Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ
05-12-2018 18:26:30 | Հայաստան | Կազմակերպություններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարևոր է առավել որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու և աշխարհի առաջընթացի տեմպերից ետ չմնալու համար:
Ընկերության աշխատակիցների, մատակարարների և կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով և պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարևոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաև լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներում՝ հաճախ անտեսելով եղանակային պայմանները:
Կայաններից մեկը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աշտարակը տեղակայված է Լոռու մարզի՝ Վրաստանին սահմանակից Գոգավան գյուղում: Բարդ և պատասխանատու գործում պահանջվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նվիրում, հետևողականություն և կամք: Ցանկալի արդյունք ապահովելու համար հարկավոր են ջանքեր և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջադրանքը կատարելու հմտություն:
«Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն. ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ հաջողել ենք և՛ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, և՛ առողջ մրցակցության ձևավորման, և՛ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացող՝ բջջային նոր ցանցի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իրականացվող գործընթացին զուգահեռ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակելու է իրազեկել հանրությանը՝ դա դիտարկելով որպես բաժանորդի նկատմամբ հարգանքի և պատասխանատվության դրսևորում: