Սիրիայի հայ ավետարանական համայնքը


Սիրիայի հայ ավետարանական համայնքը

  • 16-09-2010 10:29:28   | Հայաստան  |  Վերլուծություն
Սիրիայի հայ ավետարանական համայնքը տեղի Հայության դավանանքային երեք շերտերից մեկն է` հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների հետ միասին: Հայ ավետարանականների կազմակերպվածությունն ու ակտիվությունը հաշվի առնելով` հարկ է ուշադրություն դարձնել նրանց գործունեության վրա: Սիրիայի գլխավոր հայ ավետարանական համայնքը գտնվում է Հալեպում, որն ավանդաբար եղել է ամենահայահոծ բնակավայրը Սիրիայում: Լինելով Սիրիայի ընդհանուր հայ համայնքի կենտրոնը կամ ,մայրաքաղաքըե` Հալեպը միաժամանակ նաեւ հայ ավետարանական համայնքի կենտրոնը կամ «մայրաքաղաքն, է: Այստեղ է կենտրոնացված Սիրիայի հայ ավետարանականների մեծ մասը: Համաձայն պաշտոնական տվյալների` Հալեպում նրանց թիվը կազմում է 4 հազ. մարդ: Սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այդ թիվը տատանվում է 2500-3000-ի սահմաններում: Այս քաղաքում է գտնվում հայ ավետարանականների հիմնական ղեկավար կառույցը` Հայ ավետարանական համայնքի գրասենյակը, որը գլխավորում է համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը: Ներկայումս Հալեպն ինչ-որ իմաստով կարելի է համարել համաշխարհային հայ ավետարանականության կենտրոնը, քանի որ վերապատվելի Հարություն Սելիմյանը միաժամանակ նաեւ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահն է: Բացի Հայ ավետարանական համայնքի գրասենյակից, Հալեպում է գտնվում նաեւ Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների, կրթական եւ այլ հաստատությունների մեծ մասը: Հայ ավետարանական համայնքներ կան նաեւ Սիրիայի այլ հայաշատ բնակավայրերում` մայրաքաղաք Դամասկոսում, Քեսապում, Հոմսում եւ այլուր: Սիրիայի հայ ավետարանական համայնքը բնութագրվում է հետեւյալ հատկանիշներով. Այն աշխարհում առաջին հայ ավետարանական համայնքներից մեկն է եւ այդ իմաստով լինելով ամենահին համայնքներից մեկը` անցել է պատմական զարգացման որոշակի փուլեր: Ունի կազմակերպվածության բավական բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս դրսեւորել նշանակալի ակտիվություն: Դրա վառ արտահայտությունը նրա կազմակերպական կառույցների առատությունն է ու բազմազանությունը, որոնք տարբեր բնագավառներում ծավալում են ակտիվ գործունեություն: Մեկուսացված չէ հայ առաքելական եւ կաթողիկե համայնքներից, այլ նրանց հետ միասին կազմում է մեկ միասնական ամբողջություն` սիրիահայ համայնքը: Դրա լավագույն վկայություններն են. Ավետարանական կառույցների գործունեության տարածումը ողջ սիրիահայ համայնքում: Միջդավանական սերտ համագործակությունը հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների հետ: Պատմական ակնարկ Ձեւավորվելով 19-րդ դարի կեսին եւ լինելով առաջին հայ ավետարանական համայնքներից մեկը` Սիրիայի հայ ավետարանական համայնքն անցել է պատմական զարգացման որոշակի էվոլյուցիա: Այս համայնքի պատմությունը բաժանվում է երկու փուլի. նախացեղասպանական` 19-րդ դարի կեսից մինչեւ Հայոց ցեղասպանությունը, հետցեղասպանական` Հայոց ցեղասպանությունից մինչեւ մեր օրերը: Նախացեղասպանական շրջան: Սիրիայում հայ ավետարանական համայնքներ ձեւավորվել են 19-րդ դարի կեսին, երբ այդ երկիրը մաս էր կազմում Օսմանյան կայսրության: Օսմանյան կայսրության Հայության շրջանում տարածում ստացող բողոքականությունն անմասն չթողեց նաեւ Սիրիայի հայերին, որոնք բնակվում էին հիմնականում Հալեպում եւ Քեսապում: Այստեղ էլ ձեւավորվեցին Սիրիայի առաջին հայ ավետարանական համայնքները: Հալեպում Հայ Ավետարանական եկեղեցի հիմնադրվեց 1852թ., Քեսապում` 1853թ.: Նախացեղասպանական շրջանում հայ ավետարանականության գործունեությունն ընդգրկում էր հիմնականում երկու բնագավառ` հոգեւոր-եկեղեցական եւ կրթական: Ավետարանական եկեղեցիներին կից գործում էին դպրոցներ: Հետցեղասպանական շրջան: Հայոց ցեղասպանության հետեւանքով բազմահազար հայեր, այդ թվում նաեւ` ավետարանականներ Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկիայից գաղթեցին եւ հաստատվեցին Սիրիայում, ինչը հանգեցրեց ինչպես տեղի հայ ավետարանական համայնքների ստվարացմանը, այնպես էլ նորերի ձեւավորմանը: Հալեպից եւ Քեսապից բացի հայ ավետարանական համայնքներ ձեւավորվեցին նաեւ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Եղեռնի հետեւանքով հայաշատ դարձած այլ բնակավայրերում: Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած մարտահրավերները, ինչպես նաեւ Սիրիայի անկախացման արդյունքում առաջ եկած ազատություններն ընդլայնեցին հայ ավետարանական համայնքի գործունեության շրջանակները: Հոգեւոր-եկեղեցական եւ կրթական ոլորտներին ավելացան սոցիալականը, մշակութայինը եւ այլն, ինչը ենթադրում է նաեւ կազմակերպական կառույցների ընդլայնում թե՛ քանակական, թե՛ տեսակային (բազմազանության) առումներով: Սիրիայի հայ ավետարանական համայնքի պատմության վերոհիշյալ երկու փուլերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս ընդգծել դրանց հետեւյալ հիմնական առանձնահատկությունները. Եթե նախացեղասպանական փուլում Սիրիան Օսմանյան կայսրության մաս էր կազմում եւ, հետեւաբար, տեղի հայ ավետարանական համայնքն էլ գտնվում էր թուրքական պետության շրջանակներում, ապա հետցեղասպանական փուլում, երբ Սիրիան արդեն ձեռք էր բերել անկախություն, տեղի հայ ավետարանական համայնքը գտնվում եւ գործում էր անկախ Սիրիայի կազմում, որտեղ նրա համար կային գործունեության ավելի ազատ պայմաններ: Եթե նախացեղասպանական փուլում Սիրիայի հայ ավետարանական համայնքը թե՛ քանակապես եւ թե՛ աշխարհագրական սփռվածության առումով փոքր էր, ապա Հայոց ցեղասպանության հետեւանքով այն ընդլայնվեց: Նախացեղասպանական շրջանում Սիրիայի հայ ավետարանական համայնքն ընդգրկում էր հիմնականում Հալեպն ու Քեսապը: Հետցեղասպանական շրջանում հայ ավետարանական համայնքներ ձեւավորվեցին նաեւ Դամասկոսում եւ Սիրիայի հայաշատ դարձած այլ վայրերում: Եթե նախացեղասպանական շրջանում Սիրիայի հայ ավետարանական համայնքի գործունեությունն ընդգրկում էր հիմնականում եկեղեցական եւ կրթական ոլորտները, ապա հետցեղասպանական շրջանում նրա գործունեության շրջանակներն ընդլայնվեցին` ընդգրկելով նաեւ սոցիալական, մշակութային եւ այլ բնագավառներ: Եթե նախացեղասպանական շրջանում հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցները միայն եկեղեցական եւ կրթական բնույթի էին, ապա երկրորդ փուլում դրանք, քանակապես ընդլայնվելով, միաժամանակ ընդլայնեցին իրենց բազմազանությունը: Կազմակերպական կառույցները Սիրիայի հայ ավետարանական համայնքն աչքի է ընկնում կազմակերպական կառույցների առատությամբ եւ բազմազանությամբ: Դրանք կարելի է բաժանել չորս մասի. Ղեկավար Եկեղեցական Կրթական Սոցիալական Ղեկավար կառույցները Սիրիայի հայ ավետարանական համայնքում երկուսն են` Հայ ավետարանական համայնքի գրասենյակը եւ Հայ ավետարանական կրթական խորհուրդը: Երկու հաստատություններն էլ գտնվում են Հալեպում եւ զբաղվում են կազմակերպչական գործունեությամբ: Երկուսն էլ գլխավորում է Սիրիայի հայ ավետարանականների համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը: Եկեղեցական կառույցները Սիրիայի հայ ավետարանական համայնքում ստեղծվել են 19-րդ դարի կեսին` հայ ավետարանական համայնքի ձեւավորմանը զուգընթաց: Առաջին Հայ Ավետարանական եկեղեցիները` Հալեպի Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին եւ Քեսապի Հայ Ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցին, հիմնադրվել են համապատասխանաբար 1852թ. եւ 1853թ.: Ներկայումս Սիրիայի հայ ավետարանական համայնքն ունի 11 եկեղեցի, որոնց գերակշիռ մեծամասնությունը կենտրոնացված է ավանդական հայ ավետարանական համայնքներում` Հալեպում (5) եւ Քեսապում (4): Մեկական Հայ Ավետարանական եկեղեցիներ կան նաեւ Դամասկոսում եւ Հոմսում: Կրթական հաստատությունները Սիրիայի հայ ավետարանական համայնքում դպրոցներն են: Դրանց քանակը ներկայումս 6-ն է: Կրթական հաստատությունների գերակշիռ մեծամասնությունը` 4 հատ, կենտրոնացված է Հալեպում: Մեկական դպրոց կա Դամասկոսում եւ Քեսապում5: Տաղանդավոր հայ երիտասարդների արտագաղթը կասեցնելու նպատակով մտադրություն կա Հալեպում հիմնել հայկական համալսարան: Սոցիալական կառույցները Սիրիայի հայ ավետարանական համայնքում 8-ն են: Դրանք նույնպես գլխավորապես կենտրոնացված են Հալեպում (7): Սոցիալական կառույցներից միայն մեկը` Հայկական քրիստոնեական ջանից ամառային ճամբարն է գտնվում Հալեպից դուրս` Քեսապում: Սիրիայի հայ ավետարանական համայնքի սոցիալական կառույցները բարեգործական, առողջապահական, երիտասարդական եւ այլ բնույթի հաստատություններ են: Դրանցից են, օրինակ, Ջինիշյան հիշատակի ձեռնարկի Սիրիայի մասնաճյուղը, Հովարդ Կարագյոզյան հաստատության Սիրիայի մասնաճյուղը, Քրիստոնեական ջանից երիտասարդական կենտրոնը եւ այլն: Կազմակերպական կառույցների գործունեության համահայկական բնույթը Սիրիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցների գործունեությունը չի սահմանափակվում միայն նեղ ավետարանական համայնքի շրջանակներում: Այն ընդգրկում է ողջ սիրիահայ համայնքը` անկախ դավանանքային տարբերություններից, ինչը վկայում է Սիրիայի հայ ավետարանականների` ողջ սիրիահայության մեջ ինտեգրվածության եւ նրա անբաժանելի մասը լինելու մասին: Սիրիայի հայ ավետարանական կառույցների գործունեության համահայկական բնույթը դրսեւորվում է հետեւյալ բնագավառներում. Հոգեւոր Կրթական Սոցիալական Հոգեւոր ոլորտ: Անգամ եկեղեցական կառույցների գործունեությունն է տարածվում ոչ միայն ավետարանականների վրա. Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների այցելուների թվում են նաեւ հայ առաքելականները: Ըստ ավետարանական հոգեւորականների` գլխավորը քրիստոնեական հավատքն է, դավանանքը երկրորդական նշանակություն ունի: Ինչպես նշում է Դամասկոսի Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Տաթեւ Պասմաճյանը. «Կարեւորը հայ քրիստոնյա լինելն է: ...Վերջում, երբ Աստծու մոտ գնանք, չի հարցնելու` ավետարանակա՞ն ես, թե՞ առաքելական» Կրթական ոլորտ: Սիրիայի հայ ավետարանական կրթական հաստատությունների համահայկական բնույթը երեւում է երկու հանգամանքով. Հայեցի կրթությամբ: 19-րդ դարի վերջից սկսած` արվել է ամեն ինչ հայ ավետարանական դպրոցներում հայեցի կրությունն ապահովելու համար: Ինչպես նկատում է վերապատվելի Ե.Քասունին. ,...Մինչեւ 1890-ական թուականները... Հայ Աւետարանական դպրոցներուն մէջ անգլերէն, հայատառ եւ արաբատառ թրքերէն կը դասաւանդուէր. հայերէնը չկար: Հայ Աւետարանականները 1893-էն ետք պարտադիր դարձուցին հայերէնի եւ կարգ մը այլ նիւթերու հայերէնով ուսուցումը իրենց այն գիւղերուն մէջ, ուր հայերը միակ բնակիչներն էին»: Աշակերտության դավանանքային կազմով: Հայ ավետարանական դպրոցներում ուսանող աշակերտների դավանանքային կազմը չի սահմանափակվում միայն ավետարանական երեխանեով: Հայ առաքելական երեխաների կողմից բողոքական դպրոցներ հաճախելը ընդունված է եղել դեռեւս նախացեղասպանական շրջանում` կապված ազգային դպրոցների անմխիթար վիճակի հետ: «...Ոչ դաւանափոխ ընտանիքներ ի վերջոյ կը յօժարին իրենց զաւակներն ալ բողոքական ու լատին վարժարանները ղրկել, որովհետեւ ազգային դպրոցները ո՛չ կանոնաւոր դասագիրք ունին, ո՛չ շէնք, ո՛չ դպրոցական իրեր եւ ո՛չ ալ բաւարար ու որակեալ ուսուցիչներ»,- գրում է Հ. Չոլաքյանը: Սոցիալական ոլորտ: Սոցիալական կառույցների գործունեությունից չի կարող օգտվել միայն նեղ ավետարանական համայնքը, քանի որ դրանք ստեղծվել են ծանր կացության մեջ գտնվող սիրիահայերին օգնելու նպատակով: Այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Հայ ծերանոցը, Հովարդ Կարագյոզյան հաստատության եւ Ջինիշյան հիշատակի ձեռնարկի Սիրիայի մասնաճյուղերը, Արեւիկ կենտրոնը, տեղի Հայության շրջանում իրականացնում են բազմաբնույթ սոցիալական ծրագրեր: Սոցիալական կառույցների գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն նեղ ավետարանական համայնքի շրջանակներում նաեւ այն պատճառով, որ դրանցից որոշները տնօրինվում են Սիրիայի հայկական երեք հարանվանությունների կողմից: Միջդավանական համագործակցությունը Սիրիահայության երեք դավանանքային խմբերի մոտ էլ բարձր է ազգային ինքնագիտակցությունը, որը նրանց միավորում է մեկ ընդհանրության` Սիրիայի հայ համայնքի մեջ: Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական հարանվանություններին բնորոշ են հայկական ինքնության հատկությունները: Օրինակ` ընդհանուր հայրենիքի գիտակցությունը, որը վառ արտահայտվեց 1946-48թթ. մեծ հայրենադարձության շրջանում: Հայրենադարձության խանդավառության ալիքը, ինչպես վկայում է Հ.Չոլաքյանը, իր մեջ կլանեց ողջ սիրիահայությանը` անկախ դավանանքային տարբերություններից: «Ներգաղթ կը կազմակերպուի Սիրիոյ բոլոր շրջաններէն` գիւղերէն ու քաղաքներէն: Կը ներգաղթեն հայկական երեք կրօնական համայնքներու եւ բոլոր շրջանակներու պատկանող ընտանիքներ եւ անհատներ»: Սիրիայի հայ ավետարանական համայնքի` ողջ սիրիահայության անբաժանելի մասը լինելու վառ արտահայտություն են նաեւ հայ առաքելական եւ կաթողիկե հարանվանությունների հետ նրա սերտ շփումներն ու համագործակցությունը: Միջդավանական համագործակցությունը դրսեւորվում է երկու մակարդակով. Անհատական, երբ ակտիվ շփման եւ գործակցության մեջ են գտնվում երեք հարանվանությունների առանձին անհատներ: Ինստիտուցիոնալ, երբ շփումներն ու համագործակցությունը տեղի են ունենում Հայ առաքելական,կաթողիկե եւ ավետարանական համայնքների միջեւ` նրանց ինստիտուցիոնալ կառույցների միջոցով: Անհատական համագործակցությունը դրսեւորվում է հետեւյալ հիմնական ձեւերով. ազգային կառույցներում երեք հայ հարանվանությունների ներկայացուցիչների ընդգրկվածությունն ու համատեղ գործունեությունը: Միջդավանական համագործակցության այս ձեւն արմատներով գնում է դեռեւս Սիրիայի հայ ավետարանական համայնքի պատմության նախացեղասպանական փուլը` 1890-ական թթ.: Նման համագործակցության սկիզբը դրվեց հայ առաջին կուսակցությունների գործունեությամբ, որոնք էլ հանդես էին գալիս որպես համազգային կառույցներ: Ինչպես հիշատակում է Հ.Չոլաքյանը. «Ս.Դ.Հ.Կ.ն էր, որ ամէնէն առաջ ազգային գիտակցութիւն եւ ապրում արթնցուց դաւանական խնդիրներով այնքան բաժան-բաժան եղած ու իրարու դէմ թշնամական զգացումներ տածող համագիւղացիներու մէջ: Այդ գիւղերուն մէջ կուսակցութեան անդամ էին հայ քահանան, կաթոլիկ վարդապետը, բողոքական քարոզիչն ու պատուելին, եւ նոյնիսկ լատին օտարազգի հայրը ...»: Հետցեղասպանական շրջանում ակնառու է ՀԲԸՄ օրինակը: ,Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ներկայութիւնը Անտիոքի շրջանի միւս գիւղերուն պարագային, ինչպէս Քեսապ, բարերար դեր ունեցած է տարբեր համայնքներու զաւակները նոյն մասնաճիւղին մէջ առնելու եւ անոնց մէջ ազգային դաստիարակութեան ընդհանուր նկրտումներ ապահովելու տեսակէտէն: Հայ լուսաւորչականին հետ նոյն մասնաճիւղին մէջ մտած են նաեւ բողոքականը, կաթողիկէն եւ նոյնիսկ` լատինըե,- վկայում է Հ. Չոլաքյանը: Համազգային միջոցառումներին երեք հայ հարանվանությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Ամենազանգվածային համազգային միջոցառումներն ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներն են, որոնց հայերը մասնակցում են` անկախ դավանանքային տարբերություններից: Դամասկոսի համալսարանի դասախոս Նորա Արիսյանի խոսքերով. «Այդ օրը սիրիահայերն աշխատանքի չեն գնում, նրանք փակում են իրենց խանութները եւ երեկոյան ներկա գտնվում միջոցառումներին: Այսինքն` ցանկացած հայ Սիրիայում իր հարգանքի տուրքն է տալիս նահատակներին»: Աշխարհիկ կարգի հարաբերություններում եւ գործունեության բնագավառներում դավանանքային տարբերությունների դերի ու նշանակության բացակայությունը: Այդ կարգի հարաբերություններում եւ գործունեության ոլորտներում ընդգրկվում են ինչպես առաքելական, այնպես էլ կաթողիկե եւ ավետարանական հայերը: Լավ օրինակ են սիրիահայ համայնքի սպորտային խմբակները, որոնցում ընդգրկվում են հայերը` անկախ իրենց դավանանքային տարբերություններից: Այլ օրինակ. ՌԱԿ կլոր տարեդարձներին նվիրված միջոցառումներին, որպես կանոն, հրավիրվում են«...անձնավորություններ, որոնք Հայ ազգին մատուցել են գնահատելի ծառայություններ` առանց նկատի ունենալու նրանց կուսակցական պատկանելությունը կամ դավանանքը»: Ինստիտուցիոնալ մակարդակով միջդավանական համագործակցության դրսեւորման ձեւերն են. Համատեղ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը: Մեկ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին մյուսների մասնակցությունը: Համազգային միջոցառումներին երեք հարանվանությունների մասնակցությունը: Կառույցների համատեղ հիմնումը եւ դրանց համատեղ տնօրինումը: Սիրիահայ համայնքային խնդիրների լուծման համար համատեղ պայքարը: Ինստիտուցիոնալ մակարդակով միջդավանական համագործակցությունն ակտիվորեն դրսեւորվում է քաղաքական, սոցիալական, գիտամշակութային եւ կրթական բնագավառներում: Քաղաքական ասպարեզում Սիրիայի հայ երեք հարանվանությունների միջեւ համագործակցությունը նպատակաուղղված է համազգային խնդիրների լուծմանը: Այս տեսակետից բացառիկ նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար մղվող պայքարը: Այս հարցում Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների միջեւ առկա են սերտ համագործակցություն եւ փոխըմբռնում: Քաղաքական ասպարեզում միջդավանական համագործակցությունն ու շփումները դրսեւորվում են հիմնականում համատեղ միջոցառումների կազմակերպման եւ համազգային միջոցառումներին երեք հարանվանությունների մասնակցության ձեւով: Ամենամյա ապրիլքսանչորսյան միջոցառումները, օրինակ, կազմակերպվում են Հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական հարանվանությունների կողմից: Համազգային միջոցառումներին համատեղ մասնակցության ակնառու օրինակ էր այն, որ 2010թ. ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի` Սիրիա կատարած այցելության ընթացքում Հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական համայնքների առաջնորդները միասնաբար ուղեկցում էին ՀՀ նախագահին եւ համատեղ մասնակցում նախագահի այցի ընթացքում նախատեսված միջոցառումներին: Սոցիալական ոլորտը շատ կարեւոր տեղ ունի միջդավանական համագործակցության մեջ: Այստեղ համագործակցությունը դրսեւորվում է սոցիալական կառույցների համատեղ հիմնադրմամբ եւ տնօրինմամբ: Այդպիսի սոցիալական կառույցներ են Հայ ծերանոցը, Հովարդ Կարագյոզյան հաստատության եւ Ջինիշյան հիշատակի ձեռնարկի Սիրիայի մասնաճյուղերը, հաշմանդամ երեխաների Արեւիկ կենտրոնը: Գիտամշակութային ոլորտում միջդավանական համագործակցության ու շփումների դրսեւորման ձեւեր են համազգային միջոցառումներին համատեղ մասնակցությունը, համատեղ միջոցառումների կազմակերպումը, մեկ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին մյուսների մասնակցությունը: Համազգային միջոցառումներին համատեղ մասնակցության տեսակետից ուշադրության է արժանի Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումներին Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների համատեղ մասնակցությունը: Համատեղ միջոցառումների առումով ուշագրավ օրինակ է հայ գրերի գյուտի 1600-ամյակի, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի եւ այլ նշանավոր տարեդարձերի նշումը միասնական ուժերով: Ինչ վերաբերում է մեկ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին մյուսների մասնակցությանը, ապա համագործակցության այդ ձեւը դրսեւորվում է անգամ տարածաշրջանային մակարդակով: Օրինակ, 2009թ. հոկտեմբերի վերջին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից կազմակերպված համագումարին` նվիրված Ադանայի ջարդերի 100-ամյակին, մասնակցում էր եւ զեկույցով հանդես եկավ Սիրիայի հայ ավետարանականների համայնքապետ, վերապատվելի Հ.Սելիմյան: Կրթական ոլորտում միջդավանական համագործակցության նպատակն է աջակցել հայեցի կրթությանը: Հ.Չոլաքյանը, խոսելով 19-րդ դարի վերջի դրության մասին, նկատում է, որ ազգային կրթության եւ դաստիարակության հարցը անհրաժեշտություն է ,...բոլոր հայոց համար, ի՛նչ համայնքի ալ պատկանած ըլլային անոնք»: Այս ասպարեզում համագործակցության ակնառու ձեւ էր հայկական հարանվանությունների համատեղ պայքարը, որով նրանք միասնական ջանքերով կարողացան հասնել նրան, որ հայկական կրթական հաստա-տություններում թույլատրվի հայերենի ուսուցումը, ինչպես նաեւ կրոնագիտության դասընթացներն անցկացվեն հայերենով: Այսպիսով, Սիրիայի հայ ավետարանական համայնքի կազմակերպական կառույցների ակտիվ գործունեությունն աշխուժություն է հաղորդում համայնքի կյանքին: Դրանց գործունեության տարածումը ողջ սիրիահայության շրջանում, միջդավանական շփումներն ու համագործակցությունը տեղի Հայ առաքելականների եւ կաթողիկեների հետ վկայում են այն մասին, որ Սիրիայի հայ ավետարանական համայնքը կազմում է տեղի հայ համայնքի անբաժանելի մասը: «Նորավանք» հիմնադրամ Վահրամ Հովյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն