Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը


Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը

  • 26-10-2018 10:35:21   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռ. Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին 168.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:
 
Միջնորդությունը ներկայացվել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:
 
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
 
Փաստաբանը հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:
 
Նոյյան տապան  -   Իրավունք