Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման գործով 7 անձ ներկայացել է ոստիկանություն.«ՀԺ»
09-01-2019 15:15:12 | Հայաստան | Մամուլի սրահ
Երեկ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով այսօր մի քանի անձինք են բերման ենթարկվել ոստիկանություն:
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր միջադեպի մասնակիցներից եւս 7 հոգի ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից նրանք ներկայացվել են Ռազմական ոստիկանություն:
Նշենք, որ երեկ ոստիկանություն ինքնակամ ներկայացել էր նորակոչիկներից մեկի հարազատը՝ Գոռ Հակոբյանը:
Դեպքի առթիվ երեկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով (Խուլիգանություն): Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: «Նկարում են, մի արեք», - հայտարարում էին ավտոբուսը կանգնեցրած տղաները:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ՊՆ-ն դատապարտում է միջադեպը: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն էլ հայտնել էր, որ հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ոստիկանությունն էլ իր հերթին պարզաբանել էր, որ Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь