Արցախյան խնդիրը «Գորդյան հանգույց» է, որը մենք պետք է կտրենք, կտրատենք ու անցնենք առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արցախյան խնդիրը «Գորդյան հանգույց» է, որը մենք պետք է կտրենք, կտրատենք ու անցնենք առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-09-2018 19:28:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
Արցախյան խնդիրը «Գորդյան հանգույց» է, որը մենք պետք է կտրենք, կտրատենք ու անցնենք առաջ:
 
Նման կարծիք սեպտեմբերի 5-ին «Նոյյան Տապան»-ում հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով «Արցախյան խնդրի բանակցային գործընթացի վերանայման անհրաժեշտությունը նոր քաղաքական իրավիճակում» թեմային: 
 
Ըստ նրա՝ Արցախյան խնդիրը որպես «Գորդյան հանգույց», հյուսված է երկու պարանից: 
 
«Պարաններից մեկը կոչվում է միջազգային իրավունք և միջազգային հանրության կարծիք, իրականում այդ երկուսն էլ որպես ներդաշնակ ամբողջություն, համակարգ և միասնական դիրքորոշում գոյություն չունեն, դրանք ձևավորվում են որպես քաղաքականության արգասիքներ, ընդ որում միջազգային իրավունքի ակտերը և տարբեր պետությունների կարծիքները հաճախ հակասում են. և մյուսը մեր պետականության հայեցակարգն է, որը մենք որդեգրել ենք այս տարիների ընթացքում՝ 1988-ից սկսած»,- նշեց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ Արցախյան խնդիրը համահայակական նշանակություն ունի և չպետք է այն տարանջատել ամբողջ համակարգից: 
 
Նրա կարծիքով՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցում պետք է շարժվել նոր փիլիսոփայությամբ, մասնավորապես, ինքներս մեր մեջ պետք է արթնացնենք հայկյան ոգին և պարտավոր ենք որպես ազգ՝ վերաստանձնել մեր առաքելությունը՝ մերժելով այն ամենը, ինչը խանգարում է դրան:  
 
«Այլևս վերջ պետք է տանք ռուսական զոնայում մնալու մեր վախվորած քաղաքականությանը, և պետք է պայթեցնենք այդ ձևաչափը. Պայթեցնենք մեր ոգու պոռթկումով, մեր առաքելակիր և հայրենատիրական գործունեությամբ: Այլ տարբերակ չկա, մենք ենթարկվում ենք դանդաղ ցեղասպանության, ինչո՞ւ դանդաղ, լավ էլ արագ ենք ցեղասպանվում, իսկ քննարկել, թե այդ համակարգը սպասարկած դրածո վարչակազմերը ինչ են արել, ինչ չեն արել, մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու»,- նկատեց Վ. Ավետիսյանը:
 
Վերջինիս համոզմամբ՝ հայությանը վերաբերող մասով պետք է չեղյալ համարել բոլոր այն միջազգային իրավական ակտերն ու գործողությունները, որոնք հակասում են  «մեր հայրենիքի իրավունքին» և ինքնորոշվել հայության իրավազորության տարածքում: 
 
Նոր քաղաքական իրավիճակում Արցախյան խնդրի բանակցային գործընթացի վերանայման անհրաժեշտությանն անդրադարձավ նաև «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ-հետախույզ Վովա Վարդանովը՝ ընդգծելով, որ առաջ շարժվելու համար նախևառաջ պետք է գնահատել սեփական գործիքակազմը և դրա հնարավորությունները: 
 
Նրա համար անահասկանալի է, թե ինչպես կարելի է փաստացի ունենալ Ադրբեջանական ԽՍՀ-ից մեծ թվով փախստականներ և չօգտագործել այդ հանգամանքը որպես գործիք արտաքին քաղաքականության մեջ: 
 
«Այս գործիքով մենք ավելի ուժեղ ենք և ինչու չէ պետք է պարտադրենք իշխանություններին օգտվել դրանից»,- նշեց Վ. Վարդանովը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն