Ես եմ Գյումրիում ծնվել, «Անիտուր»-ն է Գյումրիում ծնվել, թավշյա հեղափոխությունն էլ է Գյումրիից սկսվել. Դավիթ Առուշանյան


Ես եմ Գյումրիում ծնվել, «Անիտուր»-ն է Գյումրիում ծնվել, թավշյա հեղափոխությունն էլ է Գյումրիից սկսվել. Դավիթ Առուշանյան

  • 23-11-2018 21:46:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
«Անի տուր» տուրիստական ընկերությունն իր 20-ամյա հոբելյանն է նշում։  «Անի տուր»-ն առաջինն էր ՀՀ-ում նախաձեռնել և կազմակերպել ուղևորություններ դեպի Պատմական` Արևմտյան Հայաստան։ Ընկերությունն իր վրա առաքելություն էր վերցրել միլիոնավոր հայերի համար հնարավոր դարձնել պատմամշակույթային շրջագայությունները,  ուխտագնացություններն այդքան հեռու և մոտիկ կորուսյալ հայրենիք: 20-ամյա հոբելյանի առիթով զրուցեցինք ընկերության տնօրեն Դավիթ Առուշանյանի հետ:
 
1. Ինչպե՞ս  է սկսվել «Անի տուր» ընկերության պատմությունը և ի՞նչ առաքելությամբ:
 
«Անի տուր» տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Միտքը հորս՝ Վոլոդյա Առուշանյանինն է եղել: Մենք արմատներով Կարսից ենք: Հայրս մասնագիտությամբ պատմաբան է, և առաջին իսկ առիթն օգտագործելով այցելեց Կարս: Վերադարձավ հույզերով, էմոցիաներով լցված, Պատմական հայրենիքի հանդեպ անմար կարոտով ու որոշեց զբաղվել այս գործունեությամբ: Այդ ամենը սկիզբ առավ Շիրակի մարզից՝ մեր Գյումրիից: «Անի տուր»-ը երբեք բիզնես չենք համարել, քանի որ մինչև 2015 թվականը զբաղվել ենք միմիայն Արևմտյան Հայաստան պատմամշակութային ուղղևորություններ և ուխտագնացություններ կազմակերպելով: Ավելի կարևոր գործոն կար այստեղ, քան զուտ զբոսաշրջությունը՝ այն է պատմամշակույթային ժառանգությունը չկորցնելը, պատմությունը պահպանելը: Եվ հետո այն հատվածները, որտեղ մենք այցելում էինք, տուրիստական անվանել այնքան էլ ճիշտ չէ, դա ավելի շուտ վերադարձ էր պատմությանը։
Մենք մեր առջև խնդիր էինք դրել նաև այնտեղի բնակիչներին հիշեցնել, որ մենք մեր պատմության տերն ենք, այնտեղի սերունդներին ծանոթացնել պատմությանը, քանի որ այդ մասին չի խոսվում, բացատրել մեր այնտեղ գտնվելու իմաստը: 
 
2. Պարոն Առուշանյան, գիտեմ, որ այժմ Վան քաղաքի Վարագավանքի բանալին Ձեզ մոտ է գտնվում: Կպատմե՞ք ինչպես դա ստացվեց:
 
Մեր գործունեության ընթացքում մենք փորձել ենք պահպանել Արևմտյան Հայաստանում մոռացության մատնված մեր եկեղեցիները, պատմամշակույթային կոթողները: Մեր շրջագայությունների, ուխտագնացությունների ընթացքում մեր ուխտավորների շնորհիվ շատ եկեղեցիներ ամբարներից, պահեստներից նորից վերածվեցին սրբատեղիների: Այժմ դրանք չգործող, փակ տարածքներ են, բայց գոնե ոչ խոտի ամբար: Մեր համար դրանից ամենանշանավորը Վարագավանքն է, որի բանալին էլ հիմա մեզ մոտ է: 
Երբ առաջին անգամ գտանք այդ եկեղեցին, ի դեպ, որի վանահայր է եղել Խրիմյան Հայրիկը, մաքրեցինք, ազատեցինք տասնամյակներով կուտակված աղբից: Մեր ուխտավորների, մեր միջոցով վերակառուցվեց տանիքը: Այժմ այն փակ դռնով է, բացվում է միայն այցելուների համար, մեր համար սրբավայր, ուխտավայր է։ Մեր վերաբերմունքը տեսնելով էլ այն գյուղացին, ում համար եկեղեցին տարիներ շարունակ խոտի ամբար է ծառայել, բերեց ուՎարագավանքի հին բանալին նվիրեց մեզ՝ որպես նաև երախտիքի նշան:
 
3. Կպատմե՞ք ամենահիշվող ճանապարհորդության մասին։
 
Արևմտյան Հայաստան ուխտագնացությունները բոլորը տարբեր են, նման չեն իրար: Եղել են մարդիկ, ովքեր պապերի հուշերով, պատմածով գտել են իրենց պապական տունը։ Օրինակ՝ մի անգամ տարեց մի մարդ եկավ գրասենյակ։ Իրենց տունն էր փնտրում ։ Մենք ունենք հին քարտեզներ, գտանք իրենց գյուղը: Նա ուզում էր գտնել այն վայրը, որտեղ իր հայրն է ապրել, ու իրենց ընտանիքն է մեծացել։ Երբ գնում ենք Արևմտյան Հայաստան ու գտնում այդ գյուղը, տունը, մեր շուրջ մարդիկ են հավաքվում՝ գյուղի բնակիչներ: Մի տարեց մարդ էլ է լինում, թարգմանչի միջոցով սկսում են իրար հետ խոսել: Այս մարդը խոսում է իր պատմության, հոր, հորեղբոր, հորաքրոջ մասին, ում մահացած են համարել: Դիմացի կանգնած մարդը սկսում է արտասվել։ Պարզվում է` հորաքույրը չէր մահացել, մնացել էր Թուրքիայում՝ այդ գյուղում, ու մյուս մարդը, որ կանգնած էր նրա դիմաց իր հորաքրոջ տղան էր: Ամբողջ խումբը հուզմունքը չէր կարողանում զսպել։ Պատմությունները շատ են ու հուզիչ։ Զավեշտալի պատմություններ ևս շատ են լինում: Ամեն դեպքում մենք մեր աշխատանքը սիրում ենք, քանի որ մարդկանց էմոցիաներ ենք պարգևում։ 
 
4. Այս տարի լրանում է «Անի տուր»  ընկերության 20 ամյակը: Նշելու եք և ինչպե՞ս: 
 
Նշելու ենք Գյումրիում, ինչը խորհրդանշական է:  Ի սկզբանե մեր գործունեությունը սկսվել է Գյումրիից, ես եմ Գյումրիում ծնվել, «Անի տուր»-ն է Գյումրիում ծնվել։ Որ այդպես մտածենք թվաշյա հեղափոխությունն էլ Գյումրիից սկսվել (ծիծաղում է): Մեր մոտ արդեն ավանդույթ են դարձել հոբելյանական տարեթվեր տոնելը: Մեծ շուքով նշել ենք «Անի տուր»-ի 15-ամյակը, որին մասնակցել են մեր բոլոր տարիների գործընկերները, ուխտագնացները, ընկերները: 20-ամյակն էլ ենք պատրաստվում տոնել, քանի որ երկու տասնամյակը քիչ պատմություն չէ: 
 
5. Ձեր ղեկավարած «Անիտուր» ընկերությունը Զբոսաշրջության բնագավառում մեծ ներդրած ավանդ ունի, ինչի համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2012 թվականին պարգևատրվել է Ոսկե մեդալով: Ակնհայտ է այդ ներդրումը, և կարծում եմ նոր ծրագրեր ևս ունեք…
 
Բնականաբար նոր նախագծերի շատ գաղափարներ կան: Մենք մեր կապը Գյումրիի հետ չենք կտրում, այստեղ ունենք գրասենյակ և Գյումրին շատ ենք կարևորում ոչ թե նրա համար, որ այն մեր ծննդավայրն է, այլև տուրիստական տեսակյունից այն մեծ ներուժ ունի: Ես չեմ ուզում Գյումրին առանձնացնել Շիրակի մարզից, քանի որ ներուժը նաև մարզին է վերաբերվում:  Մարզում զարգանում է էկո տուրիզմը: Ունենք վայրեր, որոնք կարող են մրցակցել համաշխարհային հայտնի տուրիստական ուղղությունների հետ: 
 
Տուրիստին Հայաստան բերելով՝ 2 խնդիր ենք լուծում. Հայաստանը ճանաչելի ենք դարձնում և տնտեսությունն ենք զարգացնում: Տուրիզմը մեր համար կարող է և´ գազ, և´ նավթ, և´ ծով լինել: Մենք Գյումրիում ունենք շատ գեղեցիկ հատվածներ, որոնց բարեկարգման, նորոգման աշխատանքներ են տարվում: Բայց պահանջված ու շատ այցելուներ ունեցող տուրիստական վայրեր դառնալու համար ենթակառուցվածքներ են պետք: Տուրիստը չպետք է միայն հին ու սիրուն փողոցներով քայլի: Պետք են հուշանվերների խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, որոնք կոլորիտային կլինեն և միաժամանակ հնարավորություն կտան բարելավելու այդ տարածքում ապրող մարդկանց ֆինանսա-տնտեսական վիճակը:
 
6. Պարոն Առուշանյան, հայտնի է, որ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել եք Շիրակի մարզում` որպես պատգամավորի թեկնածու: Ո՞րն է Ձեր քաղաքական առաքելությունը:
 
Քաղաքական կարևորագույն առաքելությունս եմ համարում վարչապետի գլխավորությամբ մեր բոլորիս կողմից իրագործած թավշյա, ոչ բռնի հեղափոխության, հին կարգերից ու մտածելակերպից ազատագրման դրական ալիքները հասցնել Շիրակի մարզ։ Մեր երկրում իրողություններ են փոխվել, սակայն հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Մենք պետք է տեր կանգնենք հեղափոխության արդյունքներին` շարունակելով հաղթարշավը: 
Ազգային Ժողովի բարձր ամբիոնից հնարավորություն կունենամ ներկայացնելու իմ սիրելի Շիրակի գյուղերի և քաղաքների բնակիչների հրատապ խնդիրները և դրանց լուծումները պահանջելու:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ