Ամերիկահայ բարերարների շնորհիվ սպիտակցի երեխաներն այսուհետ կայցելեն հիմնանորոգված մարզադպրոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22-09-2018 12:07:25 | Հայաստան | Բարեգործություն
Տասնյակ մեծ ու փոքր սպիտակցիներ համայնքի բարձրաստիճան պաշտոնյանների հետ միասին առավոտից հավաքվել էին քաղաքի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցի բակում, որպեսզի դիմավորեին օրվա գլխավոր հյուրին՝ Ամերիկայից ժամանած 89-ամյա բարերար Հովհաննես Բալայանին:
Հենց նրա շնորհիվ է, որ այսուհետ սպիտակցի փոքրիկները կկարողանան հիմնանորոգված մարզադահլիճում տարվա ցանկացած եղանակին զբաղվել նախընտրելի մարզաձևով:
Սպիտակի թիվ 1 մարզադպրոցի հիմնանորոգման համար հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» հիմնադրամը հատկացրել է 28 մլն դրամ:
Շինաշխատանքների առաջին փուլում այդ գումարը ծախսվել է դպրոցի ամենամեծ մարզադահլիճի հիմնանորագման, սանհանգույցների, լոգարանների և հանդերձարանների կառուցման, ինչպես նաև ժամանակակից չափանիշներին համապատասխանող ջեռուցման համակարգի ներդրման համար:
«Ամեն տարի մենք մեկ կամ երկու դպրոց, նայած բյուջեի, վերանորոգում ենք։ Հայաստանում դպրոցների վիճակը շատ խայտառակ է, դրա համար երբ մենք ուզում ենք Հայաստանին օգտակար լինել, առաջին հերթին մտածում ենք դպրոցների ու մանկատների մասին, որովհետև դրանք մեր հույսն են»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» հիմնադրամի նախագահ Հովհաննես Բալայանը։
Երկհարկանի մարզադպրոցում, սակայն, դեռևս կան չվերանորոգված մարզասրահներ, որոնք Հ. Բալայանի վստահեցմամբ՝ անպայման կվերանորոգվեն ծրագրի երկրորդ փուլում, երբ անհրաժեշտ գումարը հավաքված կլինի:
Ամերիկահայ բարերարների անվերապահ վստահությունը վայելող «Սուրբ Ծնունդ» հիմնադրամը չխախտվող ավանդույթ ունի, ի նշան երախտագիտության՝ Հայաստանում հիմնանորոգված հաստատություններում նվիրատուների կամ նրանց ծնողների անուններով ու լուսանկարներով անկյուն է ստեղծվում:
Սպիտակի թիվ 1 մարզադպրոցի հանդիսավոր բացմանն այստեղ երկար էին սպասել ու նախապատրաստվել: Ներկաններին իրենց ելույթներով ողջունեցին նախ փոքրիկները, ապա մարզպետն ու քաղաքապետը:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր բարերարներին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կստացվի:
Իսկ քաղաքապետ Գագիկ Սահակյանը նկատեց՝ Սպիտակում խնդիրները բազմաթիվ են, այդ թվում ենթակառուցվածքների հետ կապված, սակայն մարզադպրոցի հիմնանորոգումը, որը պետական միջոցներով գրեթե անհնար կլիներ, կնպաստի, որպեսզի մայրաքաղաքից կտրված համայքնում սպորտով զբաղվող պատանիները լավագույն արդյունքներ գրանցեն:
«Ենթակառուցվածքը, որի բացմանը դուք այսօր ներկա եղաք, Սպիտակի թիվ 1 մարզադպրոցն ուներ հիմնանորոգման խնդիր, և մենք կարողացանք մեր Ամերիկայում գործող բարերարների միջոցներով վերանորոգել, վերակառուցել, ջեռուցման համակարգ անցկացնել և այն դարձնել մեր երեխաների համար շատ հարմարավետ շենք, որտեղ երեխաները կարող են մեծ արդյունքներ արձանագրել»,- նշեց Գագիկ Սահակյանը։
Միջոցառման ավարտին Հովհաննես Բալայանը մարզասեր փոքրիկներին կոչ արեց մաքուր պահել դպրոցը, սիրով ու խնամքով պահպանել վերանորոգված դահլիճն ու գույքը: