Ըստ «Ժառանգության», եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, ապա առաջ կգա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը <br />


Ըստ «Ժառանգության», եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, ապա առաջ կգա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը

  • 24-08-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ կուսակցության նորընտիր փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են կուսակցության տեսակետները ՌԴ նախագահ Մեդվեդեւի հայաստանյան այցի, ՌԴ-ի ռազմակայանների տեղակայման ժամկետի եւ լիազորությունների ընդլայնման մասին համաձայնագրի վերաբերյալ: Ըստ Ռ.Հակոբյանի, իշխանությունները պարտավոր են մեկնաբանել, թե ինչու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառում, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանը Ադրբեջանին համարում է իր թշնամին: Պայմանագրին վերաբերող հաջորդ հարցը, որին, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները պատասխան չեն տալիս, այն է, թե ինչու՞ որոշում կայացվեց ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը երկարաձգել ժամկետից շուտ եւ 49 տարով: Ռ.Հակոբյանի կարծիքով, քանի դեռ այս հարցերին պատասխան չի տրվել, այն կարելի է մեկնաբանել ռազմավարական գործընկերների` Հայաստանի եւ Ռուսաստանի, միջեւ գոյություն ունեցող փոխադարձ անվստահությամբ: Ըստ Ս.Սաֆարյանի, եթե հաստատվի այն փաստը, որ իսկապես Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, ապա առաջ կգա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Նրա խոսքերով, եթե «Ժառանգության» կողմից բարձրացված հարցերին հստակ պատասխաններ չտրվեն, խմբակցությունը Ազգային Ժողովում այդ արձանագրության վավերացմանը դեմ կքվեարկի: Հիշեցնենք, որ նշված արձանագրությունը անցած շաբաթ ստորագրվել է Երեւանում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Արձանագրությամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում, որի գործողության ժամկետ սահմանվեց 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: 1995 թվականին կնքված պայմանագրի գործունեության ժամկետը լրանում էր 2020 թվականին: Ամրագրվեց նաեւ, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանությունից, նաեւ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական