«Տանը մնացած»-ն ու ոսկե մրցանակակիրը. Կայացել է արձակագիր Սարգիս Գոքորյանի երրորդ գրքի շնորհանդեսը


«Տանը մնացած»-ն ու ոսկե մրցանակակիրը. Կայացել է արձակագիր Սարգիս Գոքորյանի երրորդ գրքի շնորհանդեսը

  • 11-10-2018 12:22:08   | Հայաստան  |  Գրական էջ

 
«Տանը մնացած», այսպես է կոչվում երիտասարդ գրող, հեռուստամեկնաբան Սարգիս Գոքորյանի թվով երրորդ գիրքը, որի շնորհանդեսը, վերջերս կայացավ: 
 
Այն պատմություն է՝ չամուսնացած մի աղջկա մասին, ով ամեն կերպ փորձում է հարմար փեսացու գտնել, սակայն հաջողության չի հասնում: Արձակ ժանրում այս ստեղծագործությունը քաղցր ու միևնույն ժամանակ դաժան պատմություն է՝ համեմված հերոսներին հանդիպած բոլոր դժվարություններով, որոնք պատմությունն ավելի դինամիկ են դարձնում:
 
Ստեղծագործության հիմքում կրկին զգացմունքներն են, որոնք ստիպում են անել ճակատագրական քայլեր: Ըստ հեղինակի՝ պատմության առանձնահատկությունը նրանում է, որ հերոսուհու կերպարի մեջ հնարավորինս առատ են ներկայացված այն աղջիկների ապրումները, ովքեր շտապում են ամուսնանալ, կամ պարզապես չի հաջողվում դա անել:
 
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Սարգիս Գոքորյանին շնորհավորելու էին եկել գրողներ, մտավորականներ, ընկերներ, ընթերցասերներ:
 
Գրքի գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը: Նա տեղեկացրեց, որ որոշում է կայացվել Սարգիս Գոքորյանին արժանացնել միության ոսկե մրցանակին, որը մինչ օրս շնորհվել է ընդամենը երկու գրողի, ովքեր Ռուսաստանի գրողների միության անդամներ են:
 
Երրորդ մրցանակակիրը Սարգիս Գոքորյանն է։ Որոշումը կայացվել է միության անդամների համաձայնությամբ:
 
Գրքի վերլուծությունը շարունակեց բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Նրա խոսքերով՝ Սարգիս Գոքորյան արձակագրի հաջողության բանաձևը սեփական գրածի հետ լիովին անկեղծությունն է և, որ ոչ պակաս կարևոր է, նա գրում է մեր հասարակության ամենացավոտ կողմերի մասին, հերոսները հենց մենք ենք, բոլորս՝ մեր խնդիրներով, ձեռքբերումներով, առանձնահատկություններով, ուժով և թերություններով:
 
«Տանը մնացած» գրքի հեղինակն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, աջակիցներին այս և մյուս շնորհանդեսների կայացմանն աջակցելու համար և հույս հայտնեց, որ գիրքը կսիրվի ընթերցասերների կողմից, քանի որ պատմությունը, լինելով իրական, շատ հարազատ է գրեթե բոլոր տարիքային խմբերին:
 
Միջոցառման ընթացքում հյուրերը ունկնդրում էին վաստակավոր դաշնակահար, Ստեփանավանի արվեստի դպրոցի ուսուցչուհի Գայանե Պեպելյանի կատարումները:
 
«Տանը մնացած» գրքի շնորհանդեսներ են տեղի ունեցել նաև Վանաձոր, Գյումրի և Դիլիջան քաղաքներում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գրական էջ