Համաներման սպասում են շատերը և արդեն երկար ժամանակ. Իրավապաշտպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Համաներման սպասում են շատերը և արդեն երկար ժամանակ. Իրավապաշտպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-09-2018 14:55:13   | Հայաստան  |  Իրավունք



 
«Համաներման սպասում են շատերը և արդեն երկար ժամանակ»,- ի պատասխան Արդարադատության փոխանախարարի այն պնդման, թե Հայաստանում համաներման հասարակական պահանջարկ չկա, նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը: 
 
Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո հասարակական կարևոր ակնկալիքներից մեկն էլ համաներումն է, որը համախմբման և հումանիզմի սկզբունքից ելնելով՝ նվազագույն քայլ է, որը կարող է անել իշխանությունը ցանկացած երկրում:  
 
Ն. Կարապետյանցի խոսքերով՝ համաներումն այնպիսի գործընթաց է, որը պետության համար համակարգային փոփոխություններ, ֆինանսական մեծ ծախսեր կամ այլ առանձանակի ռեսուրսներ չի նախատեսում: 
 
«Ազնվորեն ասեմ, որ համաներում մենք ակնկալում էինք Սահմանադրության տոնի կապակցությամբ, սակայն մեծ ցավով եմ նշում, որ Արդարադատության նախարարությունից որևէ ազդակ չտեսանք: Մենք այսքան ժամանակ լռել ենք, որովհետև կարծել ենք, որ Սահմանադրության տոնի առթիվ կունենանք համաներման որոշում: Հիմա հույս ունենք, որ նման որոշում կլինի Անկախության տոնի առթիվ»,- ընդգծեց բանախոսը՝ շեշտելով, որ համաներման պրոյեկտ չունենալը նշանակում է տապալել արդարադատության ոլորտը: 
 
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ պատիժները կիրառվում են սոցիալական արդարությունը վերականգնելու, նոր հանցագործությունները կանխարգելելու և անձի վարքը վերականգնելու համար, մինչդեռ ՔԿՀ-ներում հանցագործություն կատարած մարդիկ ոչ միայն չեն ուղղվում, այլև ավելի վտանգավոր են դառնում: 
 
«Այս պայմաններում շարունակել անտեսել ամնիստիան և դրա հնարավորությունը ես կարծում եմառնվազն ճիշտ չէ, եթե ոչ սաբոտաժի ուղղակի դրսևորում»,- նշեց Ն. Կարապետյանցը: 
 
Վերջինս համոզմամբ՝ նոր Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է և պետք է տարածվի հնարավորինս լայն շրջանակների վրա: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք