Համաներման որոշումը համահունչ կլինի հեղափոխության` համերաշխության մթնոլորտ ստեղծելու գաղափարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Համաներման որոշումը համահունչ կլինի հեղափոխության` համերաշխության մթնոլորտ ստեղծելու գաղափարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-09-2018 16:45:25   | Հայաստան  |  Իրավունք



 
2013 թվականից Հայաստանում համաներում չի կիրառվել, իսկ ներկա պայմաններում համաներման որոշումը նաև համահունչ կլինի հեղափոխության` համերաշխության մթնոլորտ ստեղծելու գաղափարին: 
 
Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը: 
 
Ըստ նրա՝ անկախությունից հետո Հայաստանում համաներման 9 որոշում է կայացվել, սակայն վերջին 2-3 տարիներին այդ մասին միայն խոսվել է: 
 
Ա. Պապիկյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա հունիս ամսվա դրությամբ հայաստանյան ՔԿՀ-ներում պահվում է շուրջ 5000 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ամսական ծախսերի համար պետությունը 200 հազար դրամ է հատկացնում: 
 
«2018 թվականի բյուջեյով ՔԿՀ-ների համար նախատեսված է ավելի քան 8 մլրդ դրամ գումար, գրեթե նույնքան էլ նախատեսված է դատական իշխանության պահպանման համար, դուք պատկերացնո՞ւմ եք անհեթեթության այս աստիճանը, իսկ նման վիճակ ստեղծվել է մեղմ ասած չափից դուրս շատ դատապարտված կամ կալանավորված անձիք ունենալու պատճառով»,- ընդգծեց փաստաբանը: 
 
Վերջինիս համոզմամբ՝ պետությունը հստակ քաղաքականություն պետք է մշակի ՔԿՀ-ների հետ կապված: 
 
«Նոյյան Տապան»-ի հարցին, արդյոք կոռուպցիոն թաքնված գործընթացներով են պայմանավորված պետության կողմից յուրաքանչյուր դատապարտյալի կարիքները հոգալու համար ամսական տրամադրվող գումարները, Ա. Պապիկյանը փաստեց.  «Քրեակատարողական հիմնարկներում գրեթե ոչինչ չի փոխվել, կոռուպցիան եղել է և կա, ոչ ոք չի կարող ժխտել սա»: 
 
Նշենք, որ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն այժմ աշխատում է համաներման որոշման «կմախքային» նախագիծ մշակելու վրա, որը պատրաստվում է առաջարկել կառավարությանը:  
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք