Պաշտպանը նոր առաջարկներ է ներկայացրել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու քրեականացման վերաբերյալ․ նախագիծը տեղադրված է e-draft.am-ում


Պաշտպանը նոր առաջարկներ է ներկայացրել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու քրեականացման վերաբերյալ․ նախագիծը տեղադրված է e-draft.am-ում

  • 29-01-2019 18:45:43   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է առաջարկներ Արդարադատության նախարարության կողմից մշակված և Պաշտպանին կարծիքի ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը:
Դրանից բացի, իրականացվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրների ամբողջական վերլուծություն: Այդ վերլուծությունների արդյունքներով Պաշտպանը ներկայացրել է նոր առաջարկներ, որոնք կոչված են  պաշտպանելու փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտներից: 
 
Նախագծի կարգավորումների հետ միաժամանակ առաջարկվել է նաև`
ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով.
Վերոնշյալ հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
Մարդու իրավունքների պաշտպանի համար այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:
 
 
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ դեռևս 2017 թվականին Պաշտպանի կողմից մշակվել և իրավապաշտպան կազմակերպություններին կարծիքի է ներկայացվել համապատասխան նախագիծ, որը տեղադրվել է նաև «www.e-draft.am» կայքում. https://www.e-draft.am/projects/1478 
Նախագիծն ու հիմնավորումները ներկայացվել են Ազգային ժողովին և Կառավարությանը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք