Այս օրերին Հայաստանում է գտնվում հալեպահայ, ամերիկաբնակ գրող, հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հայ գրողների միության փոխնախագահ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:
Վերջինս նաև բարեգործ է, ում հովանավորությամբ տպագրվել են մեկ տասնյակից ավելի գրքեր:
Այսինքն՝ «ազգային հավաքական գիտակցությունը»(Հովսեփի բառերն են) զարգացնելու և ամրապնդելու համար Հովսեփ Նալբանդյանը իր սուղ միջոցներից գումար է տրամադրում և տպագրում թե՛ հայրենիքում և թե՛ Սփյուռքում հայալեզու գիրք ու գրականություն:
Հովսեփը հազար ու մի թելերով է կապված Մայր Հայաստանին, նա այստեղ ունի ընկերներ, բարեկամներ, որոնք իրեն ճանաչում են երիտասարդ տարիքից:
Նա հիմնավոր կրթություն է ստացել Մայր-Հայաստանում՝ Երևանում: Ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ուսումնառության տարիներին նրան դասախոսել են մեր հայտնի ու տաղանդավոր լեզվաբաններից ու գրականագետներից շատերը:
Այն, որ Հովսեփը հայրենեասեր է, սիրում է մայր լեզուն, հայ գրականությունը, այդ լեզվի և գրականության ջատագովն ու տարածողներից մեկն է, համոզվել են ու գիտեն շատերը: Դա անհերքելի ճշմարտություն է:
Այս մարդու աշխատասիրությունն ու նպատակասլացությունը սահմաններ չի ճանաչում: Նա գրում է, ստեղծագործում, տպագրվում և որտեղ՝ օվկիանոսից այն կողմ, ազգերի խառնարանում, այն խառնարանում, որտեղ ժամանակը վերացնում է ազգային լեզուն և, նույնիսկ ազգային լեզվամտածողությունը: Եվ այդ պայմաններում նա ստեղծագործում է, տպագրում հայալեզու գրքեր և տարածում ԱՄՆ-ում:
Հովսեփ Նալբանդյանն ամեն տարի գալիս է Հայաստան, բայց՝ ոչ դատարկաձեռն: Նա յուրաքանչյուր այցելություն կատարում է իր նոր գրքով կամ գրքերով: Ակամայից զարմանում ես այս մարդու աշխատասիրության և նպատակասլացության վրա: Նա անընդհատ պրպտումների մեջ է, երբեմն հրաշք պատառիկներ է գտնում վաղուց մոռացված հեղինակներից, գրում է, տպագրում և նրա գրքերում այդ ստեղծագործությունները նոր կյանք են ստանում:
Հովսեփ Նալբանդյանը կարծես հայոց լեզվի դեսպանը լինի օվկիանոսից այն կողմ: Սա այն դեպքն է, երբ հայը չի ապրում Մայր Հայրենիքում, բայց, հենց օտար հողում ապրելով է հայանպաստ գործունեություն ծավալում:
Հիացմունքի և դրվատանքի խոսքերը չեն բավականացնում նրան բնութագրելու համար:
19 տարվա ընթացքում նա տպագրել է 45 գիրք, անհատական գրքերի թիվը հասնում է 20-ի՝ շուրջ 7000 էջ:
Հովսեփ Նալբանդյանն այդ հսկայածավալ գործն անում է Սփյուռքում` այդպիսով համայնքում վառ պահելով հայի ոգին: Նրա կարծիքով «բոլորս պետք է ձգտենք ամրապնդել մեր ազգային հավաքական գիտակցությունը», ահա՛ Հովսեփի կարծիքը.
«Բոլորս մեր անձնական շահերը պաշտպանելուց զատ, պիտի ձգտենք զարգացնել եւ ամրապնդել մեր ազգային հավաքական գիտակցությունը: Այսօր Սփյուռքում ապրող ութ միլիոն հայության մեկ երրորդը հայ չէ, քանի որ նրանք կապ չունեն հայկականության եւ հայի արմատների հետ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու, ուրեմն՝ միասին կերտենք մեր ապագան, որպեսզի սերունդները ոչ միայն հպարտանան, այլև հզորանան»:
Եթե Հովսեփի նման մտածեին արտերկրում ապրող հայերից շատերը…
Մի առիթով Հ. Նալբանդյանը խոստովանել է, որ գիրքը տարածելը, արժևորելը համարում է իր հիմնական աշխատանքը: Իսկ ես կասեի՝ կյանքի ուղենիշը:
Ես նրան «Հայոց լեզվի դեսպան» անվանելուց զատ՝ կանվանեի նաև հայ գրքի մեծագույն ԲԱՐԵԿԱՄ: