ՄԻՊ-ը նախաձեռնել է հատուկ քննարկում քրեակատարողական հիմնարկների բժիշկների համար


ՄԻՊ-ը նախաձեռնել է հատուկ քննարկում քրեակատարողական հիմնարկների բժիշկների համար

  • 01-02-2019 10:34:47   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար:
Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների բացթողումները:
«Առաջնահերթ նշանակության հարց է քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների արժանապատիվ սոցիալական երաշխիքների, նրանց պարբերական վերապատրաստումների համակարգի ներդրումը: Առաջնահերթ է նաև բժիշկների անկախության ապահովումը և ազատությունից զրկված անձանց հետ շփումներում բժիշկ-պացիենտ վստահության վրա հիմնված հարաբերությունների երաշխավորումը»,- նշել է Արման Թաթոյանը:
 
Առաջիկա օրերի ընթացքում անցկացվող քննարկումների ու դասընթացների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները կներկայացնեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Կքննարկվեն հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ:  
Նշենք, որ դասընթաց-քննարկումը կազմակերպվել է «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի (OPCAT) շրջանակում։
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք