Հարցազրույց Լոս Անջելեսում գործող «Լարք» երաժշտական ընկերակցության եւ համանուն երաժշտանոցի փոխտնօրեն, հանդիսավար, ասմունքող Թագուհի Արզումանյանի հետ


Հարցազրույց Լոս Անջելեսում գործող «Լարք» երաժշտական ընկերակցության եւ համանուն երաժշտանոցի փոխտնօրեն, հանդիսավար, ասմունքող Թագուհի Արզումանյանի հետ

  • 31-08-2010 20:32:22   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 Թագուհի Արզումանյանը ծնվել է մտավորականի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Գերազանցությամբ է ավարտել նաեւ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի մարդու գենետիկա բաժնում: Ավարտել է կարմիր դիպլոմով: Ուսման ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ անվանական կրթաթոշակի: Ավարտել է նաեւ ԵՊՀ ասպիրանտուրան: 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ հենց առաջին օրերից սկսած աշխատում է կրթության եւ մշակույթի բնագավառում: Հանդիսանալով թատերա-երաժշտական միության փոխտնօրենուհի` նա կազմակերպել է բազմաթիվ համերգներ, նկարչական ցուցահանդեսներ: Աշխատել է նաեւ ՀՕՄ-ի շաբաթօրյա դպրոցում` որպես հայոց լեզվի ուսուցչուհի: 1997 թվականից մինչ օրս Թագուհի Արզումանյանը ,Լարքե երաժշտանոցի փոխտնօրենն է եւ իր ներդրումն է ունեցել ,Լարքե կրթօջախի բարգավաճման գործում: Իր կազմակերպչական եւ գեղարվեստական բացառիկ ունակություններով նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ,Լարքե-ի համերգային ծրագրերում: Նրա գլխավորությամբ տարիներ շարունակ կազմակերպվում են հայ երաժշտության երեկոներ ուսանողների մասնակցությամբ, որոնցում ելույթ է ունեցել նաեւ իր իսկ ջանքերով կազմակերպված ասմունքի խումբը` ջանալով նոր սերնդի մեջ սեր առաջացնել հայ երաժշտության, գրականության եւ մեր ,ոսկեղենիկե լեզվի հանդեպ: Թ. Արզումանյանը մշտապես թղթակցում է համայնքում լույս տեսնող տարբեր թերթերի: Վարել է բազմաթիվ հարցազրույցներ հեռուստատեսությամբ Օհան Դուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ այլ երաժիշտների հետ: Նա է վարել նաեւ Իրաքից Հայաստան ընտանիքներ փոխադրելու համար իրաքահայերի միության հեռուստատեսությամբ կազմակերպված երկու հեռուստամարաթոնները: -Պատմեք, խնդրեմ, Միացյալ Նահանգներում Ձեր գործունեության մասին: Ճակատագրի բերում ապրում եմ Միացյալ Նահանգներում, բայց հոգով եւ սրտով Հայրենքիս հետ եմ: Մեր գործունեության ընթացքում փորձում ենք ոչ միայն գեղագիտական դաստիարակության ապահովել, այլ նաեւ նպաստել նրանց հայեցի դաստիարակությանը: Ես ինքս առնվազն տարին մեկ անգամ հայ երաժշտության երեկոներ եմ կազմակերպում, որոնց ընթացքում ելույթ են ունենում նաեւ իմ ասմունքի խմբակի սաները: -Ե՞րբ է հիմնադրվել ,Լարքե-ը եւ ո՞ր բնագավառներում է գործունեություն իրականացնում: Որպես կազմակերպություն ,Լարքե-ը հիմնվել է 1989 թվականին Վաչե Բարսումյանի կողմից: Նա ,Լարքե-ի հիմնադիր տնօրենն է: Կազմակերպությունը գործունեություն է ծավալել տարբեր ուղղություններով: Հրատարակել է բազնմաթիվ գրքեր, գիտական աշխատություններ, ուսումնասիրություններ, եւ մինչեւ օրս էլ զբաղվում է հրատարակչական գործունեությամբ (,Դրազարկ հրատարակչատունե): «Լարք»-ի գործունեության հաջորդ ուղղությունը համերգային ծրագրերն են: Մենք կազմակերպում ենք տարբեր համերգներ: Ներկայացրել ենք աշխարհի բազմաթիվ մեծ երաժիշտների: Դեռ մի քանի տարի առաջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ մենք ներկայացրեցինք Տիգրան Չուխաջյանի երեք օպերետները, որոնք մեծածավալ գործեր են: Ներկայացրել ենք ինչպես արեւմտաեվրոպական երաժիշտների (Բեթհովեն, Մոցարտ), այնպես էլ հայ երաժիշտների (Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան, Արթուր Ավանեսով, Միրզոյան, Շարաֆյան եւ այլն) գործեր: Հիմա ունենք նաեւ ,Դիլիջանե համերգաշար: Այն կրում է կոմպոզիտորների միության տան ,Դիլիջանե խորագիրը: Մենք ուզում ենք հայկական երաժշտությունը ներկայացնել ոչ միայն հայերին, այլ նաեւ օտարազգիներին: «Լարք»-ը նաեւ կրթօջախ է: Որպես երաժշտանոց ,Լարքե-ը իր դռները բացել է 1996 թվականի գարնանը: ,Լարքե-ում վեց տարեկանից բարձր աղջիկներն ու տղաները հնարավորություն ունեն ստանալու երաժշտական կրթություն դաշնամուրի, ջութակի, թավջութակի, կիթառի, ֆլեյտայի, ձայնամարզության եւ տեսական բաժիններում: -Կան արդյոք «Լարք»-ում սովորող օտարազգի աշակերտներ: Այո, ունենք նաեւ օտարազգի աշակերտներ: Ես ինքս տարին մեկ անգամ կազմակերպում եմ երաժշտական երեկոներ, որոնք մեծ խանդավառություն են առաջացնում դպրոցում: Այդ երեկոների միջոցառումներում ընդգրկում եմ նաեւ դպրոցի երկու չինացի աշակերտների: Լոս Անջելեսի թերթերը բազմիցս անդրադարձել են այս փաստին` գրելով, որ նրանք իսկական հայեր են դարձել: Նրանք Օրինջ Քաունթիում են բնակվում, մայրն է նրանց բերում մեքենայով` ծախսելով երկու ժամ գալու եւ վերադառնալու համար: Երկու չինացի աշակերտները շատ լավ արատասանում են հայերեն: ,Լարքե-ում այսօր սովորում է 150 աշակերտ: Ունենք նաեւ տեսական դասարաններ` երաժշտության պատմություն, երգընթերցանություն, ստեղծագործության հորինում եւ վերլուծում եւ այլն: Մենք ունենք մեծերի երգչախումբ Վաչե Բարսումյանի ղեկավարությամբ: Նա մասնագիտությամբ խմբավար է, նաեւ մեծ երաժիշտ է, Կոմիտասի անվան Երեւանի Պետական Կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր: Միաժամանակ ունենք ,Ծիածանե մանկապատանեկան երգչախումբ` իր երեք ենթախմբերով, որը համայնքում առաջինն է իր բարձր մակարդակով: -Ի՞նչ ծրագրեր կուզենայիք իրականացներ ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, կապերի ամրապնդման առումով: Նախ ուզում եմ նշել, որ նախարարության մեկ տարվա գործունեության ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք անհրաժեշտ է հնարավորինս շատ տարածել Սփյուռքում, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ կարողանա ավելի մոտիկից ծանոթանալ դրանց: Ես արվեստի մարդ եմ, աշխատում եմ քաղաքական հարցերի քիչ առնչվել: Հայ մարդն իր դեմքն աշխարհի թատերաբեմի վրա ցույց է տվել մշակույթի միջոցով: Կցանկանայի, որ արդեն իսկ հաստատված Հայաստան-Սփյուռք մշակութային կապերն ավելի սերտանան: Մշակութային ձեռնարկները շատ կարեւոր են, օրինակ` ,Մեկ ազգ, մեկ մշակույթե համահայկական փառատոնը եւ այլն: Կարեւոր է, որ ոչ միայն Հայաստանից մշակույթի գործիչներ այցելեն Սփյուռքի հայկական համայնքներ, այլ նաեւ հակառակը` Սփյուռքում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակիցները գան Հայաստան: Անհրաժեշտ է պատշաճ ձեւով գնահատել Սփյուռքի յուրաքանչյուր կազմակերպության եւ անհատի կատարած աշխատանքը: Նրանք առանց պետական հովանավորության Սփյուռքում հայապահպանության բնագավառում մեծ գործ են կատարում: «Լարք» երաժշտանոցը միայն իր սաների երաժշտական դաստիարակությամբ չի զբաղվում: Ինչպես Կոմիտասն է ասել. «Երաժշտությունն ամենասուրբ գործն է, որով կարող ես ազդել երեխայի վրա»: Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է «Լարք»-ը: - Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման վերաբերյալ: Ես ողջունում եմ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը: Հայ մարդը ճակատագրի բերումով սփռվել է ողջ աշխարհում, եւ պետք էր մի նախարարություն, որը կարողանար միավորել բոլորին, կիսել նրանց հոգսերը: Քիչ առաջ նախարարի մոտ դիտեցի ,Արի տունե ծրագրի մասին պատմող տեսահոլովակը: Շատ հուզիչ է, խորագիրը նույնպես շատ ճիշտ է ընտրված, յուրաքանչյուր հայ մարդու սրտից է բխում: Նախարարության ստեղծումը անհրաժեշտություն էր, եւ ես պարզապես եկա ողջունելու եւ ծանոթանալու: Մեր համայնքում նույնպես դրական վերաբերմունք է ձեւավորվել ՀՀ սփյուռքի նախարարության վերաբերյալ: -Ի՞նչ կմաղթեիք Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Չկա մի երկիր աշխարհում, որը թերություն չունենա, չկա որեւէ ընտանիք, որը հոգս չունենա: Նոր ծնված երեխայից չես կարող պահանջել, որ նա, ինչպես մեծահասակը, շատ խելացի եւ մեծ կարողությունների տեր լինի: Ճանապարհ ենք հարթում, պետք է դժվարություններ հաղթահարենք: Պարզապես պետք է յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահամաններում աջակցենք մեր երկրին, որպեսզի կարողանանք ճիշտ ճանապարհով գնալ: Ես շատ ուրախ եմ, որ մենք անկախություն ենք նվաճել: Ամեն անգամ այս թեմայով խոսելիս հուզվում եմ: Ես ուզում եմ իմ Հայրենիքը տեսնել որքան հնարավոր է անթերի: Մարդիկ ավելի ոգեւորված են, ներդրումների համար առավել նպաստավոր միջավայր է ստեղծվել: Սփյուռքը մեծ դեր ունի Հայաստանի բարգավաճման գործում, իսկ Սփյուքը չի կարող գոյատեւել առանց Հայաստանի: Եվ հենց այստեղ է, որ մեծ դերակատարություն պետք է ունենա ՀՀ սփյուռքի նախարարությունը` կամրջելով Հայսատանը եւ Սփյուռքը: Դարեր շարունակ մեր երկիր պատերազմ ու աղետներ, ոճիր ու խավար է ներմուծվել, բայց լույս ու հանճար է արտահանվել, բռնություն, գազանություն է ներմուծվել, բայց արդարություն է արտահանվել: Մեր ժողովուրդը միշտ ցավ է տեսել: Դահիճները եթե սպանել են իմացել, մեր ժողովուրդը ստեղծել ու հարատեւել է իմացել: Ամեն անգամ Հայաստան այցելելով` ես համոզվում եմ, որ հայ ժողովուրդը ունի ապրելու, ստեղծագործելու եւ հարատեւելու տենչ: Ես հավատում եմ հայի ստեղծագործ մտքին: Թուրքերը ավերեցին Անին, խելագարության հասցրեցին Կոմիտասին, զոհ դարձրին Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, բայց միեւնույնն է, նրանք երբեք չեն կարող ասպատակել հայ մարդու հանճարը: Հայ մարդը ծնել է եւ պետք է ծնի հանճար, եւ մենք պետք է հարատեւենք: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը մեծ առաքելություն ունի: Այն պետք է կամուրջ հանդիսանա Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Բոլորիս միասնական օջախը Հայաստանն է: Ես ինքս Հայաստանով եմ ապրում:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ