«Արևմտյան ճակատում նորություն չկա». պատերազմի մասին պատմող բեսթսելերը թարգմանվել է հայերեն


«Արևմտյան ճակատում նորություն չկա». պատերազմի մասին պատմող բեսթսելերը թարգմանվել է հայերեն

  • 13-09-2018 15:02:48   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին «Նոյյան տապան» գրախանութում: Գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը: 
 
«Գործողությունների կենտրոնում Պաուլ Բոյմերն ու նրա զինակիցներն են՝ տասնութից քսան տարեկան երիտասարդներ: Ամեն մեկը մի ուրույն աշխարհ է, վեպի հենց առաջին-երկրորդ էջերից այնքա՜ն հոգեհարազատ են դառնում ընթերցողին իրենց բնավորությամբ, խառնվածքով, որ ամեն մեկի մահը մի-մի կրակոց է ընթերցողի սրտին: Վեպում ակնբախ է պատերազմի հետևանքով հերոսների բնավորության փոփոխությունը, այն, որ նրանք դառնում են անտարբեր, անկարեկից, բայց նրանց այդ անտարբերությունն ու անհաղորդությունը դիմացինի ցավին ու հոգեվիճակին  երբեք ու երբեք չեն տարածվում իրենց զինակիցների վրա, ավելին, որքան դաժան են, նույնքան և գուցե ավելի բարի ու ազնիվ իրենց ընկերների հանդեպ, չէ՞ որ նրանք միմյանց համար դպրոցական հուշերից կառուցված մեկական կամուրջ են՝ քաղաքացիական կյանքին կապող»,-նշում է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը: 
Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը: 
Նշենք, որ հրատարակչության նախաձեռնությամբ հայ ընթերցողին արդեն իսկ բնագրային թարգմանությամբ ներկայացվել են Ռեմարկի «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» ստեղծագործությունները: 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր