Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ<br />


Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ

  • 27-08-2010 20:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ս.Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Տեղեկանք. Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. Երեւանում: 1981թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1981-1988թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում: 1988թ. տեղափոխվել է Պետպլան, այնուհետեւ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որպես փոխվարչապետի օգնական: Այնուհետեւ Ս.Մանասարյանը եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար: 1996թ. տեղափոխվել է ՀՀ ԱԳՆ, նշանակվել` փոխարտգործնախարար: 1999-2005 թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Ս.Մանասարյանը, համատեղության կարգով, Հայաստանը ներկայացնում էր նաեւ Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում եւ Օմանում: 2005-2010թթ. - աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պարգեւատրվել է Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշանով: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Նոյյան տապան  -   Քաղաքական