Հարցազրույց Փասադենայի մշակութային միության ատենապետ, ՀԲԸՄ երկարամյա աշխատակից, ակտիվ հասարակական գործիչ Հայկ Մսրլյանի հետ
24-08-2010 03:01:46 | Հայաստան | Հարցազրույցներ
Հայկ Մսրլյանը ծնվել է Բեյրութում, ուր ապրել է մինչեւ 21 տարեկանը: Աշխատել է ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղում, այնուհետեւ 9 տարի աշխատել է որպես ՀԲԸՄ ԱՄՆ-ի կենտրոնական գրասենյակի վարիչ-տնօրեն: Այժմ Հայկ Մսրլյանը Փասադենայի մշակութային միության ատենապետն է, դասախոսություններ է կարդում Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ:
-Ի՞նչ առաքելությամբ եք գտնվում Հայրենիքում:
Երրորդ տարին է արդեն, որ ՄԲԷ-ի ծրագրի շրջանակներում գովազդի մասին դասախոսություններ եմ կարդում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի դպրոցում: Երեք տարի առաջ սկսեցինք 12 աշակերտներով, անցած տարի 29 էին, իսկ արդեն այս տարի` 30 հոգի: Դասավանդում եմ այն, ինչ գիտեմ գովազդի կառավարման բնագավառում: Երկար տարիներ աշխատել եմ գովազդի ոլորտում: Նույն ընկերության համար աշխատել եմ Լոնդոնում, Աթենքում, Չիկագոյում, Համբուրգում, Մադրիդում եւ Մեխիկոյում: Ինձ բախտ վիճակվեց վերջին երեք տարին` 2002-2005թթ, աշխատել որպես Մեքսիկայի տուրիզմի գովազդի պատասխանատու` ստեղծագործական տնօրենի պաշտոնում: Իմ մասնագիտությունն ավելի շատ ստեղծագործական աշխատանք է ենթադրում: Ես ուրախ եմ, որ ինձ առիթ ընձեռվեց գովազդի մասին իմ ունեցած գիտելիքները փոխանցել այստեղի աշակերտներին, որոնց հետ կարճ ժամանակի ընթացքում հզոր հոգեւոր կապ ստեղծվեց: Իմ խմբի աշակերտները անհավատալիորեն ընդունակ են, խելացի, գաղափարները արագ ըմբռնող եւ էներգիայով լեցուն:
-Բայց ի՞նչու անհավատալիորեն: Չէ՞ որ հայ ազգի ամենամեծ հարստությունը նրա մտավոր ներուժն է:
Ես դրանում ամենաշատ համոզվածներից մեկն եմ: Առաջին անգամ Հայաստան եկա 1971 թվականին: Շախմատի պալատում աշխարհի արտասահմանյան երիտասարդական միությունների 1-ին համագումարն էր: Եվ այնտեղ ներկայացնելով լոնդոնահայ երիտասարդությանը` հանդես եկա ելույթով: Իմ ճառը տպագրվել է Վարդգես Պետրոսյանի ,Հայկական էսքիզներե-ում: 1945 թվականին հայրս` Մկրտիչ Մսրլյանը, Հայաստան եկավ մասնակցելու Գեւորգ 6-րդ կաթողիկոսի ընտրությանը` որպես Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը: Այստեղ նա հանդիպում է Ավետիք Իսահակյանին, մտերմանում եւ բարեկամանում է նրա հետ: Մի օր Ավ. Իսահակյանը նրան հարցնում է,-,Երեք զավակ ունես, ի՞նչ նվեր պիտի տանես նրանց Հայաստանիցե: Հայրս պատասխանում է,-,Մեծ տղայիս`Դավիթին, Սասունցի Դավթի արձանն եմ տանելու, միջնեկ տղայիս` Զավենին, հայկական դրոշմաթուղթ պիտի տանեմ (նա այժմ Լիբանանի հայկական դպրոցներից մեկի տնօրենն է, շուրջ 43 տարի աշխատում է այդ պաշտոնում: Հինգ տարի առաջ ակադեմիան նրան շնորհեց պատվո դոկտորի կոչում, նա նաեւ պատմաբան է, մասնագիտանում է ցեղասպանագիտության մեջ): Իսկ փոքր տղայիս հարցը մի փոքր բարդ է, քանի որ նա Հայաստանի բանալին է խնդրելե: Ի պատասխան փոքր որդու խնդրանքին Ավետիք Իսահակյանն ընտանեկան նկարի տակ գրում է. ,Սիրելի զավակս, Հայկարամ, Հայաստանի բանալին քո մայր լեզուն է: Սովորի՛ր, եւ Հայրենիքի դռները բաց ենե: Այսպես սկսեցի ճառս: Անցյալ տարի իմացա, որ մայրենիի 6-րդ դասարանի դասագրքում ,Հայաստանի բանալինե ընդգրկված է որպես դասընթաց:
-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր աշխատանքային գործունեությունը:
Անդրադառնալով իմ աշխատանքային գործունեությանը, ասեմ, որ հայրս, մեր ընտանիքում ընդունված ավանդության համաձայն, ծնված օրվանից ինձ անդամագրել էր բարեգործականին: Արդեն 20 տարեկանում բարեգործականի ,վետերանիե դիպլոմ ստացա, միշտ գործունյա եմ եղել, բարեգործականի դպրոցում սկաուտների շարքում էի, պարում էի երգի եւ պարի անսամբլում, իսկ 1963 թվականից` ղեկավարում էի այն: Լոնդոն գնալուց հետո մոտ տաս տարի ղեկավարում էի երիտասարդների պարի խումբ, որը հաջողությամբ մասնակցում էր պարի միջազգային մրցումների եւ առաջնությունների:
Հետագայում նոր աշխատանք ստանալով` փոխադրվեցի Չիկագո, որտեղ էլ պարոն Ալեք Մանուկյանը համոզեց, եւ ես սիրով համոզվեցի, ու թողնելով գովազդի գործը, աշխատանքի անցա Նյու Յորքում` կենտրոնական գրասենյակում` որպես ՀԲԸՄ Միացյալ Նահանգների մասնաճյուղի վարիչ-տնօրեն: Այդ գործը կատարել եմ 9 տարի: Հետո նորից աշխատանքի անցա գովազդային ընկերությունում, մեկնեցի Մեքսիակա, որտեղ աշխատեցի 14 տարի: Հիմա արդեն հինգ տարի է, որ անցել եմ հանգստի, ապրում եմ Լոս-Անջելեսում, որպես կամավոր անում եմ հնարավոր ամեն ինչ: Գլենդել-Փասադենայի մասնաճյուղի մշակութային հանձնաժողովի ատենապետն եմ: Ծառայել եմ Հարավային Կալիֆորնիայի շրջանային վարչությունում: Ես նաեւ Անգլիայի հպատակ եմ, Լոնդոնի վարչության անդամ, բայց ապրում եմ Լոս-Անջելեսում: Փասադենայի մեր կենտրոնը շատ գործուն մասնաճյուղ է: Հարավային Կալիֆորնիայում ունենք չորս մասնաճյուղ` Գլենդել-Փասադենայի, Սան-Ֆերնանդո Վելլիի, Օրինջ Քաունթիի եւ Սան-Դիեգոյի: Օրինակ` Օրինջ Քաունթիում ունենք շաբաթօրյա դպրոց, իսկ Լոս-Անջելեսում բարեգործականն ունի 2 դպրոց: Մանուկյան-Դեմիրճյան վարժարանն ընդգրկում է մանկապարտեզից մինչեւ երկրորդական դպրոցի դասընթացները եւ ունի շուրջ 850 աշակերտ: Իսկ Փասադենայում հիմնեցինք երկրորդական վարժարան, որը գործում է արդեն երեք տարի եւ ունի 125 աշակերտ: Մեր դպրոցում, ինչպես բոլոր ՀԲԸՄ դպրոցներում, գլխավորը ոչ միայն հայեցի, այլ նաեւ լավագույն կրթություն ապահովելն է: Այսօր մեր դպրոցի շրջանավարտները բոլորն էլ ընդունվում են համալսարան:
-Իսկ ո՞ր հայերենով է կազմակերպվում կրթությունը դպրոցում:
Երկու հայերենով` եւ՛ արեւելահայերեն, եւ՛ արեւմտահայերեն: Մեծ թիվ են կազմում թե՛ պարսկահայերը, թե՛ Հայաստանից եկած հայերը: Թեեւ հայկական դպրոցներում ուսման վարձը շատ քիչ է եւ կան նաեւ թոշակներ, բայց հայերից շատերը երկմտում են`արժե՞ արդյոք երեխաներին տանել հայկական դպրոց եւ վճարել: Անշուշտ մեծ է ամերիկյան դպրոցներ հաճախող հայերի թիվը թե՛ Գլենդելում, թե՛ Հոլիվուդում: Կան նաեւ կազմակերպություններ, որոնք ամեն ամիս վճարում են հայ ուսուցիչներին ամերիկյան դպրոցների հայ աշակերտներին հայերեն սովորեցնելու համար: Որպես մասնավոր դպրոցներ` հայկական դպրոցների ոչ միայն կրթական մակարդակն է շատ բարձր, այլ նաեւ ապահովության աստիճանը: Դպրոցներում զանազան խմբավորումների միջեւ հաճախ վեճեր են ծագում, աշակերտների շրջանում թմրադեղերի օգտագործման ցուցանիշները շատ բարձր են: Հայկական դպրոցներում, այդ խնդիրները չկան, քանի որ դրանցում ընտանեկան շունչ կա: Ծնողները շատ ակտիվ են, տարբեր միջոցներ են ձեռք առնում դպրոցի համար դրամ հայթայթելու համար: Դպրոցներում գործում են ծնողների կոմիտե, հայրերի կոմիտե, իսկ մենք, հոգաբարձուների խորհրդի անդամներս, անում ենք հնարավոր ամեն ինչ դպրոցի բանականոն գործունեությունն ապահովելու համար: Անշուշտ դպրոցները հայապահպանության միակ օջախները չեն: Գործում է ,Արտավազդե թատերախումբը, որն այս տարի 30 տարեկան է: Ղեկավարն է հանրաճանաչ, տաղանդավոր բեմադրիչ Գրիգոր Սատամյանը, որն ավարտել է Անգլիայում լավագույնը համարվող Օլդվիկի թատրոնի դպրոցը: Բեմադրում են ներկայացումներ երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Օրինակ, ,Քաղաքավարության վնասներըե ներկայացմանը ներգրավված էին 24 դերասան, որոնցից 20-ը երիտասարդներ էին եւ բեմ էին բարձրանում առաջին անգամ:
Բարեգործականի նպատակն է պահպանել հայկական մշակույթը, ավանդույթները եւ լեզուն: Ուրախ եմ, որ մեր բոլոր հայկական դպրոցների, այդ թվում նաեւ բարեգործականի, ավարտական դասարաններն այցելում են Հայաստան: Իսկ մեր փորձառությունից հայտնի է, որ երկու շաբաթով Հայաստանում գտնվող պատանին այդ ժամանակահատվածում ավելի շատ բան է սովորում, քան Հայրենիքից դուրս` 1-2 տարվա ընթացքում:
-Ծանոթ եք արդյո՞ք ՀՀ սփյուռքի նախարարության ,Արի տունե ծրագրին եւ արդյո՞ք ձեր դպրոցի աշակերտներն այդ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստան:
Արդեն այսօր Դետրոյթի դպրոցի աշակերտներն այստեղ են, իսկ հունիսին եւ հուլիսին Հայաստան կայցելեն Փասադենայի երկրորդական վարժարանի սաները: Դեռ այցելությունները առանձին ծրագրով ենք կազմակերպում: Անցյալ տարի բախտ ունեցա հանդիպելու ,Դիսքավր Արմենիաե խմբին, որն Հայաստան էր եկել երկու շաբաթով: Խումբն իրականացնում էր դպրոցի մաքրության եւ նման այլ ծրագրեր: Արցախ գնալիս ես ընկերակցեցի նրանց: Հրաշալի է տեսնել Հայաստանը, նրա հողը, ջուրը, շփվել ժողովրդի հետ: Հիմա իմ աշակերտների հետ ես սկսել եմ Արարատը տեսնել այլ աչքերով: Սա ինձ համար լավ առիթ է: Ամեն տարի համալսարանում դասավանդելու նպատակով գալիս եմ Հայաստան եւ մնում այստեղ մեկուկես-երկու ամիս:
Վերջերս ինձ վստահված էր Էմիլ Գազազի ցուցահանդեսի եւ մեծարման երեկոյի ատենապետությունը: Աննախադեպ փաստ էր: Ներկա էին մոտ 1600 հոգի: Իսկ մեծարման երեկոյին 600 հոգու համար նախատեսված սրահը ամբողջությամբ լիքն էր: Մեծարեցինք Էմիլ Գազազին, հարգեցինք: Իմ նաշանաբանն է ոչ թե ,գնա մեռի, արի սիրեմե, այլ ,գնա ապրի, ստեղծագործի, արի սիրեմ եւ հարգեմ քեզե: Երկու տարի առաջ կազմակերպել էինք Հայաստանից եկած ինը ժամանակակից արվեստագետների գործերի ցուցահանդես, որը բացառիկ հաջողություն ունեցավ: Նպատակը մեր արվեստագետներին քաջալերելն էր, ինչպես նաեւ նրանց եւ նրանց գործերը ժողովրդին ճանաչելի դարձնելը: Երկու տարի առաջ էր, դեռ տնտեսական ճգնաժամ չկար: Մեծ թվով նկարներ վաճառվեցին, օգտվեցին թե գործերի հեղինակները, թե բարեգործականը:
Նաեւ կազմակերպում ենք դասախոսությունների շարք, ունենում ենք բազմաթիվ հանդիպումներ:
-Ի՞նչ թեմաների են նվիրված լինում, որպես կանոն, դասախոսությունները:
Կարող են գրական բնույթ ունենալ: Օրինակ, կազմակերպում ենք հանդիսություն նոր գրքի հրատարակության առթիվ, որի ընթացքում ներկայացնում ենք հեղինակին, հնարավորություն ենք ստեղծում ճանաչելու եւ շփվելու նրա հետ: Լինում են նաեւ գրողների տարեդարձեր: Կազմակերպում ենք նաեւ Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ տարբեր միջոցառումներ: Սփյուռքում հայապահպանության գործը զուտ կամավորական բնույթ ունի: Այսօր Լոս-Անջելեսում ունենք 20-ից ավել եկեղեցիներ, դպրոցներ, կենտրոններ, որոնց ֆինանսավորումը համայնքի անդամներն են ապահովում:
Արդյոք ուսումնասիրել եք, թե ձեր դպրոցի շրջանավարտները ինչ ուղղությամբ են շարունակում իրենց ուսումը: Գնում են արդյո՞ք քաղաքականության բնագավառ, թե նախընտրում են հանգիստ, խաղաղ կյանք: Ունե՞ք ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցող հայեր:
Վերջերս մեր նախագահն ինձ նոր հանձնարարական է տվել` վերակազմելու մեր շրջանավարտների բոլոր միությունները: Օրինակ, Լոս-Անջելեսում ունենք Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի շրջանավարտների միություն, Վաչե եւ Թամար Մանուկյան երկրորդական վարժարանի շրջանավարտների միություն, նաեւ Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանի շրջանավարտներ եւ այլն: Բոլորի հետ սերտ կապեր ունենք: Մեր ապագան մեր նոր սերնդի ձեռքում է ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Եթե նոր սերնդին չպատրաստենք, պրոբլեմները շատ մեծ են լինելու: Մեր բոլոր շրջանավարտները տոգորված են հայությամբ: Դա Հայրենիքից դուրս ապրող հայի համար շատ կարեւոր է:
Ընտրությոնների հարցում այսօր միակ պրոբլեմն այն է, որ Գլենդել քաղաքի ընտրություններում առաջադրվում են երեք հայ թեկնածուներ, որոնք առանձին-առանձին չեն ընտրվում: Բայց եթե նրանց ձայները գումարվեն, ապա ավելի շատ ձայն կունենան, քան ընտրվողը: Մենք բոլոր բնագավառներում էլ ունենք ակտիվ հայեր: Բժշկության բնագավառում եւս շատ հայտնի հայեր կան: Ամերիկյան դպրոցների հոգաբարձուների խորհուրդներում (Բըրբենկ, Փասադենա) եւս հայերը բավական մեծ թիվ են կազմում:
Փասադենայի ոստիկանապետը` Բերնարդ Մելեքյանը, ազգությամբ հայ է: Նրա ծնողները փրկվել են ջարդերից: Նա ինձ նամակ էր գրել` ցանկություն հայտնելով մասնակցել բարեգործականի 100-ամյակին: Նրա ծնողներն էլ այն որբերից էին եղել, որոնք օգտվել են բարեգործականի օժանդակությունից:
Հայերի շրջանում կան նաեւ ճանաչված ռեժիսորներ, դերասաններ փաստաբաններ եւ այլ մասնագիտության տեր մարդիկ: Օրինակ, Ամերիկայի ամենանշանավոր հայ փաստաբանը Մարկ Կիրակոսն է:
-Դուք լավ գիտեք Լոս-Անջելեսի, Նյու Յորքի եւ Լոնդոնի հայ համայնքները: Կարող ե՞ք համեմատություն անցկացնել այդ եռանկյունու մեջ:
Ես Լոնդոնում աշխատել եմ 1963-1973 թվականներին: Այն ժամանակ հայության թիվը փոքր էր: Փոքրաթիվ համայնք ունենք Մանչեսթր քաղաքում, որի հայկական եկեղեցին այժմ արդեն մոտ 130 տարեկան է: Ժամանակին տարբեր երկրներից Անգլիա տեղափոխված հայերը, որոնցից շատերը վաճառականներ էին, բնակություն հաստատեցին հենց Մանչեստրում: Լոնդոնի հայության թիվը շատ փոքր է: Նաեւ հարաբերականորեն ավելի քիչ գործունյա են:
Լոս-Անջելեսը ուրիշ մոլորակ է: Կարող ես ամեն օր ընտրություն անել, թե 3-4 միջոցառումներից որ մեկին մասնակցել: Դժբախտաբար համայնքը բաժանված է: Հայաստանից եկած հայերը սահմանափակված են իրենք իրենց շրջանակներում, պարսկահայերն` իրենց, լիբանանահայերն ու սիրիահայերն` իրենց: Այս մտածելակերպը պետք է փոխել: Բաժանումը կուսակցական չէ, պարզապես իրենք միմյանց շրջապատում ավելի հանգիստ են զգում: Կարծում եմ, որ այս բաժանման հարցում գլխավորը լեզվի տարբերությունը չէ: Իմ մանկության շրջանից սկսած բազմաթիվ գրքեր եմ կարդացել, որոնց մեծ մասն արեւելահայերեն էին` Հայպետհրատի թարգմանությունները: Արեւելահայերենը ինձ համար պրոբլեմ չէ: Մեր դպրոցի բակում էլ մեկը խոսում է արեւելահայերեն, մյուսը` արեւմտահայերեն: Մեր դպրոցում այս երեք խմբերի թիվը գրեթե հավասար է: Մենք ՀԲԸՄ շրջանակներում ամեն ինչ անում ենք այս երեք խմբերի բաժանումը վերացնելու համար: Տարիներ առաջ, երբ աշխատում էի Նյու Յորքում, մի պարի խումբ ստեղծեցինք ,Սարդարապատե անունով: Նպատակ ունենալով ներգրավել Հայաստանից եկած հայերին` ղեկավար ընտրեցինք Հենրիկ Անասյանին: Խումբը գոյատեւեց մի քանի տարի: Հայերն սկսեցին ակումբ հաճախել: Ակումբի գաղափարը բոլոր տեղերում նույն ձեւով չի ընդունվում: Մենք արտասահմանում ենք մեծացել. կյանքի մեկ երրորդը անցկացնում ենք դպրոցում, մեկ երրորդը` ակումբում, իսկ մյուս մեկ երրորդը` տանը: Եթե աշխատում են, ապա` գործ, տուն, ակումբ: Շատ ամուսնացած զույգեր, որոնք երկուսն էլ աշխատում են, զբաղվածության պատճառով հաճախ միայն շաբաթական մեկ անգամ են հանդիպում:
-Ձեզ կարծիքով Սփյուռքը ի՞նչ է ակնկալում ՀՀ սփյուռքի նախարարությունից:
Ես Բեյրութում եմ ծնվել եւ այնտեղ եմ ապրել մինչեւ 21 տարեկան դառնալը: Վերջին հինգ տարվա ընթացքում երկու անգամ Սիդնեյում եմ եղել, նաեւ այցելել եմ Մելբուռն ՀԲԸՄ հարցերով:
Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են նախարարության գործունեությանը, շատ բարձր են գնահատում: Նախարարությունը դեռ նոր է ստեղծվել, նախարարուհին շատ ժրաջան է: Ամեն տեղ գնում է, խոսում, մեծ աշխատանք է կատարում: Նախարարության կայք էջում անընդհատ հաղորդագրություններ, նորություններ ենք տեսնում: Իսկ մեր պարտականությունն է այդ ամենը Սփյուռքում տարածել: Հայաստանը հետաքրքրված է Սփյուռքով, Սփյուռքն էլ` Հայաստանով: Որովհետեւ Սփյուռքը չի կարող դիմանալ առանց Հայաստանի, իսկ Հայաստանի համար դժվար կլինի դիմանալ առանց Սփյուռքի:
Պետք է բոլորս գիտակցենք, որ մեկ ժողովուրդ ենք, հայ ենք, լինենք Սփյուռքում, թե Հայաստանում:
ՀԲԸՄ-ը Հայաստանի հետ կապեր էր հաստատել դեռ 1-ին հանրապետության ստեղծումից ի վեր, որոնք շարունակվել են խորհրդային շրջանում եւ առավել ակտիվացել են անկախացումից հետո: Հայաստանը դեռ 18 տարեկան պատանի լինելով` հսկայական քայլերով առաջ է գնում: Ես ամեն տարի գալիս եմ այստեղ եւ ամեն տարի տեսնում եմ փոփոխություն ու համոզվում, որ ես կարող եմ այստեղ ապրել: Վերադառնալով Ամերիկա` իմ տպավորությունների մասին պատմելու եմ բոլոր ընկերներիս, որպեսզի միասին որոշում կայացնենք` տեղափոխվել Հայաստան մշտական բնակության:
-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Նախարար Հ.Հակոբյանի եւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Նախարարի հետ այսօրվա մեր հանդիպման ժամանակ գաղափարների, մտքերի փոխանակություններ եղան, եւ վստահ եմ, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Մենք նույն նպատակներն ենք հետապնդում, նույն ուղղությամբ ենք շարժվում: Հայապահպանությամբ մտահոգված որեւէ հայ չկա աշխարհում, որն այլ կերպ մտածի:
Ժողովուրդը միշտ շիտակ է մտածում, իսկ ժողովուրդն ուզում է, որ Հայաստանը հզորանա, իսկ Սփյուռքը` հայ մնա: Եվ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մենք պետք է մոռանանք բոլոր տարբերությունների մասին: