Շարմ էլ Շեյխ. վայր, որտեղ տարվա ցանկացած եղանակին ծովափնյա հանգիստը դառնում է անմոռանալի (Ֆոտոշարք)


Շարմ էլ Շեյխ. վայր, որտեղ տարվա ցանկացած եղանակին ծովափնյա հանգիստը դառնում է անմոռանալի (Ֆոտոշարք)

  • 06-12-2018 19:51:22   | Եգիպտոս  |  Ականատեսի աչքերով


Ճանապարհորդել նշանակում է ապրել (հեղինակ՝ Հանս Քրիստեան Անդերսեն), իսկ ապրել, այն էլ գեղեցիկ և դրական մթնոլորտում՝ վայելելով ամեն նոր բացվող օրն իր պայծառ արևածագով ու տպավորիչ մայրամուտով, ծովի ալիքներին փարված, կարծում եմ՝ ուզում ենք բոլորս: 

Շատերս մեր այս ցանկությունը ստիպված ենք բավարարել ամռանը՝ նախընտրելով կապուտաչյա Սևանի ափը, բայց քիչ չեն լինում նաև դեպքերը, երբ մենք արև, ծովափ ու տաք ամառ փնտրում ենք հատկապես գարնանը, խոր աշնանն ու ձմռանը: 
 
Նման դեպքերում մեր՝ հայերիս, բախտը շատ է բերել. Անմիջապես կարող ենք զանգահարել Երևանում գործող Air Cairo եգիպտական ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ ANRIVA TOUR տուրօպերատորին, ձեռք բերել մատչելի փաթեթներ և տարվա ցանկացած եղանակին ուղևորվել Եգիպտոս՝ վայելելու անմոռանալի ծովափնյա հանգիստ ամենահայտնի հանգստավայր Շարմ էլ Շեյխում: 
 
ANRIVA TOUR-ի կողմից ԶԼՄ-ներկայացուցիչների համար նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը կազմակերպված ճանապարհորդության ընթացքում փորձեցինք համատեղել հաճելին օգտակարի հետ, այսինքն՝ և՛ հանգստանալ, և՛ հնարավորինս  ծանոթանալ Շարմ էլ Շեյխում գործող հյուրանոցներին, դրանց կողմից առաջարկվող ծառայություններին ու տեսարաժան վայրերին:  
 
Եվ այսպես՝ Երևանից ուղիղ չվերթով 2 ժամ 45 րոպե օդում անցկացնելուց հետո հայտնվում եք Շարմ էլ Շեյխի օդանավակայանում, որտեղ հյուրերին դիմավորում են տարբեր հյուրանոցների ներկայացուցիչներ և ուղեկցում: 
 
Մեզ օրինակ՝ դիմավորեց շատ պայծառ, հոգատար ու խելացի եգիպտացի երիտասարդ Շամս Ռոման, ով առանձնակի համբերատարությամբ ու սիրով պատասխանում էր մեր հարցերին, ընդառաջում՝ առաջարակներին, հանդուրժում՝ կամակորությունները: 
 
Հանգստի ընթացքում բոլոր նրանք, ովքեր սիրում են տեսանյութեր և նկարներ հրապարակել սոցցանցերում, ինչու չէ նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերներով պատմել տեսածի մասին,ապա կարող են հենց օդանավակայանից ձեռք բերել ինտերնետ քարտեր և օգտվել գերարագ 4G կապից: 
 
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ
 
30 հոգուց բաղկացած մեր խմբի առաջին կանգառը Jaz Fanara բարձրակարգ հյուրանոցում էր, որտեղ մնացինք երկու օր: Ras Um El Sid բարձունքին տեղակայված այս հյուրանոցի հարմարավետ ու մաքուր սենյակների պատշգամբներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մեծ լողավազանով բակ և Կարմիր ծով: 
 
 
4 աստղանի այս հյուրանոցն ունի երկու ռեստորան, որտեղ կարող եք ճաշակել ավանդական արաբական ճաշատեսակներ, աղցաններ, արևելյան չափազանց համեղ թխվածքներ ու աղանդեր: 
 
Ի դեպ՝ ովքեր հայկական լավաշի սիրահար են, պետք է հաշվի առնեն, որ Շարմ էլ Շեյխի հյուրանոցներում մատուցվող հացը լինում է հիմնականում քաղցրահամ կարկանդակի (բուլկի) տեսքով և համով: 
 
Սնվել կարող եք ինչպես ռեստորանի ներսում, այնպես էլ նույն տարածքում գտնվող բացօթյա սրճարանում: 
 
Jaz Fanara հյուրանոցի առավելություններից է գեղեցիկ ու հարմարավետ ափը. Այստեղ անգամ լողալ չիմացողները կարող են ծովում շատ խորը չսուզվելով՝ տեսնել դեպի իրենց սլացող գունավոր ձկներին: 
 
Jaz Fanara-ի առավերլություններից մեկն էլ այն է, որ կարող եք քայլելով հասնել քաղաքի կենտրոնում գործող Հին շուկա և կատարել գնումներ: 
 
Գնումներին անդրադառնալիս՝ պետք է նշենք, որ եգիպտացիները սիրում են իրենց մոտ կանչել հյուրերին, անպայման հետաքրքրվել, թե որտեղից են, հյուրասիրել ու սակարկել գների շուրջ: 
 
Մեր հաջորդ կանգառը Charmilion hotels & Resorts հյուրանոցում էր, որն աննկարագրելի գեղեցիկ այգիներ, լողավազաններ ու բակեր ունի: 
 
Լուսանկարվել սիրող հայուհիններն այստեղ տպավորիչ ֆոտոշարքի մեծ հնարավորություն ունեն:
 
Չափազանց մեծ տարածքով աչքի ընկնող այս հյուրանոցում ծովն ու արևը վայելելուց հետո երեկոյան կարող եք ընթրել տարածքում գործող չինական, իտալական կամ արաբական ռեստորանում, միայն պետք է նախապես գրանցվել: 
 
Յոթօրյա անմոռանալի հանգստի վերջին երեք օրերը մենք անցկացրեցինք Baron Resort 5 աստղանի բարձրակարգ ու շքեղ հյուրանոցում, որը հյուրերին տպավորում է հենց ընդունարանից:
Բացի այն, որ այս հյուրանոց մուտք գործելուց անմիջապես հետո հյուրերին թարմ ու համեղ հյութ են հյուրասիրում, նաև երեխաներ ունեցողներին նվիրում են ավազի վրա խաղալու համար նախատեսված խաղալիքների հավաքածու, իսկ մեծահասակներին՝ հատուկ կտրոններ հյուրանոցի ներսում գործող մերսման, գեղեցկության սրահից, լվացքատան ծառայությունից, դայվինգից և ջրային սպորտի որոշ տեսակներից անվճար օգտվելու համար: 
Baron Resort-ն ունի 9 ռեստորան և բար, այդ թվում ծովափնյա հնդկական խոհանոցը ներկայացնող Taj Mahal ռեստորանը: Հյուրանոցի ամենամեծ լողավազանի մոտակայքում գործող Now & Zen Dance բարում երեկոյան կարելի է պատվիրել էկզոտիկ կոկտեյլներ և երաժշտություն լսել: 
 
Ի դեպ՝ այս հյուրանոցի լողավազանները (մեծահասակների և փոքրիկների համար նախատեսված) տաքացվող են և մրսելու ոչ մի տարբերակ չկա անգամ ձմռանը: 
 
Baron Resort-ում հանգստանալ ցանկացողները կարող ենք նաև օգտվել հյուրանոցի մարզասրահից, շոգեբաղնիքից, խաղալ ծովափնյա վոլեյբոլ, հեծանիվ քշել կամ վազել շուրջ 600 մետր երկարություն ունեցող ավազե ափով: 
 
Նշենք, որ վերոնշյալ երեք հյուրանոցները հագեցած են օդափոխության համակարգով, արբանյակային հեռուստատեսությամբ, Wi-Fi-ով, վարսահարդարիչներով, հյուրերին տրամադրում են սրբիչների համար նախատեսված հատուկ քարտեր: Հյուրանոցային համարները հարմարավետ են, իսկ սպասարկող անձնակազմը բարեհամբույր է, պատրաստակամ օգնելու ցանկացած հարցում: 
 
Մի քանի խորհուրդ
 
Եթե այս նյութը կարդալուց հետո կորոշեք անպայման սեփական աչքերով տեսնել ու վայելել Շարմ էլ Շեյխն իր ողջ հմայքով, ապա` 
 
1. Կարող եք ձեզ հետ սրբիչ չվերցնել. Վերոնշյալ հյուրանոցներում տրամադրում են հատուկ քարտեր սրբիչ վերցնելու և օրվա վերջում հանձնելու համար: Կարևոր նկատառում` սրբիչը կամ քարտը կորցնելու դեպքում տուգանվելու եք 25 դոլարով: 
2. Եթե սիրում եք մշտապես ուղիղ հարդարված մազեր ունենալ, ապա ձեզ հետ կարող եք վերցնել ձեր վարսահարդարիչը (հյուրանոցներում եղածները նախատեսված են միայն մազերը չորացնելու համար): 
3. Չմոռանաք խոզանակը և ատամի մածուկը: 
4. Եթե ձմռանն եք որոշել հանգստանալ, ապա ձեզ հետ վերցրեք տաք հագուստ:
 
Այցելել Շարմ էլ Շեյխ և չսուզվել Կարմիր ծովում, ուղղակի աններելի բացթողում կլինի: Ստորջրյա չափազանց գեղեցիկ ու զարմանալի աշխարհը տեսնելուց հետո կարող եք նաև մոտորանավակին ամրացված օդապարիկով թռչել՝ այդպիսով լիարժեք դարձնելով էքստրեմալ հանգիստը:  
 
Առանձին օր կարող եք տրամադրել Սաֆարի տուրին, ինչը ենթադրում է քառանիվով (կվադրոցիկլ) զբոսանք Սինայի անծայրածիր թվացող անապատում: Եթե վարել չգիտեք, ձեզ սիրով կօգնեն եգիպտացի երիտասարդները, ովքեր քառացիկլով ձեզ կհասցնեն տեղաբնիկների՝ բեդվինների, այսպես կոչված ավան: Այստեղ կկարողանաք Եգիպտոսի խորհրդանիշը համարվող ուղտերին նստել և լուսանկարվել, իսկ փոքրիկ տեղաբնիկները ձեզ կարկադեյով թեյ կհյուրասիրեն: 
 
Գիշերային Շարմ էլ Շեյխում հյուրերին սպասում են դիսկոտեկներն ու արևելյան պարերի ակումբները: Ծովափնյա հանգստից հոգնած երիտասարդներին ձգում է Նաամա Բեյ փողոցը, որտեղ տեղակայված են երեք ամենահայտնի ակումբները՝ “Little Buddha”, “Hard rock kofe”, “El Pacha”:  
 
Շարմ էլ Շեյխին անդրադառնալիս չենք կարող չնշել հոգևոր կենտրոններից երկուսի՝ Մուսթաֆա մզկիթի և Ղպտի ուղղափառ եկեղեցու մասին: Այս երկու կառույցներն աչքի են ընկնում ճարտարապետական շքեղ լուծումներով, որոնք զբոսաշրջիկներին հիացմունք են ներչնշում թե ցերեկային, թե երեկոյան ժամերին:
 
 
 
 
Շարմ էլ Շեյխը քաղաք- առողջարան է, որ կառուցվել է ընդամենը 35 տարի առաջ: Իր ճարտարապետությամբ և կլիմայով այն տարբերվում է Եգիպտոսի այլ քաղաքներից և հիշեցնում է ավելի շուտ Եվրոպայի միջերկրածովյան առողջարաններ: 
Շարմ էլ Շեյխը թարգմանվում է որպես շեյխի ծովախորշ: Օսմանյան օկուպացիայի 
ժամանակաշրջանում քաղաքը կրում էր Օֆիրմա անունը. տարիներ անց լավ կլիմայի և տարածքային տեղակայման շնորհիվ քաղաքը սկսեց մեծ հանրաճանաչություն ձեռք բերել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների շրջանում: Ներկայումս Շարմ էլ Շեյխը լիիրավ արժանացել է Եգիպտոսի ամենաանվտանգ և հեղինակավոր հանգստավայրի կոչմանը: Այստեղ կարելի է հաղորդակցվել անգլերենով և ռուսերենով: 
 
Հ. Գ. Շարմ էլ Շեյխն այն վայրն է, որտեղ կարելի է իսկապես հանգստանալ, լիցքաթափվել և կրկին վերադառանալ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ANRIVA TOUR-ի ողջ անձնակազմին նման հնարավորություն ընձեռելու և հաճելի օրեր պարգևելու համար: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Լուսանկարները՝ «Նոյյան Տապան»-ի 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով