«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները


«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները

  • 30-08-2018 16:02:45   | Հայաստան  |  Իրավունք

 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված անհիմն և լուրջ մեղադրանքներին, որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքէջում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները և վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների  խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով և գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին և կիրառելի ընթացակարգերին համաձայն:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների և մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տևող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները: 
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի և չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որևէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության և որակի վրա:
 
Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում և ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները:
 
 
Վեոլիա ջուր ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Իրավունք