Եվրոպան հակադրվել է Միացյալ Նահանգներին, ԱՄՆ-ը դարձել է չարիքի առանցք
12-10-2018 16:42:29 | ԱՄՆ | Քաղաքական
Իրանի իսլամական հանրապետությանը հովանավորելու նպատակով, ֆրանսիացի սենատորներն հանդես են եկել դոլարի նկատմամբ եվրոն ամրապնդելու կոչով:
Ըստ «Ֆրանս-24» հեռուստաընկերության հաղորդման, Ֆրանսիայի Սենատի աջամետ սենատոր Ֆիլիպ Բոնքարը և հանրապետական սենատոր Ժան Բիզեն հրապարակել են հայտարարություն, որում պահանջել են ստեղծել ֆինանսական հատուկ մեխանիզմ և ամրապնդել եվրոյի դիրքը, ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու և Իրանի հետ առևտրա-տնտեսական համագործակցությունը շարունակելու համար:
Ֆրանսիացի հիշյալ սենատորներն իրենց տարածած հայտարարության մեջ ընդգծել են եվրոպական անկախ կառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը, որը կկարողանա Իրանի հետ առևտրի համար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել եվրոպական ընկերություններին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին:
Սենատորներ Ժան Բիզեն և Ֆիլիպ Բոնքարը նաև կոչ են արել ԵՄ-ին՝ Բրյուսելում գտնվող այդ միության կենտրոնակայանում ստեղծել հատուկ կառույց՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներին դիմակայելու և Իրանի հետ եվրոպական ընկերությունների համագործակցությունը հովանավորելու համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս ասել է, որ Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ գործի ու պաշտպանի իր շահերը: Նկատի առնելով ԱՄՆ նախագահի կարգախոսներն ու դիրքորոշումները, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է պատրաստ լինեն ինքնուրույնաբար պաշտպանելու իրենց շահերը: Ըստ Մերկելի, իր ասածը նշանակում է, որ Եվրոպան պետք է կարողանա աշխարհաքաղաքական և համաշխարհային առումներով անկախ աշխատել:
«Եվրոպայի գերակայությունը ռազմական ուժը չէ,- ասել է Գերմանիայի կանցլերը:- Ռազմական ուժը համարվում է վերջին այլընտրանքը: Շարունակաբար պետք է ջանք գործադրել քաղաքական լուծումների ուղղությամբ… Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհում դերակատարություն ունենալ, պետք է հավաքական աշխատանք տանել ու Չինաստանի, Ռուսաստանի և Աֆրիկայի հետ կապված հստակ դիրքորոշում ընդունել»:
Թեև Մերկելն Իրանն այդ պետությունների թվում չէր նշել, բայց արդեն պարզ է, որ խոսքը վերաբերում է նաև Իրանին: Այս առումով ֆրանսիացի սենատորների հայտարարությունից բացի, հիշարժան է նաև այն փաստը, որ Հռոմի վերաքննիչ դատարանն օրերս, ինչպես հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, մերժել է Իրանի Կենտրոնական բանկի 5 մլրդ դոլարի ակտիվները սառեցնելու ԱՄՆ-ի դիմումը: Այս կապակցությամբ Իրանի նախագահի միջազգային հարցերով զբաղվող իրավաբանական կենտրոնի ղեկավար Մոհսեն Մոհեբին ասել է, որ Հռոմում գտնվող դատարանի վճիռը, որը 2018 թ. հունիսին կայացվել էր ընդամենը մի քանի ամերիկացիների պահանջը բավարարելով, և որով Իրանի կենտրոնական բանկի ամբողջ ակտիվները ժամանակավորապես սառեցվել էին, արդեն չեղյալ է հայտարարվել: