Ավարտվեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը<br />


Ավարտվեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը

  • 08-09-2010 19:36:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովում Կանադայի քանդակագործների միության անդամ Գէորգ Գասսաբյանը, ով հանդես է եկել «Հայ արվեստագետները Հայաստանում եւ Սփյուռքում» զեկույցով, շեշտել է համաշխարհային կերպարվեստի ասպարեզում հայ նկարիչների պակասն ու կարեւորել պետության, հատկապես Սփյուռքի նախարարության դերն այս հարցում: «Սփյուքը խոսք ունի ասելու»,- հայտարարել է Գ.Գասսաբյանը, նշելով, որ նման համաժողովը գործնական քայլեր պետք է ենթադրի, հակառակ դեպքում «տուրիստական» հավաքները անիմաստ կլինեն: Ըստ Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լեւոն Իգիթյանի, ծառացած խնդիրներին պետք է մասնագիտական, եւ ոչ թե սիրողական մոտեցում ցուցաբերել: «Անհրաժեշտ է մեր բոլորի կողմից խելամիտ ու լավ մշակված համակարգ: Պետք է ձեռնոց նետել այն ասպարեզում, որտեղ ուժեղ ենք, իսկ կերպարվեստում` ուժեղ ենք»,- ասել է նա: «Ստեղծագործական միություններ ու քաղաքակիրթ հասարակություն» զեկույցում ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարեւորել է պետության աջակցությունը անհատ ստեղծագործողների ազատությունը չսահմանափակելու գործում: Նրա խոսքերով, միայն այս դեպքում հայ արվեստագետը ազատ կլինի, ոչ թե կախված «արվեստասեր» չինովնիկների քմահաճույքներից: «Հայ մշակույթը պաշտպանության կարիք ունի»,- նշել Կ.Աղամյանը: Զեկույցներին հաջորդած քննարկման ընթացքում հատկապես կարեւորվել է ՀՀ դեսպանություններում մշակութային կցորդ ունենալու անհրաժեշտությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է նաեւ արվեստագետների ուժերով Սփյուռքահայ արվեստի թանգարան ստեղծել, ուր կներկայացվեն սփյուռքահայ արվեստագետների գործերը: Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play