Երաժշտություն և արվեստի կրթություն՝ բոլորի համար


Երաժշտություն և արվեստի կրթություն՝ բոլորի համար

  • 10-09-2018 12:11:28   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Մուղդուսյան արվեստի կենտրոնը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ 2018 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» հնգամսյա ծրագիրը: 
Ծրագրի միջոցով Կենտրոնը ցանկանում է լիարժեք ներառականության մոդել ստեղծել և լսողության խնդիրներ ունեցող երեխաներին ներառել կրթական, սոցիալ-մշակութային կյանքին։ 
 
Ծրագրի շրջանակում Մուղդուսյան արվեստի կենտրոնի քանդակագործության, նկարչության, վոկալի, խեցեգործության և կարպետագործության մասնագետները կսովորեն ժեստերի լեզուն, որը նրանց հնարավորություն կտա ավելի հեշտ հաղորդակցվել կենտրոն հաճախող լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ժեստերի լեզուն կուսուցանվի նաև կենտրոնի 20 սաների:
Ժեստերի լեզվով կթարգմանվեն հայ դասական ժողովրդական երգերը, որոնք Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը կներկայացնի «Ես լսում եմ քեզ» ներառական մենահամերգի ընթացքում: Այն «Ես լսում եմ քեզ» միջոցառումների շարքի մաս է կազմում. նախատեսվում են նաև տեղեկատվական արշավներ և ֆլեշմոբ՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանն ու լսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն:
Մուղդուսյան արվեստի կենտրոնի մասնագետները կկարողանան ավելի արդյունավետ կազմակերպել դասավանդման գործընթացը լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ ստեղծելով արվեստի կրթություն ստանալու ավելի բարենպաստ, ներառական պայմաններ։ 
Ավելացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ականջի և պտկաձև ելունի հիվանդության հիմքով  հաշմանդամության խումբ ունեցող անձանց 15 տոկոսը (476 հոգի) երեխաներ են: 
 
***
Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնվել է 2014 թվականին և որդեգրել է լիարժեք ներառականության սկզբունքը: 
Սոցիալապես անապահով ընտանիքների և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների  համար ուսուցումն այստեղ  անվճար է: 
Կենտրոնի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ֆեյսբուքյան էջի և Նաիրյան վոկալ անսամբլի Յութուբի ալիքի միջոցով։
 
 
Մուղդուսյան արվեստի կենտրոն
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play