Մեր ազգին «դուխ» տվող վեպ է, մենք իսկապես կարող ուժ ենք. Աշոտ Աղաբաբյանն իր «Թակարդ» վեպի մասին (տեսանյութ)
08-10-2018 15:34:28 | Հայաստան | Նոր գրքեր
Նոր լույս ընծայված «Թակարդ» վեպի հեղինակ, սիրված գրող Աշոտ Աղաբաբյանի հավաստմամբ, այդ վեպի մեջ ընթերցողը կգտնի այնպիսի փաստեր, որոնք կարող է ականջի ծայրով լսել է, թե նման բան եղել է, ու կասկածում է:
«Այսօր ընդունված է, հեղափոխությունից հետո, «դուխով» բառը, իսկապես ժողովրդին «դուխ» տվող վեպ է, և այդ իմաստով շարունակականությունն է նախորդ վեպերի,- այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Աշոտ Աղաբաբյանը:- Կարելի է ասել, որ, այո, և՛ հպարտության, և՛ այնպիսի զգացում է տալիս, որ մեր կողքին ունենք այսպիսի մարդիկ և անհանգստանալու բան չունենք, մենք ոգևորվելիք և մեծ անելիքներ ունենք, և կարող ուժ ենք: Այդ է ասում այս վեպը լեգենդի հասնող պատմություններով, որ գեղարվեստական են, սակայն իրականություն»:
Նկատի ունենալով իր նոր՝ «Թակարդ» վեպի գլխավոր հերոսին՝ Արցախյան ազատամարտում մեծ ավանդ ունեցած հայ հետախույզին, որի իսկական անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի հրապարակվում, «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց, որ այդպիսի մարդիկ շատ չեն, եզակի են մեր մեջ, որոնց անուն-ազգանունը չի գրվում մամուլում, նրանց դեմքը հեռուստաէկրաններին չի երևում, չնայած տարիներ են անցել:
«Այդպիսին է նաև իմ հերոսը, և հաճախ այսպիսի մարդկանց ուղղակի մոռանում են, և երկիրն էլ է մոռանում, բայց նրանք խիստ առանցքային դերակատարություն են ունեցել և շատ մեծ ներդրում,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:- Իհարկե, ինձ խորհուրդ են տվել՝ գուցե տարիներ հետո՞ գրվեր սա:- Իսկ ինչո՞ւ, գնա մեռի՝ արի սիրեմ էլի՞, հերթական… Մենք պետք է իմանանք, որ մեր կողքին այսօր այսպիսի հզոր անհատականություններ կան, և անհրաժեշտության դեպքում նրանք նորից հայտնվելու են այնտեղ՝ սահմանային գծում, որտեղ եղել են նախկինում, և պատերազմի աներևույթ մասում մեծ հաջողություններ են մեզ տալու, ինչպես և եղել է մեր ժամանակի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»:
Հոկտեմբերի 8-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն էր սիրված գրող Աշոտ Աղաբաբյանը, ում նոր՝ «Թակարդ» վեպը՝ լույս է տեսել և հանվել է վաճառքի հոկտեմբերի 4-ից Երևանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի կետերում։
«Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություններն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Գրող Աշոտ Աղաբաբյանը ընթերցողին հայտնի է հանրահայտ «Ռեզիդենտը» և «Մենակը» բեսթսելլեր համարվող վեպերով, որոնք վերահրատարակվել են յոթ անգամ, թարգմանվել ռուսերեն, պարսկերեն, անգլերեն:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։