Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ


Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ

  • 10-09-2018 12:15:57   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն:
 
Հիշեցնենք, որ սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։
 
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝
 
·         անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,
 
·         բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,
 
·         սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,
 
·         թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
 
·         սպանդանոցային տնտեսություն,
 
·         ագրովերամշակող արդյունաբերություն,
 
·         ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
 
     Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:  Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։
 
 Հավելենք, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն