Dasaran-ը պարգևատրել է նոր սերնդի դպրոցներին


 

Dasaran-ը պարգևատրել է նոր սերնդի դպրոցներին

  • 27-11-2018 10:42:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ս.թ. նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ  իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
 
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ շնորհավորելով մրցանակակիր դպրոցների ներկայացուցիչներին և նշելով, որ երկրի զարգացման առանցքում մանկավարժն է:
«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը: Այն նպատակ ունի նաև ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի:
Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.484 դպրոցներին:
«Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ Հայաստանի և Արցախի 61 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:
Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էին դրսևորել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 5 հիմնական, Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Գառնի Բանավան գյուղի հիմնական, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի միջնակարգ, Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի հիմնական, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն