այդ գործի հետ կապված անհրաժեշտ քայլերը, որոնք կստիպեին վճռաբեկ դատարանին նախ բողոքը վարույթ ընդունել, ապա և այն բավարարել, երբ ինձ հետ կապի դուրս եկավ Հասմիկ Սարգսյանը և տեղեկացրեց, որ երկու օր է արդեն, ինչ գտնվում է Սիսիանի հիվանդանոցում։ Հիշեցնեմ, որ նա ժամանակին աշխատել էր հացի փռում, սակայն առողջական վիճակի (բազմահանգույց միոմաներ) բերումով բարձր ջերմության պայմաններում նրան այդ աշխատանքը հակացուցվել էր բժշկի կողմից և նա ստիպված էր եղել թողնել այդ աշխատանքը։ Այլ աշխատանք չկարողանալով գտնել՝ վերջին շրջանում նա նորից աշխատանքի էր ընդունվել հացի փռում։ Երկու օր առաջ աշխատավայրում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և շտապօգնությունը նրան տեղափոխել է Սիսիանի հիվանդանոց։ Վաղը (արդեն այսօր) նրան պիտի տեղափոխեն Երևան՝ վիրահատության նպատակով, բժիշկները վիճակը գնահատում են ծանր։ Հասմիկը ասաց նաև, որ բժիշկները իրեն շատ վատ են վերաբերվում։ Ի պատասխան իմ հարցին՝ ասաց, որ երեխաները միայնակ են ներկայումս։ Հարցրեցի՝ ունի արդյո՞ք ֆինանսական օգնության կարիք, բայց նա խուսափեց ուղիղ պատասխանել, ասելով, որ խնդրում է միայն օգնել իրեն, որ պատիժը չկրի, որ երեխաները որբ չմնան։ Այս ամիսների ընթացքում նրա հետ շփումը ցույց է տվել, որ նա համեստ, արժանապատվությունը չկորցրած կին է և իր երեխաների համար կազմակերպված օգնությունն էլ ընդունում էր երախտագիտության զգացումով, բայց և զգացվում էր, որ իրեն անհարմար է զգում, և ասում էր, որ ինքը նախընտրում է աշխատանք ունենալ, ոչ թե օգնություն ստանալ։ 
Վստահաբար՝ այժմ նա ունի նյութական աջակցության կարիք, ուստի խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն կհայտնեն օգնել այդ հարցում, իրենց համեստ ներդրումը ունենալ։ 
Բայց առավել շատ նա ունի պարզ մարդկային կարեկցանքի և քաջալերանքի կարիք, ուստի պիտի խնդրեմ Երևանում գտնվող (ինքս Երևանում չեմ) իմ ընկերներին պարզապես այցելել նրան հիվանդանոցում։ 
Հասմիկ Սարգսյանի գործի մասին առաջինը բարձրաձայնել է Veles Ngo նախագահ Marina Poghosyan և հիմնականում նրա ջանքերի շնորհիվ էր, որ հանրությունը տեղեկացավ այդ դեպքի մասին, սակայն այժմ առավել լայն մարդկային, բարոյական, իրավական հանրային աջակցություն է անհրաժեշտ Հասմիկ Սարգսյանին, ուստի վստահ եմ՝ շատերը կաջակցեն նրա խախտված իրավունքների վերականգնման համար ակցիաներին, որոնք կքննարկվեն երբ նրա առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացվի։
 
Մուշեղ Շուշանյան

Փաստաբան

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք