ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

  • 27-09-2018 18:39:39   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
 
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։
 
Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան ևս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար:
 
Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և իր կողմից վստահեցրել, որ իր առաքելության ընթացքում հնարավորինս կաջակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացմանը, գյուղմթերքի ներմուծման և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն