«Արիս» բարեգործական հիմնադրամը նոր կառավարության հետ համատեղ փորձում է լուծել Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի ոռոգման ջրի խնդիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Արիս» բարեգործական հիմնադրամը նոր կառավարության հետ համատեղ փորձում է լուծել Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի ոռոգման ջրի խնդիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-12-2018 17:34:03   | Հայաստան  |  Բարեգործություն



 
«Արիս» բարեգործական հիմնադրամը նոր կառավարության հետ համատեղ փորձում է լուծել Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերին ոռոգման ջուր հասցնելու խնդիրը: 
 
Ինչպես դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սյուզի Մարտիրոսյանը, 2017 թվականին Երուսաղեմի միաբան Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի կողմից ստեղծված հիմնադրամը բարեգործական գործունեություն է ծավալում հիմնականում Շիրակի մարզում: 
 
Ըստ նրա՝ մարզի ընտրությունը պայմանավորել են այն հանգամանքով, որ այնտեղ շատ են անապահով ընտանիքները, բարեգործները ոչ միշտ են ուշադրություն դարձնում մարզի խնդիրներին: 
 
«Մեր նպատակն է այնտեղ ապահովել ոռոգման ջուրը գյուղացիների համար, որպեսզի հողերը ոռոգեն, և դրանով կարողանանք կանխարգելել արտագաղթը՝ ապրեցնելով գյուղը: Անշուշտ, այդ ծրագիրը գերծրագիր է համարվում մեր հիմնադրամի համար»,- նշեց Ս. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նշյալ ծրագիրը ներկայացրել են նոր կառավարությանը՝ ի դեմս փոխվաչապետ  Տիգրան Ավինյանին, և այն այժմ գտնվում է  ուսումնասիրության փուլում: 
 
Ամփոփելով գործունեության մեկ տարին՝ «Արիս»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նաև տեղեկացրեց, որ հասցրել են այլ բարեգործական ծրագրերով հանդես գալ Շիրակի մարզում: Մասնավորապես, հիմնադրամի միջոցներով Մարալիկում հաշմանդամություն ունեցողներին սայլակներ են տրամադրել, Անիին (Արևմտյան Հայաստան) սահմանամերձ գյուղերում դեղորայք են բաժանել, գյուղացիների շրջանում անվճար բուժզննում իրականացրել, Բայանդուրի դպրոցին համակարգիչներ են նվիրել, ջեռուցմանը հարցը լուծել, սանհագույցը վերանորոգել, Մայիսյանում՝ մանկապարտեզում, Մարմաշենում՝ մշակույթի տանը տեղադրել են արևային համակարգ՝ այդպիսով լուծելով այդ  կառույցների ջեռուցման հարցը: 
 
Ս. Մարտիրոսյանի խոսքերով՝ վերոնշյալ բոլոր ծրագրերն իրականացրել են հիմնադրամի տնտեսած միջոցներով, քանի որ չունեն հովանավորներ, սակայն հույս ունեն, որ կգտվեն մարդիկ, ովքեր կցանկանան իրենց աջակցությունը ցուցաբերել այդ համայնքներին: 
 
Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն իր հերթին առանձնացրեց հոկտոմբերից մեկնարկած և մի քանի օր առաջ ավարտված մկրտությունների շարքը: 
 
Նրա փոխանցմամբ՝ բարեգործական ծրագրեր իրականացնելիս շատ պատահականորեն հայտնաբերել են, որ Շիրակի մարզի գյուղերում մեծ թվով բնակիչներ կան, ովքեր մկրտված չեն և ցանկություն են հայտնել, որպեսզի մկրտվեն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և տեղի քահանաների կողմից: 
 
«Չծրագրված, բայց հայտնաբերված այս խորհուրդի անհրաժեշտությունը մեջտեղ եկավ, և անցնող երկու ամիսների ընթացքում կարելի է ասել՝ 500 և ավելի քաղաքացիներ այդ գյուղերում և 306 մարդ այստեղ՝ Երևանում մկրտեցինք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմնադրամի կողմից մկրտվածներին են նվիրել արծաթյա խաչեր, մկրտության սրբիչներ և  վկայականներ: 
 
Վալերի Բրույսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հասարակագիտական փիլիսոփայության և պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր
 
Բագրատ Ղարիբջանյանն էլ անդրադառնալով 84-ամյա Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի կերպարին թե որպես հոգևորական, թե որպես բարեգործ՝ նշեց. 
«Արիս Շիրվանյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմ՝ Իսրայել), Հովհաննես և Լուսաբեր Շիրվանյանների ընտանիքում:
 
Սովորել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, այնուհետև` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում: 1952-1957 թվականներին ընդունվել և սովորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց ժառանգավորաց վարժարանում, դարձել Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ:
 
1954 թվականին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ այն ժամանակ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի, 1957 թվականին՝ կուսակրոն քահանա` ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի և ստացել Արիս անունը: Ձեռնադրվելուց հետո մեկ տարով ծառայության է նշանակվել Երուսաղեմում, եղել Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս` միաժամանակ դառնալով Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի գավազանակիրը:
 
1958 թվականին եղել է Ամմանի (Հորդանան) Սուրբ Թադեոս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, միաժամանակ՝ Հեթումյան հայկական դպրոցի տնօրեն: Այնուհետև կրթությունը շարունակել է Դարեմի համալսարանի (Անգլիա) աստվածաբանական ֆակուլտետում՝ 1964 թվականին ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան: Համալսարանն ավարտելուց հետո Վազգեն Առաջին կաթողիկոսի հրավերով առաջին անգամ այցելել է Հայաստան ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այդ ընթացքում Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից ստացել է վարդապետության աստիճան: 1964-1966 թթ. ուսումը շարունակել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:
 
1966 թվականին Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանի կողմից ծառայության է հրավիրվել Լոս Անջելեսի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի: Հայր Արիսի ջանքերով 1970 թվականին ծխի համար կառուցվել և օծվել է մի սրբատեղի: 1972 թվականին Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, ապա Վազգեն Առաջին կաթողիկոսի հրավերով վերադարձել Հայաստան, երկու տարի դասախոսել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Կանադայում եղել է փոխանորդ: Այդ ժամանակաշրջանում նա զգալի աշխատանք է տանում Կանադայի Հայոց թեմի ստեղծման ուղղությամբ, նոր ծխեր է հիմնում Համիլտոնումև Օտտավայում, Տորոնտոյում հիմնել է առաջին հայկական Սուրբ Խաչ տարրական դպրոցը:
 
Սան Ֆրանցիսկոյում գտնվելու տարիներին մեծ դերակատարություն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի «Mount Davidson» Խաչը ձեռք բերելու գործում, որի գնումից հետո այն նվիրել է 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Արիս սրբազանը նախագահել է Հյուսիսային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների խորհուրդը, որը հայկական ոչ շահութաբեր 24 գործակալություններ է ներկայացնում: Ժողովի ժամանակ սրբազանին հաջողվել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքացիների քվեարկության միջոցով ձեռք բերել այն հողատարածքը, որտեղ պետք է կառուցվեր խաչը: Արևմտյան թեմում երկու անգամ գտնվելու ընթացքում էլ Արիս սրբազանը եղել է թեմական խորհրդի և թեմական մի քանի հանձնաժողովների (ամառային ճամբար և այլ հանձնաժողովներ) անդամ և նախագահ:
 
1979-1980 թթ. Վազգեն Ա կաթողիկոսի կողմից որպես Հայրապետական Պատվիրակ ծառայության է ուղարկվել Հնդկաստան, որտեղ եղել է Կալկաթայի հայկական վարժարանի տեսուչ: Այնուհետև որպես այցելու հովիվ ծառայել է Շվեդիայի և Գերմանիայի հայ հավատացյալներին»:
 
Բագրատ Ղարիբջանյանի բնութագրմամբ՝ «Արիս Շիրվանյանը» հայ եկեղեցու անձնանվեր ծառայող է, ով յուրօրինակ դեմք ու դիմագիծ է հաղորդում մեր հոգևոր մշակույթին: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play