Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին

  • 07-11-2018 13:29:32   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` գլխավորությամբ ֆակուլտետի  դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին` բարձր գնահատելով ֆակուլտետի գործունեությունը արևելագիտության զարգացման գործում: Նորին Սրբությունը մեծապես կարևորեց արևելագետ մասնագետների պատարաստումը՝ ուսանողներին հորդորելով ուսման մեջ լինել ջերմեռանդ, իսկ հայրենիքին ծառայելու հարցում` նախանձախնդիր:
Իր որդիական խոնարհումը և երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը՝ պրոֆեսոր Մելքոնյանն անդրադարձավ արևելագիտության զարգացման գործում հոգևորականության նշանակալի դերին, ինչպես նաև ֆակուլտետի հետ սերտ համագործակցությանը. այսօր էլ հոգևորականները դասախոսություններով իրենց նպաստն են բերում 50-ամյա ֆակուլտետի արդյունավորմանը:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը և ներկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն