Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին

  • 03-09-2018 12:42:24   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» 75 անդամներին, ովքեր Մայր Աթոռ էին ժամանել Լիբանանից, ԱՄՆ-ից և  Կանադայից: 
 
Հանդիպման սկզբում համախմբման ատենապետուհի Անահիտ Տանձիկյանը միության անդամներին ներկայացրեց Հայոց Հովվապետի գահակալության տարիների համապարփակ պատմությունը: Ապա իր և համախմբման անդամների անունից երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը Մայր Աթոռի հարկից ներս հյուրընկալելու համար` նշելով, որ համախմբման անդամներն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիկին Անահիտ Տանձիկյանը վստահություն հայտնեց, որ շնորհիվ Մայր Աթոռում կեցության, ժամերգություններին ու Ս. Պատարագներին մասնակցության` համախմբման անդամները պիտի հաղորդ դառնան Մայր Աթոռից ճառագող օրհնությանը:
 
Ապա շուրջ 60 տարի առաջ հիմնադրված միության անդամներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
Վեհափառ Հայրապետը վերհիշեց, թե ինչպես է համախմբման մասին առաջին տեղեկությունները ստացել Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսից` հաստատելով, որ Հայրապետը համախմբման մասին խոսելիս չէր թաքցնում իր հիացմունքը համախմբման՝ Մայր Աթոռի հանդեպ ունեցած սիրո ու նվիրման վերաբերյալ:
 
 Նորին Սրբությունն արձանագրեց, որ իր գահակալության տարիներին ինքը ևս նույն սերն ու նվիրումը զգացել է և դրսևորված տեսել համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ Մայր Աթոռն ի դեմս կրոնասեր տիկնանց համախբման անդամների ունի Հայ Եկեղեցու անձնդիր սպասավորներ, ովքեր իրենց անուրանալի դերակատարությունն ունեն Մայր Աթոռի առաքելության իրականացման մեջ:
 
Ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդու սիրտը կապված է Սուրբ Էջմիածնին` Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը և օրհնությունը բերեց միության ատենապետուհի Անահիտ Տանձիկյանին ու անդամներին` իրենց նախանձախնդրության, հավատարմության և մշտական զորակացության համար:
 
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ իրենց երկրներ վերադարձին Մայր Աթոռից ու Հայաստանից ստացած տպավորություններին հաղորդ կդարձնեն նաև իրենց հարազատներին և մտերիմներին:
 
Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Հայրապետին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի կրթական ծրագրերին: 
 
Լիբանանի «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամներն այցի առիթով Մայր Աթոռին ընծայեցին արծաթյա սկիհ, որի դրվագումների խորհրդաբանությունը ներկայացրեց վարպետ Տիգրան Բաջանյանը:
 
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ  Գերաշնորհ Տ.  Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: 
 
Մեկշաբաթյա այցի ընթացքում համախմբման անդամներն ուխտագնացությունների կմեկնեն տարբեր սրբավայրեր: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն