Իրանում փարատվել են կասկածները Հայաստանի նոր կառավարության հանդեպ


Իրանում փարատվել են կասկածները Հայաստանի նոր կառավարության հանդեպ

  • 05-02-2019 10:58:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը
 
 Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայտարարեց, որ փետրվարի 27-ին այցելելու է Իրան։ Շատերը նշում են, որ այդ այցն անգամ ուշացած է՝ հաշվի առնելով երկու երկրների ջերմ հարաբերությունները։ Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այս հայտարարությունը և ինչո՞ւ էր այցն այսքան ժամանակ ձգձգվում
 
Իրոք, այդ այցը շատ ձգձգվեց։ Դեռևս նախորդ տարվա օգոստոսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը մոտակա ժամանակներս պետք է այցելի Իրան, բայց այդ այցը անհայտ պատճառներով ձգձգվում էր։ Հիմա կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունից և վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին այցերից մեկը հենց Իրան է կատարում։ Սա շատ կարևոր է, հատկապես վերջին ժամանակներս Եվրոպայի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո։
 
Ի՞նչ կարելի է ակնկալել այս այցից։ Տնտեսական հարթության մեջ ինչպիսի՞ հարցեր կլինեն օրակարգում։
 
Դեռ պարզ չէ, թե ինչ հարցեր կլինեն օրակարգում, բայց հիմնականում կքննարկվեն տնտեսական, ինչպես նաև էներգետիկ և քաղաքական հարցեր։
 
Նախկինում էլ, Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ այցեր կատարվեցին Իրան, խոստումներ եղան, ընդհուպ մինչև Թուրքմենստանից գազ ձեռք բերելու հետ կապված, որոնք բոլորը օդում մնացին։ Հիմա դրանցից որևէ ծրագիր կյանքի կկոչվի՞։
 
Չեմ կարծում՝ մոտ ապագայում գազի հետ կապված համաձայնագիր կնքվի։ Կարծես թե ոչ մեր պատճառով, բայց այդ հարցը չի լուծվում։ Երկար ժամանակ խոսվում էր սվոփային պայմանագրի մասին, բայց չգիտենք՝ Իրանի, թե Թուրքմենստանի պատճառով այդ ծրագիրը կյանքի չի կոչվում։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ վերջին տարիներին Իրանի ուշադրությունը ավելի շատ Մերձավոր Արևելքին է ուղղված, և Հայաստանն ու Հարավային Կովկասն՝ ընդհանրապես, հետին պլան են մղվել։ Համենայն դեպս, Հայաստանի հետ վերջին տարիներին ռազմավարական ծրագրեր չեն իրականացնում։
 
Ստացվում է, որ Հայաստա՞նն էլ բավարար ջանք չի գործադրում տնտեսական հարթությունում հարաբերությունները խորացնելու, բացառությամբ Մեղրիի ազատ տնտեսական գոտուց։
 
Մեղրիի դեպքում էլ որևէ տեղաշարժ չկա, այդ ամենը մնացել է թղթի վրա։ Իրականում այնտեղ որևէ բան չի գործում, այնպես որ ազատ տնտեսական գոտին էլ չի աշխատում։ Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց ներդրումներ չկան։
 
Մինչ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, Սոչիում կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  նախագահները եւ քննարկելու են Սիրային առնչվող հարցեր։ Հնարավո՞ր է այլ խնդիրներ նույնպես ընդգրկվեն այս օրակարգում։
 
Ո՛չ, Սոչիում բացառապես Սիրիայի հարցով է քննարկում լինելու, և ընդհանրապես այս երեք երկրները միայն Սիրիայի հարցում են հաջող համագործակցում, ուրիշ այլ հարցերում տարաձայնություններ ունեն։
 
Տեսակետ կա, որ այս այցին ակնկալվող շարունակություն պետք է լինի՝ ներառելով Հայաստանի հետ հարաբերությունն ու ընդգրկման լայն ներուժը՝ սկզբի համար թեկուզ առնվազն Հայաստան-Վրաստան-Իրան շրջանակում։
 
Վերջին  ժամանակահատվածում Հայաստանի տրանսպորտի նախարարը մի քանի հանդիպումներ է ունեցել Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի տրանսպորտի նախարարների հետ՝ Սև ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրջանակներում։ Հուսով եմ, առաջիկա տարիներին գոնե այս նախագիծը կյանքի կկոչվի:
 
Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ նոր կառավարությունը դանդաղեց Իրանի հետ հարաբերությունների խորացման հարցում։
 
Այստեղ բացեր նկատում եմ, բայց խնդիրն այնքան էլ մեր մեջ չէ։ Պետք է ասել, որ սկզբնական շրջանում Իրանում այնքան էլ չէին վստահում Փաշինյանին, մտածում էին՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը Արևմուտքի կողմից հովանավորված նախաձեռնություն է, որը կարող է վատթարացնել Իրանի հետ հարաբերությունները։ Հիմա այդ կասկածները փարատվել են, բայց մեծ հաշվով երկու երկրների հարաբերությունները շարունակում են դոփել տեղում և որևէ լուրջ ռազմավարական ծրագրեր չկան: Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը նորմալ, լուրջ ծրագրերով կժամանի Իրան և այնտեղ, բացի բաժակաճառային հայտարարություններից, նաև լուրջ հարցեր կքննարկեն։
 
Մասնավորապես որո՞նք կառանձնացնեիք։
 
Մասնավորապես էներգետիկ հարցեր կքննարկվեն։ Հնարավոր է գազի մատակարարման ծավալները մեծացվեն։ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման համար կարծես թե իրանցի ներդրողներ էին ցանկություն հայտնել ներդրումներ կատարել և կառուցել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հատվածը, պետք է փորձել իրանական ներդրումներ բերել Մեղրիի ազատ տնտեսական գոտի և այլն։
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ